ՍԻՐՈ ՊԱՏՃԱՌՈՎ
Ըստ մեր տեղեկությունների` մարտի 26-ին երակները կտրելու միջոցով ինքնասպանության փորձ կատարած Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողուհին սիրո պատճառով է դիմել այդ քայլին: Նա այդ մասին կանխավ տեղեկացրել է իր սիրած տղային: Նաեւ այդ պատճառով է, որ նրա ընկերուհիները ժամանակին նկատել են, որ աղջիկն ուշանում է եւ ստիպել են զուգարանի դուռը կոտրել: Աղջկան անմիջապես տարել են բժշկական կենտրոն, եւ պարզվել է, որ նրա երակը չի վնասվել: Վիրակապվելուց հետո ուսանողուհին գնացել է տուն:
8 ՏԱՐԻ` ՄԱՐԳԱՐԻՆ
Երեկ Մարգար Օհանյանի գործով դատական նիստում մեղադրող Հարություն Հարությունյանը հանդես է եկել 2-ժամանոց մեղադրական ճառով: Նա նշել է, որ ամբաստանյալներ Մարգար Օհանյանը, Ստեփան Կարախանյանը, Սամվել Մախմուրյանը եւ Արա Լեւոնյանը մեղավոր են իրենց մեղսագրվող արարքի մեջ եւ պետք է համապատասխան պատիժ կրեն: Դատախազն առաջարկել է Կարախանյանին դատապարտել 6 տարվա ազատազրկման, Լեւոնյանին` 5 տարի վեց ամիս պայմանական ազատազրկման, Մախմուրյանին` 5 տարի ազատազրկման, սակայն պատիժը պայմանական չկիրառել եւ սահմանել փորձաշրջան: Մեղադրողը առաջարկել է Մարգար Օհանյանին դատապարտել 8 տարի ազատազրկման` գույքի կեսի բռնագրավմամբ: Այնուհետեւ անդրադարձել է նաեւ Օհանյանի այն հայտարարությանը, թե իր հանդեպ հետապնդումն իրականացվում է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ուղղորդմամբ: Ըստ դատախազի` այդ հայտարարությունն արժանահավատ չէ, ու եթե Մ. Օհանյանն այլ անձանց, այդ թվում` իր նախկին ղեկավարության կողմից կատարած հանցանքի վերաբերյալ փաստեր ունի, կարող է ցանկացած պահի ցուցմունք տալ: Դատական հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 17-ին:
ՕԲԱՄԱՅԻՆ «ՔԱՇԵՑԻՆ»
Սեուլում միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակում` ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբամայի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպման ընթացքում, բարձրախոսները ժամանակից շուտ են միացել, եւ լրագրողները լսել են անձնական զրույցի մի հատված, որտեղ Օբաման իր ռուս գործընկերոջն ասում է, որ ՀՀՊ-ի հարցով որոշում կարելի է գտնել, սակայն հարկավոր է իրեն տարածք տրամադրել մանեւրների համար: «Սրանք իմ վերջին ընտրություններն են, դրանցից հետո ես ավելի ճկուն կլինեմ…»,-ասել է Օբաման: Մեդվեդեւն էլ պատասխանել է. «Ես այդ տեղեկությունը կհաղորդեմ Վլադիմիրին»: Սա լուրջ սկանդալ է առաջացրել ԱՄՆ-ում, որտեղ Օբամային մեղադրում են ԱՄՆ շահերը Ռուսաստանին ծախելու մեջ:
ԼԱՎՐՈՎԸ ԿԳԱ
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 2-3-ին պաշտոնական այցով Հայաստան կայցելի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այցը նվիրված է ՀՀ եւ ՌԴ միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:
Ե՛Վ, Ե՛Վ
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը Երեւանի թիվ 4 ընտրատարածքում պաշտպանելու է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը` միեւնույն ժամանակ չանտեսելով նաեւ նույն ընտրատարածքում առաջադրված «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանին: «Իհարկե, մենք, լինելով «Ժառանգության» հետ նույն ցուցակում, պաշտպանելու ենք «Ժառանգության» մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին, բայց ես չեմ կարծում, որ Սաթիկ Սեյրանյանի նկատմամբ պետք է ցուցաբերենք նեգատիվ վերաբերմունք»,-ասել է «Ազատ դեմոկրատներ»-ի փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
ԱՐԺԱՆԻ ՄՐՑԱԿԻՑ
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ: Նա ոչ մի կերպ չի ցանկացել անդրադառնալ իր` առաջադրման հետ կապված իրարամերժ հայտարարություններին, միայն նշել է, որ իր հետ նույն ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ-ի թեկնածու Գայանե Առուստամյանին հաջողություն է մաղթում. «Հայաստանի ցանկացած քաղաքացի ինձ համար արժանի մրցակից է»: