ԲՈԼՈՐԸ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ԵՆ ԼՈՒՍԱՆՑՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սէֆիլյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ իր կարծիքով` Հայ ազգային կոնգրեսը մեծամասնականով ընտրվող թեկնածուներ չի ունենալու, քանի որ իշխանությունը չի թույլատրելու: Իսկ համամասնականի դեպքում էլ ընդդիմությունը պետք է խնդրի, որպեսզի իշխանությունն իրենց Ազգային Ժողովում տեղ տա:
-Պարո՛ն Սէֆիլյան, Դուք հայտարարեցիք, որ չեք մասնակցելու ԱԺ առաջիկա ընտրություններին, ի՞նչ եք կարծում, այդ կերպ չե՞ք հայտնվի քաղաքական լուսանցքում:
-Ես կարծում եմ, որ այսօրվա քաղաքական դաշտն ամբողջությամբ արդեն հայտնվել է լուսանցքում, իսկ այն թատրոնը, որին դուք ականատես եք լինում` իբր ինչ-որ քաղաքական պրոցեսներ են գնում, մեր ժողովրդին արդեն երկար տարիներ է` չի հետաքրքրում: Ուղղակի ոչ ուշ ապագայում ամեն ինչ իր տեղը կընկնի: Վստահ եմ, որ  բացի մի քանի անկեղծ գործիչներից, որոնք այսօր մասնակցում են կամ փորձում են մասնակցել այդ թատրոնին, մնացած բոլորը հայտնվելու են լուսանցքում: Մեր երկրի այս վիճակից դուրս գալու լուծումը, այս համակարգին վերջը դնելու լուծումը իրենց ստեղծած քաղաքական դաշտում չէ, լուծումն այլընտրանքային դաշտում է, որն այսօր օր օրի ձեւավորվում է:
-Այսինքն` Դուք այդ այլընտրանքային դաշտո՞ւմ եք:
-Անշուշտ:
-Մինչ իշխանությունն ու ընդդիմությունը զբաղված են խորհրդարանական ընտրությունների մրցավազքով, երկրում հերթական անգամ լարվում է սոցիալական վիճակը` թանկանում է բենզինը, սննդամթերքը, բացի այդ, խոսք կա Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիային ԵՄ-ով փոխարինելու մասին: Այս իրավիճակին ի՞նչ գնահատական կտաք:
-Ես կարծում եմ` ներքին թանկացումներն առհասարակ կապ չունեն դրսի հետ, այսինքն` այդ ամբողջը պետք է կապել նախընտրական ժամանակաշրջանի հետ: Նրանց շատ փող է պետք, չեն ուզում իրենց գրպանից շատ ծախսել, իսկ որտեղի՞ց պետք է դա հավաքեն, խնդրեմ` թանկացնում են ամենօրյա սպառողական կարեւորագույն ապրանքները: Իսկ ինչ վերաբերում է Մինսկի խմբի փոփոխությանը, այսօր Հայաստանում որեւէ մեկն այդ պրոցեսին չի հետեւում` ներառյալ վարչախումբը: Մինչդեռ շատ վտանգավոր օրեր ենք ապրում, որովհետեւ իսկապես ռեգիոնը եռում է:
-Ծանոթացե՞լ եք կուսակցությունների ներկայացրած ցուցակներին, ի՞նչ եք կարծում, ապագայում ինչպիսի՞ խորհրդարան ենք ունենալու:
-Հնարավորինս ծանոթացել եմ: 2007թ. խորհրդարանից մեծ հաշվով տարբերություն չի լինելու, ուղղակի այս անգամ ԱԺ-ն շատ ավելի վերահսկելի է լինելու: Եթե այսօր մի քանի հոգի կա այնտեղ, որոնք փորձում են ինքնուրույն խոսել, նրանց  ձայնն էլ հավանաբար առաջիկայում չի լինի, կամ եթե լինի էլ` ընդամենը մի քանի հոգին խնդիր չեն լուծելու: Ես ենթադրում եմ, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած խմբակը թե՛ համամասնականով եւ թե՛ մեծամասնականով միասին երկու երրորդը պետք է նվաճեն, դա արդեն նախօրոք որոշված է, դա քվեարկության հետ կապ չունի: Այս ամենի լուծումն այլընտրանքային ընտրություններ կազմակերպելու եւ այլընտրանքային իշխանություններ ձեւավորելու մեջ է: Այս ապօրինի վարչախմբին զուգահեռ պետք է ձեւավորել օրինական իշխանություն եւ վերջ դնել այս կեղեքող համակարգին:
-Պարո՛ն Սէֆիլյան, Հայ ազգային կոնգրեսը ե՛ւ մեծամասնականով, ե՛ւ համամասնականով թեկնածուների բավականին մեծ ցանկ է ներկայացրել, ըստ Ձեզ` ՀԱԿ-ը քանի՞ պատգամավոր է ունենալու ԱԺ-ում:
-Կարծում եմ` մեծամասնականով ընդդիմության ներկայացուցիչներին որեւէ տեղ չեն թողնելու, դա պրինցիպի խնդիր է, դա իրենց է պատկանում, էլի: Ընտրությանն իրենք ասում են` դուք փորձեք համամասնականով տոկոսներ հավաքել, մենք կորոշենք` ձեզ ինչքան կտանք, նայած` ինչքան կխնդրեք մեզ: Այսինքն` խնդրողի դերում պետք է լինեն:
-Իսկ ինչո՞ւ Դուք դուրս եկաք Կոնգրեսից, կարող էիք նրանց հետ պայքարել խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
-Ես արդեն հստակ հայտարարություն արել եմ իմ դուրս գալու մասին: Ես երկար ժամանակ է` նրանց հետ գործ չունեմ, ես առհասարակ փորձել եմ կանգնել ժողովրդավարության շարժման կողքին, մեր ժողովրդի կողքին: Փորձել եմ պարոն Տեր-Պետրոսյանին ինչ-որ խորհուրդներ տալ, սակայն այդ ամբողջը տեւել է ամիսներ, ամիսներ հետո ես հասկացել եմ, որ իմաստ չունի, եւ իմ գործին եմ լծվել:
-Իսկ ո՞րն է այդ գործը:
-Մենք նախապատրաստվում ենք այլընտրանքային ընտրությունների, որի մասին շուտով մանրամասներ կիմանաք. խաղի կանոններից դուրս ձեւավորվելիք իշխանության պրոցեսի սկիզբն է դրվելու:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս