ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ունեմ վարկային պատմություն եւ աշխատանք: Բոլոր վճարումները պարտաճանաչ կատարում եմ: Խնդրում եմ ասեք, եթե հիմա դիմեմ բանկ ինձ կտրամադրե՞ն վարկ՝ մոտ 700.000 ՀՀ դրամի չափով:

Արսեն Հակոբյան (37 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Վարկային պայմանագիրը չի հանդիսանում հրապարակային պայմանագիր, հետեւաբար վարկատուն (բանկ, վարկային կազմակերպություն, գրավատուն) ինքն է ազատորեն որոշում ում հետ կնքել վարկային պայմանագիր, ում հետ՝ ոչ: Այսինքն՝ վարկատուն, գնահատելով ձեր վարկունակությունը՝ վարկը մարելու ունակությունը, ինքն է որոշում ձեզ հետ կնքել վարկային պայմանագիր, թե ոչ: Վարկային պայմանագրով որպես վարկ տրամադրվող դրամական միջոցների չափի վերաբերյալ վարկատուն եւ վարկառուն համաձայնության են գալիս վարկային պայմանագրով: Իսկ ձեր կողմից մատնանշված հանգամանքների վերաբերյալ կարող ենք նշել, որ դրանք հանդիսանում են լրացուցիչ չափանիշներ ձեր վարկունակությունը գնահատելու հարցում:
Ֆինանսական համակարգի հաշտարարի
գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հենց նման մեթոդներին դիմելու արդյունքում էլ մեր հայրենակիցներն հայտնվում են բանկային բարձր տոկոսների եւ ավելորդ մուծումների շրջապտույտում: Ամեն դեպքում, կարծում ենք, որ անգամ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում էլ չարժե մի վարկը լիարժեք չմարած, մտնել մյուս վարկի ծանր բեռի տակ:

 

 
ՀԱՐՑ. Ուզում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում ապրանքի մասին տեղեկատվություն: Շատ եմ կարդում, բայց չգիտեմ, թե դա ինչ է:

Երանուհի Կարապետյան (62 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Արտադրողը պարտավոր է սպառողին ժամանակին տրամադրել ապրանքների վերաբերյալ անհրաժեշտ ստույգ տեղեկատվություն, որն ապահովում է ճիշտ ընտրության հնարավորությունը: Տեղեկատվությունը պետք է պարունակի ապրանքների հիմնական սպառողական հատկությունները, իսկ սննդամթերքի համար` տեղեկություններ բաղադրության, կշռի եւ ծավալի, կալորիականության, դրանցում նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջներով կանոնակարգվող առողջության համար վտանգավոր նյութերի պարունակության մասին, ինչպես նաեւ հիվանդությունների առանձին տեսակների դեպքում կիրառման հակացուցումներ, ապրանքների գինը եւ ձեռքբերման պայմանները, երաշխիքային ժամկետը, ապրանքների արդյունավետ եւ անվտանգ օգտագործման կանոնները եւ պայմանները, ապրանքների սահմանված ծառայության կամ պիտանիության ժամկետը, ինչպես նաեւ նշված ժամկետների ավարտից հետո սպառողի անհրաժեշտ գործողությունների եւ այդպիսի գործողությունների չկատարման դեպքում` հնարավոր հետեւանքների մասին տեղեկությունների, եթե ապրանքները նշված ժամկետների ավարտից հետո վտանգ են կայացնում սպառողի կյանքին, առողջությանը եւ գույքին կամ իր նշանակությամբ օգտագործման համար դառնում են ոչ պիտանի եւ վերջապես արտադրողի (կատարողի, վաճառողի) գտնվելու վայրը, այն կազմակերպության գտնվելու վայրը, որը լիազորված է արտադրողի կողմից սպառողներից բողոքներ ընդունելու եւ ապրանքը նորոգելու եւ տեխնիկական սպասարկում իրականացնելու համար:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության շուկայի
վերահսկողության պետական տեսչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անշուշտ, արժեր իմանալ, թե ինչ է նշանակում ապրանքի մասին տեղեկությունը: Մնում է՝ տեղեկատվության պատասխանատուներն այն անեն պատշաճ եւ ժամանակին, որպեսզի սպառողն իրեն խաբված չզգա: Հիշեցնենք, որ ապրանքի որակի, մակնշումների եւ այլ խախտումների մասով սպառողն իրավունք ունի պահանջել վերադարձնել այն:




Լրահոս