ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ե՞ՐԲ Է ՀԱՊԿ-Ն ՕԳՆԵԼՈՒ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Հանգստյան օրերին ադրբեջանական կողմը կրկին գնդակոծության է ենթարկել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Այս անգամ կրակոցներ են եղել ոչ միայն գյուղացիների, այլեւ` Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ավտոմեքենայի ուղղությամբ. Կարմիր Խաչի ներկայացուցիչները մեկնել էին սահմանամերձ Չինարի գյուղ` տեղի բնակիչների խնդրանքով, աջակցելու բերքահավաքի կազմակերպմանը: Ու փոխանակ իրականությանը շիտակ նայելու, նրանք դեռ դժվարանում են ասել, թե կրակոցը որ կողմից է եղել: Բարեբախտաբար, այս անգամ զոհեր ու վիրավորներ չկան:
Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածը, սակայն, ուշագրավ է մեկ այլ առումով. Հայաստանն անդամակցում է ՀԱՊԿ-ին, որի հետ պայմանագրի համաձայն, ՀԱՊԿ պետությունները պարտավոր են միմյանց օգնել նման իրավիճակներում: Ավելին՝ հայ-ռուսական ռազմական պայմանագրում էլ նշված է, որ ռուսական ռազմակայանը ՀՀ-ում գտնվելու ընթացքում ՀՀ ԶՈՒ հետ համատեղ նաեւ ապահովում է ՀՀ անվտանգությունը: Սակայն այս առումով կողմերը քար լռություն են պահպանում` այսպիսով հարցականի տակ դնելով անվտանգության այս համակարգի արդյունավետությունը: Ինչ է, լայնածավալ պատերազմական գործողություննե՞ր պետք է լինեն, որ նոր մտածենք, թե, ընդհանրապես, ինչո՞ւ ենք անդամակցում ՀԱՊԿ-ին:

 

2013թ. հոկտեմբերին գրող-հրապարակախոս Զորի Բալայանը Արցախի հիմնահարցի վերաբերյալ Գյուլիստանի պայմանագրի հիշեցումով մի սկանդալային նամակ էր գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որն այդպես էլ անպատասխան մնաց: Երեկ «Ժողովուրդ»-ը Բալայանից հետաքրքրվեց՝ չի՞ պատրաստվում արդյոք մի նամակ էլ գրել Պուտինին՝ հայազգի կալանավորված գործարար Լեւոն Հայրապետյանին օգնելու խնդրանքով: Պարզվեց՝ գրողը ոչ թե նամակ, այլ հոդված է գրել, որտեղ այդ մասին հիշատակել է՝ ընդգծելով, որ Հայրապետյանը ՌԴ քաղաքացի է: «Մենք մինչեւ վերջ պետք է պնդենք, որ նրա տեղը փոխեն ու տանեն համապատասխան կլինիկա, նա չի ապրելու… ես գիտեմ նրա բոլոր ախտորոշումները ու այժմ մեր խնդիրը դա է»,- կարեւորեց մեր զրուցակիցը: Ըստ Զ. Բալայանի՝ ՌԴ-ն լսելու է մեր կոչերը. «Հիմա ոչ մի կոպեկի արժեք չունի խոսել այն մասին Հայրապետյանը հանցագործ է, թե՝ ոչ: Գլխավորն այն է, որ նա չի կարողանալու դատարանում պայքարել ինքն իր համար, նա կարող է մինչեւ սեպտեմբերի 15-ը չքաշի»:

 

ՀՀ դատական դեպարտամենտը որոշել է անցնել խնայողությունների, եւ այդ նպատակով ծառայողական մեքենաները բենզինի փոխարեն որպես վառելիք օգտագործում են սեղմված բնական գազ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դատական դեպարտամենտը ՀՀ պետական բյուջեից 700 հազար դրամ է ծախսել` սեղմված բնական գազի կտրոններ ձեռք բերելու նպատակով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ կտրոնները տրամադրվելու են դեպարտամենտի կենտրոնական մարմնի, ինչպես նաեւ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանների աշխատակազմերին: Սակայն ուշագրավն այն է, թե ումից է դեպարտամենտը ձեռք բերել կտրոնները. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ավտոգազ» ՍՊԸ-ից: Այսինքն` ռուսական այն ընկերությունից, որի նկատմամբ, ըստ միջպետական պայմանագրերի, ՀՀ ընդունած բոլոր իրավական ակտերը` օրենքները, որոշումները, նախագահի հրամանագրերը, հարկային ու մաքսային նոր կանոնները պարզապես չեն տարածվելու: Այսինքն` մի ընկերությունից, որը ՀՀ տարածքում գործում է՝ չենթարկվելով ՀՀ օրենսդրությանը:

 

Մեր երկրում առկա հուսալքության մթնոլորտը, բարեկեցիկ ապագայի նկատմամբ հավատի նվազումն ու պրոֆեսիոնալիզմի չգնահատվածությունը ստիպում են ՀՀ քաղաքացիներին «լավ ապրելու» շանսեր փնտրել արտերկրում: Ու այս իրավիճակում բացառություն չեն նաեւ հայտնիները: Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ «Վիտամին ակումբ»-ի հումորիստ, դերասան Վաչե Թովմասյանը մտադիր է լքել ակումբը ու մեկնել արտերկիր՝ այնտեղ բիզնես անելու մտադրությամբ: Տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք զրուցել Վաչե Թովմասյանի հետ, սակայն վերջինս գտնվում էր արտերկրում: Դիմեցինք «Վիտամին ակումբ»-ի գործադիր տնօրեն Վլադիմիր Սահակյանին: ««Վիտամին» ակումբից ոչ ոք դուրս չի եկել: Ուղղակի «Վիտամին»-ը հիմա ժամանակավոր դադարի մեջ է: Եթե «Վիտամին» լինի, ապա Վաչեն անպայման կլինի»,- «Ժողովուրդ»-ին վստահեցրեց գործադիր տնօրենը: Հուսանք:

 
ԳՐԵԹԵ 1998-Ի ՊԵՍ

«Ազատության» հաղորդմամբ` ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հայտարարել է, թե ԼՂՀ-ն անընդունելի է համարում Մադրիդյան սկզբունքները: Ըստ աղբյուրի` նա ասել է. «Եթե անգամ Լեռնային Ղարաբաղը կրկին մասնակցի բանակցություններին, նման փաստաթղթի քննարկումը դրական արձագանք չի ստանա»:
Այն, որ ԼՂՀ-ում կատեգորիկ դեմ են Մադրիդյան սկզբունքներին` նորություն չէ: Ինչպես հայտնի է, բանակցային սեղանին դրված այդ փաստաթղթով նախատեսվում է Ադրբեջանին հանձնել ազատագրված 7 շրջանները` բացառությամբ Լաչինի միջանցքի հատվածի: Մինչդեռ ԼՂՀ սահմանադրությամբ իսկ ազատագրված շրջանները համարվում են Ղարաբաղի անքակտելի մասը, եւ այս հարցի շուրջ ԼՂՀ դիրքորոշումն ի սկզբանե պարզ էր: Խնդիրն այն է, սակայն, որ մինչ օրս ԼՂ իշխանությունները խուսափում էին ուղիղ տեքստով այդ մասին խոսելուց եւ նշում էին, թե իրենք պաշտոնապես տեղեկացված չեն Մադրիդյան փաստաթղթի բոլոր մանրամասներին: Եվ դա՝ չնայած այն հանգամանքին, որ Սերժ Սարգսյանը դեռ տարիներ առաջ հայտարարեց, թե Մադրիդյան սկզբունքների հետ կապված որեւէ գաղտնիք չկա, եւ որ այդ փաստաթղթին հանգիստ կարելի է ծանոթանալ ինտերնետում:
Դժվար է ասել` գուցե Ղարաբաղում ինտերնետն էր վատը, իսկ գուցե այդ հարցում զգալի դերակատարություն ունեցան ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահի եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարությունները, սակայն փաստն այն է, որ հատկապես Աստանայի գագաթաժողովից հետո Ղարաբաղի իշխանությունները քայլ առ քայլ ավելի են կարծրացնում իրենց դիրքորոշումն ու ընդգծում ՀՀ գործող իշխանություններից տարբերվող իրենց մոտեցումը: Դա ակնհայտ դարձավ նաեւ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունից հետո, թե «մեր պատկերացմամբ» Ղարաբաղը Հայաստանի մաս չէ, ուստի Հայաստանը դեպի Մաքսային միություն է գնում առանց Ղարաբաղի: Դրան, հիշեցնենք, հետեւց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունն այն մասին, որ Քոչարյանի պատկերացմամբ` Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է: Այս նույն տեսակետն անցած ամսվա ընթացքում մի քանի անգամ ամրագրվեց նաեւ ԼՂՀ իշխանությունների կողմից, եւ նույն Արա Հարությունյանը վերը նշված քննարկման ընթացքում վերստին արձանագրել է. «Ես համարում եմ, որ մենք արդեն վերամիավորված ենք: Արցախի եւ Հայաստանի միջեւ մաքսակետ, սահման, մաքսային սահման չի լինելու՝ երբեւէ՝ ոչ միայն այսօր, այլ երբեւէ չի լինելու նման մաքսակետ եւ մաքսային սահման կամ ընդհանուր առմամբ սահման Արցախի եւ Հայաստանի միջեւ»:
Այսպիսով` հետզհետե ակնառու է դառնում, որ Ղարաբաղի իշխանություններն ու ՀՀ քաղաքական դաշտի մի զգալի հատվածը գործող նախագահից տարբեր դիրքորոշում ունեն: Գրեթե այնպես, ինչպես 1998 -ին էր, երբ երկրի նախագահը «հայտնի ուժերի» ճնշման ներքո ստիպված եղավ հրաժարական տալ: Իսկ թե այդ «գրեթե»-ն որ ուղղությամբ կզարգանա, պարզ կդառնա, թերեւս, աշնանը:

 




Լրահոս