ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀ բաժանմունքի օպերլիազորը հաղորդել է իրեն պատկանող Երևանի Մանթաշյան փողոցի տան անհայտ անձանց կողմից գողության փորձ կատարելու մասին:
Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է ՀՔԾ-ից, դեպքի առթիվ 2014 թվականի հուլիսի 23-ինՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի (գողություն) հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀ բաժանմունքի օպերլիազոր Գարեգին Մ.-ն, իր ծանոթ` նախկին ոստիկան Գարուշ Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նպատակով, 2014թ. հունիսի 5-ին, փորձել են ապօրինի մուտք գործել Գարուշ Գ.-ի կնքահոր` ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀ բաժանմունքի օպերլիազորի տուն: Գարեգին Մ.-ին և Գարուշ Գ.-ին, սակայն, իրենց կամքից անկախ հանգամանքներում չի հաջողվել հանցանքն ավարտին հասցնել: Գարեգին Մ-ն ձերբակալվել է:
Հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Կատարվում է նախաքննություն: