«ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶ»-ԻՆ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության երեկվա որոշմամբ՝ Երեւանի Ծարավ Աղբյուրի փողոցի 55ա հասցեում գտնվող տարածքը հանձնվել է Երեւանի քաղաքապետարանին, որտեղ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախաձեռնությամբ կկառուցվեն քաղաքային պուրակ եւ նախակրթարան: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանի հետ:

-Ինչո՞ւ որոշվեց այդ տարածքում նախակրթարան եւ քաղաքային պուրակ ստեղծել:

-Դա ներքին զորքերի նախկին շենքն է, նրանք արդեն տեղափոխվել են եւ այդ տարածքն ազատվել էր: Ես էլ խնդրանքով դիմել էի հանրապետության նախագահին, քանի որ մենք այստեղ ունենք բավականին մեծ թվով երիտասարդ ընտանիքների կոնցետրացիա: Եվ մոտավորապես 1000 բնակարան այս պահին հանձնված ունենք այդ տարածքում: Դրան մոտ որեւէ կրթական օջախ չկա, հետեւաբար երիտասարդ ընտանիքներին առաջնահերթ դա է հուզում: Այս հարցով ինձ դիմել են բազմաթիվ բնակիչներ, շահառուներ՝ խնդրանքով, որպեսզի հարցը պատկան մարմինների առջեւ բարձրացնեմ: Բարեբախտաբար, արձագանքը շատ չի ուշացել: Ահա տեսնում եք կառավարության համապատասխան որոշումը:

-Ի՞նչ միջոցներով է կառուցվելու այդ նախակրթարանն ու քաղաքային պուրակը:

-Հիմա մենք Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ փնտրում ենք համապատասխան արտաբյուջետային միջոցներ, որոնց միջոցով հնարավոր կլինի մի կողմից՝ ձեւավորել քաղաքային պուրակը, մյուս կողմից՝ նախակրթարանը: Կոնկրետ այս պահին ֆինանսական միջոցների մասին ավելի բան ասել չեմ կարող:

-Ծարավ Աղբյուրի 55 հասցեում կառուցված շենքերի շինաշխատանքներն իրականացրել է «Գլենդել հիլզ» ընկերությունը: Ընթացքում մի շարք թերություններ առաջ եկան, ինչի պատճառով էլ շենքն իրական ժամկետից ավելի ուշ շահագործման հանձնվեց: Իսկ այս դեպքում, ո՞ր շինարարական ընկերությունն է իրականացնելու նախակրթարանի եւ քաղաքային պուրակի շինաշխատանքները:

-Այ, այդ մի բանը վստահ կարող եմ ասել, որ «Գլենդել հիլզ»-ը չի անելու: Նախկինում առաջացան այդ խնդիրները, ինչից հետո մենք վերանայել ենք մեր մոտեցումները հիշյալ կազմակերպության հետ համագործակցության առումով: Հիմա մենք համագործակցում ենք ոչ մեկ, այլեւ մեկից ավելի ընկերությունների հետ, որն էլ, բնականաբար, բերում է մրցակցություն ընկերությունների միջեւ եւ որակը բարձր է լինում:

-Ե՞րբ է նախատեսված սկսել եւ ավարտին հասցնել նախակրթարանի եւ պուրակի կառուցման շինաշխատանքները:

-2015 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, երբ մենք շահագործման ենք հանձնելու Ավան 4 համալիրը, դրա հետ մեկտեղ, կարծում եմ, կհանձնենք նաեւ նախակրթարանն ու քաղաքային նշանակության պուրակը:

 

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս