«Տեխնիկական միջոցներ հնարավոր է լինում տեղադրել սահմանային առաջին գծի այն հատվածներում, որտեղ դիրքերը միմյանցից հեռու են…Այսօր փորձարկումների փուլում են սահմանային անվտանգության հայրենական սարքեր»:
Սեյրան Օհանյան «Ազատություն»
Իհարկե, նման միջոցառումներ ձեռնարկելը ողջունելի է եւ անհրաժեշտություն: Սակայն այդ մասին դեռ շատ վաղուց պետք էր մտահոգվել եւ ամեն գնով նման հարցերը պետք է արդեն լուծված լինեին, որպեսզի ադրբեջանական դիվերսանտները ներթափանցելու հնարավորություն չունենային եւ 12 օր չմնային Հայաստանի տարածքում: Ցավոք սրտի, շատ դեպքերում սկսում են գործել արդեն փաստի առաջ կանգնելուց հետո միայն, այնինչ անհրաժեշտ է ի սկզբանե զգոն լինել եւ կանխատեսել բոլոր հնարավոր հետեւանքները: Հուսանք՝ մեր ուժայինները կկրկնապատկեն իրենց զգոնությունը եւ այսուհետ դիվերսիոն փորձերը կձախողվեն:
«Մենք ոչ թե հրաժարվում ենք եվրոպականից, պարզապես ռուսական բենզինի դեպքում գնային քաղաքականությունն ավելի շահավետ է… Այնպես որ, մենք զգալիորեն ավելացրել ենք Ռուսաստանից նավթամթերքի ներմուծումը»:
Բարսեղ Բեգլարյան News.am
Դե իհարկե, ամենաշատը հենց Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխը պետք է ողջունի Եվրասիական տնտեսական միություն մտնելու Ս. Սարգսյանի որոշումը: Ու որպեսզի ամեն ինչ բնական լինի, նա պետք է խոսի բիզնեսմենի դիրքերից, որն առավել շահավետ կաշխատի ԵՏՄ-ին միանալու պայմաններում: Այս դեպքում հնարավոր կլինի առավել հավատընծա ելույթներ ունենալ: Իսկ իրականում բոլորս էլ հասկանում ենք, որ ԵՏՄ-ին անդամագրվելով մեր երկրում դրական դինամիկան դժվար է պատկերացնել: Ի վերջո շատ ապրանքատեսակներ ունենալու են խայտառակ բարձր մաքսադրույքներ: Այնպես որ՝ վաղ է ոգեւորություն ցուցաբերել:
«Իմ աշխատանքը եկեղեցիներ կառուցելն է, մարդկանց օգնելն է, աշխատատեղեր ստեղծելն է»:
Վարդան Ղուկասյան 1in.am
Գյումրիի նախկին քաղաքապետը մոռացավ ամենակարեւոր բանը նշել՝ քրեական կյանքը: Իր աշխատանքը նաեւ իր եւ իր բարեկամների՝ կրիմինալի հետ առնչություններ ունենալն է, տարբեր քրեական պատմությունների ու սկանդալների հետ կապված լինելը: Եվ այս ամենն իսկապես ուղեկցվում է եկեղեցիներ կառուցելով, մարդկանց օգնելով ու աշխատատեղեր ստեղծելով: Դա ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում վաղուց կիրառվող պրակտիկա է՝ հանցագործ աշխարհի հետ կապ ունեցողները, ժողովրդին թալանող օլիգարխները նույն ժողովրդի մի այլ՝ ավելի փոքր հատվածին օգնել են, բարեգործություններ արել:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ