Հայաստանում գոյություն ունեցող դատաիրավական համակարգը հերթական անգամ ապացուցեց իր սնանկությունը` վերստին հաստատելով հասարակության շրջանում արմատացած այն կարծիքը, որ Հայաստանի դատարաններում կատարվում են բացառապես պետական պատվերներ, այլ ոչ արդարադատություն: Բոլորն էլ հիշում են, որ պաշտոնական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը որեւէ ցուցմունք չտվեց ողջ քննության ընթացքում, դատարանում էլ հայտարարեց, որ ասելիք չունի: Արդյունքում դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, ինչպես պահանջել էր դատախազը: Իսկ նույն հոդվածով 160 մլն դրամի չարաշահումների մեջ մեղադրվող ՀՀ ճանապարհային նախկին ոստիկանապետ Մարգար Օհանյանը հայտարարեց, որ իրեն հետապնդել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ու հավանաբար դրա համար էլ կստանա կրկնակի պատիժ: Մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը երեկ Օհանյանի համար 8 տարվա ազատազրկում է պահանջել: Ստացվում է, որ Թամամյանը, լինելով «գործեր սարքելու» ակունքներում կանգնած մարդ, ավելի լավ գիտեր գործող ռեժիմի «նրբությունները», դրա համար էլ լռեց: Իսկ Օհանյանը պաշտպանվեց` արժանանալով ավելի դաժան վերաբերմունքի:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ