Հովհաննես Մանուկյանը ծանոթացել է սյունեցիների խնդիրներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն երկօրյա աշխատանքային այցով Սյունիքում էր:

Մարզային հանդիպումների առաջին օրը նախարարը Գորիսի քաղաքապետարանում  ընդունել է քաղաքացիներին: Մարդիկ ներկայացրել  են մի շարք խնդիրներ, որոնց լուծման վերաբերյալ նախարարը հանձնարարականներ է տվել  նախարարության աշխատակիցներին: Քաղաքացիների խնդիրները, բացի արդարադատության ոլորտին առնչվողներից, վերաբերել են նաև բնակտարածքների օգտագործմանը,  վարկերի ժամանակին մարմանը և ՀՀ արդարադատության նախարարության  լիազորություններից դուրս այլ հարցերի:  Ներկայացված մյուս բոլոր խնդիրները նախարար Հովհաննես Մանուկյանը քննարկել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ՝ փորձելով գտնել լուծման ուղիներ:

Նախարարի հաջորդ այցը ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ն էր, որտեղ, պայմաններին ծանոթանալուց հետո, նախարարը հանձնարարականներ է տվել հիմնարկի  պետին և այցելել Սյունիքի մարզի առաջնորդարան:

Հայր Մակարի հետ քննարկվել են մարզի հոգևոր առանձնահատկությունները: Սրբազանը նախարարին  տեղեկացրել է, որ մարզում նախընտրում են նոր եկեղեցիներ կառուցելու փոխարեն վերականգնել  չգործող վանքերն ու  եկեղեցիները: Առաջնորդարանում նախարարը պատմել է Գորիսի  բժշկական կենտրոնում ապաքինվող փոքրիկ Արսենի մոր նամակի մասին:  Նամակը նախարարն ստացել էր մարզ մեկնելուց առաջ, որտեղ ասվում էր, որ փոքրիկ Արսենն ունի հենաշարժական խնդիրներ և մայրը նշել էր, որ երեխան հեծանիվ է ուզում:  Սրբազանն առաջարկել է միասին այցելել հիվանդանոց:

Երեխաները  բարձր տրամադրությամբ են  դիմավորել հյուրերին: Հովհաննես Մանուկյանը  բոլորին մաղթել է շուտափույթ ապաքինում, իսկ  Սրբազանը օրհնել է փոքրիկներին:

Օգոստոսի 3-ին  Սյունիքի մարզպետարանում նախարարն ընդունել է մարզի  ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցներին և դատարանի ներկայացուցիչներին: Մանրամասն քննարկելով  աշխատակիցներին հուզող հարցերը՝ նախարարը  խոստացել է դրանք ուսումնասիրել:  Մարզային գործընկերները հիմնականում բողոքել են շենքային պայմաններից, գույքի և տեխնիկայի մաշվածությունից: Այս հարցերի շուրջ նախարարը առանձնազրույց է ունեցել մարզպետի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղում ուսումնասիրել խնդիրները և հնարավորինս  նպաստել լուծմանը:

Նախարարն ու մարզպետն այնուհետև ընդունել են քաղաքացիներին: Նրանց հիմնական խնդիրները վերաբերել են դատական վեճերին և իրավական այլ հարցերի: Ընդունելությանը հաջորդել է նախարարի և մարզպետի խորհրդակցությունը, որի ընթացքում երկուստեք հանձնարարականներ են տրվել մարզպետարանի և նախարարության աշխատակիցներին:

Կապանից նախարարը գնացել է Արծվանիկ համայնքի ծերերի «Արծվաբույն»
տուն-ինտերնատ:  Նախարարի այցն աշխուժություն է մտցրել ծերերի առօրյայում, ովքեր հյուրին մաղթել են երկարակեցություն և անփորձանք աշխատանք: Ծերերին հրաժեշտ տալուց հետո Հովհաննես Մանուկյանն այցելել է Ղարաբաղյան հակամարտության տարիներին պատերազմական գործողությունների ժամանակ զոհված, Արծվանիկ գյուղի բնակիչ, ազատամարտիկ Սոս Ղազարյանիտուն: Ազատամարտիկի մայրը իր մտահոգություններն է հայտնել սահմանի վերջին ժամանակների անհագիստ վիճակից և խնդրել նախարարին «լավ պահել մեր երկիրը»…

Սյունիքի մարզային այցի վերադարձի ճանապարհին նախարարն այցելել է Զ. Ա. Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոց, որտեղ մարզում ճանաչված արվեստագետ, ուսուցիչ Աշոտ Ավագյանի հետ ճաշել է և զրուցել մարզի արվեստասեր հասարակության նախասիրություններից և առանձնահատկություններից:  Աշոտ Ավագյանը ներկայացրել է  իր սաների  աշխատանքները՝ ափսոսելով, որ որոշակի տարիքի հասնելով երեխաները կամ դադարում են հաճախել արվեստանոց, կամ մեկնում են և չեն վերադառնում: Արվեստագետ-ուսուցչին նախարարը մաղթել է արժանի սերնդափոխություն: Լեռնահայաստան այցը այսքանով սահամանափակվել է:




Լրահոս