Դիլիջանի բնակիչ, 1981թ. ծնված Արթուր Ալոյանը 2013թ. դեկտեմբերի 24-ին Դիլիջանի Մյասնիկյան փողոցում գտնվող «Ակբա կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ Դիլիջանի մասնաճյուղի դիմացի ճանապարհին ականատես է եղել Նավասարդ Աբգարյանի եւ Արտավազդ Թամրազյանի միջեւ վիճաբանությունը եւ նկատել է, որ Ն. Աբգարյանն իր ավտոմեքենայից կրակել է այդ պահին ավտոմեքենայի ձախ կողմում գտնվող Ա. Թամրազյանի վրա ու ատրճանակը ձեռքին իջել է ավտոմեքենայից: Այնուհետեւ Ալոյանը նստելով իր «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան, դանդաղ վարել է Մյասնիկյան փողոցով դեպի վերեւ: Այդ ընթացքում Ն. Աբգարյանը մոտենալով՝ նստել է նրա «Պորշ Կայեն» ավտոմեքենան ու ատրճանակը թողնելով ավտոմեքենայի հետեւի աջ նստատեղին, հեռացել է:
Ա. Ալոյանն առանձնապես ծանր հանցագործության գործիքի՝ «Նագան» տեսակի ատրճանակի նախապես չխոստացված պարտակման դիտավորությամբ ավտոմեքենայով գնացել է Դիլիջանի կենտրոն եւ դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա թաքցրել ատրճանակը:
Նշենք, որ 2013թ. դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած հրաձգության հետեւանքով ստացած ծանր վնասվածքներից դիլիջանցի գործարար Արմեն Աբգարյանի եղբորորդին՝ 33-ամյա Նավասարդ Աբգարյանը, եւ Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի որդին՝ 34-ամյա Արտավազդ Թամրազյանը, հիվանդանոցում մահացել էին:
Եվ ահա դեպքից մոտ մեկ տարի անց՝ 2014թ. հունվարի 9-ին, Ա. Ալոյանը զանգահարելով ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Արթուր Եգանյանին, հայտնել էր թաքցված ատրճանակի տեղը: Նա նաեւ միջնորդել էր դատարանին՝ այս քրեական գործով անցկացնել արագացված դատաքննություն: Դատավորը բավարարել էր միջնորդությունը:
Եվ ահա օրերս՝ 2014թ. հուլիսի 18-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը վճռել է Ա. Ալոյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 334 հոդվածի 1-ին մասով (Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելը՝ հանցանք կատարած անձի, ինչպես նաեւ հանցագործության կատարման գործիքների ու միջոցների, հանցագործության հետքերի կամ հանցավոր ճանապարհով ձեռքբերված առարկաների նախապես չխոստացված պարտակումը) եւ նրան դատապարտել տուգանքի 500 հազար դրամի չափով:
Նկատի ունենալով, որ Ա. Ալոյանը 2014թ. հունվարի 15-ից գտնվում է կալանքի տակ, դատարանը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգով նշանակված պատիժը մեղմացնել եւ վերջնական պատիժ նշանակել 300 հազար դրամի չափով տուգանք: Որպես մեղմացուցիչ հանգամանք, դատավորը նշել է, որ Ալոյանը խոստովանել է իր մեղքը, անկեղծորեն զղջում է կատարածի համար եւ նախկինում էլ հանցանք չի կատարել: Բացի այդ՝ աջակցել է հանցագործության բացահայտմանը՝ հայտնելով ատրճանակի տեղը ու նաեւ 6 ամսից ավելի գտնվել է կալանքի տակ:
Այսպիսով, հանցագործության գործիքի տեղն իմանալ չհայտնելու, պարտակելու արարքի համար նա պատժվեց ընդամենը տուգանքով:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ