ՈՉ ԹԵ ԿԱՇԱՌԵԼ, ԱՅԼ ԽՈՍԵԼ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, թիվ 39 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն այժմ բիզնեսով չի զբաղվում:
-Ինչո՞ւ որոշեցիք կրկին առաջադրվել, ի՞նչ եք անելու այս անգամ ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետո:
-Իմ առաջադրումը ոչ միայն իմ, այլեւ կուսակցության որոշումն է: Իսկ թե ինչու է ՀՀԿ-ն թիվ 39-ն ընտրատարածքում առաջադրում պատգամավորի թեկնածու, պատասխանը շատ պարզ է: Տարիներ շարունակ Վայոց ձորի մարզն ընդգրկող մեծամասնական ընտրատարածքներից ԱԺ պատգամավորներ են ընտրվել ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածուները: Այս ընտրությունները բացառություն չէին կարող լինել: Մենք որեւէ բացատրություն չենք կարող ունենալ, թե ինչու պետք է մեր կուսակցությունը զիջի իր քաղաքական դիրքերը 39-րդ ընտրատարածքում: Ինչ վերաբերում է իմ պատգամավորական գործունեությանը, ապա ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ ես պարտավոր եմ իմ թիմակից ընկերների հետ կյանքի կոչել մեր կուսակցության նախընտրական ծրագիրն ու դրանում արտացոլված դրույթները: Ես հասկանում եմ նաեւ մեծամասնական ընտրության առանձնահատկությունները, ուստի կուսակցության ընդհանուր ծրագրային դրույթներից բացի, առաջիկա հինգ տարիներին իմ ուշադրության կենտրոնում են լինելու հատկապես ՀՀ Վայոց ձորի մարզին վերաբերող խնդիրները:
-Դուք դա անելու երկարատեւ հնարավորություն արդեն ունեցել եք, գո՞հ եք Ձեր պատգամավորական գործունեությունից:
-Պատգամավորական գործունեությունը  քաղաքական գործունեություն է, ուստի դրա գնահատականը պետք է տա ոչ թե պատգամավորը, այլ նրան ընտրող հասարակությունը: Ես չեմ կարծում, որ իմ գործողություններով, իմ վարվեցողությամբ, իմ քաղաքական դիրքորոշմամբ առաջացրած լինեմ որեւէ մեկի զայրույթն ու դժգոհությունը: Կարծում եմ` Ձեր հարցի պատասխանը կարելի է ստանալ առաջիկա ընտրությունների արդյունքներով:
-Ձեր համայնքի ժողովրդի հետ հանդիպե՞լ եք, արդյո՞ք իրենք ցանկանում էին, որ Դուք կրկին առաջադրեք Ձեր թեկնածությունը:
-Ժողովրդի հետ իմ հանդիպումները կրում են պարբերական բնույթ: Դրանք ոչ թե արարողակարգային, պաշտոնական, այլեւ անմիջական, մշտական եւ ուղղակի շփումներ են: Ես իմ բազմաթիվ հաջողությունների համար պարտական եմ մեր ժողովրդին եւ այդ պարտավորությունից ելնելով` ես փորձել եմ իմ ծառայություններով արժանին փոխհատուցել: Ես մշտապես ստացել եւ հիմա էլ զգում եմ մեր հասարակության աջակցությունը: Վստահ եմ, որ այս անգամ եւս ես կստանամ մեր ժողովրդի մեծամասնության քաղաքական աջակցությունը:
-Պարո՛ն Արսենյան, հիմնականում թեկնածուները հույսը դնում են կաշառքի վրա, Դուք նման քայլի գնալո՞ւ եք:
-Ես բազմաթիվ ընտրական գործընթացների եմ մասնակցել եւ ոչ մի անգամ «կաշառք» բառն ինձ հետ չի կապվել: Դրա կարիքը պարզապես երբեւէ չի զգացվել: Ես նման քայլի չեմ գնացել ու չեմ գնալու: Մենք մեր ժողովրդին ոչ թե կաշառելու, այլ նրա հետ խոսելու խնդիր ունեք: Ես հիշում եմ, որ ՀՀ նախագահի 2008 թվականի ընտրություններին Ջերմուկի նման ոչ մեծ քաղաքում մենք շուրջ քսան հանդիպումներ ենք կազմակերպել փոքր ու մեծ կոլեկտիվների, մարդկանց տարբեր խմբերի հետ: Մենք հանդիպում ենք մեր ժողովրդի հետ, խոսում պարզ, մարդկային լեզվով, փորձում ներկայացնել մեր ծրագրերն ու անելիքները, խնդրում նրանց աջակցությունն այդ ծրագրերի իրականացման հարցում: Հետագայում մենք հետեւողականորեն իրականացնում ենք մեր ծրագրերն ու բաց ճակատով նորից ներկայանում մեր ժողովրդին: Սա է մեր գործելաոճը: Ես ասում եմ մեր, որովհետեւ ես մենակ չեմ, իմ կողքին կանգնած է մի հսկա եւ ուժեղ թիմ` ի դեմս Հայաստանի հանրապետական կուսակցության:
-Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ գործարարները ԱԺ-ում չեն լինելու, ինչո՞ւ չհետեւեցիք կոչին:
-Ես երբեք չեմ թաքցրել, որ հիմնադրել եմ առեւտրային ընկերություններ: Ես ոչ միայն չեմ ամաչում, այլեւ հպարտանում եմ գործարարության մեջ այդ ընկերությունների արձանագրած հաջողություններով: Եթե Դուք ծանոթանաք իմ կենսագրությանը, ապա կտեսնեք, որ 1996թ., երբ առաջին անգամ ընտրվել եմ Ջերմուկի քաղաքապետի պաշտոնում, մինչ այժմ ես զբաղեցնում եմ քաղաքական պաշտոններ: Այս հարցում ինձ աջակցություն են ցուցաբերում իմ եղբայրները, որոնք, ըստ էության, իրենց ուսերի վրա են վերցրել իմ կյանքի այդ կարեւոր մասի ողջ ծանրությունը: Ես զբաղվում են բացառապես քաղաքական գործունեությամբ: Բնականաբար, ես չեմ կարող անտարբեր լինել գործարարության հիմնախնդիրների հանդեպ, ինչպես եւ հասարակական մյուս հարցերի նկատմամբ: Իմ այս երկակի կապվածությունից որքանով են օգտվում մեր քաղաքացիները` կարող եք հարցնել Ջերմուկի բնակիչներին: Ես ինձ միշտ սոցիալապես հաշվետու եւ պատասխանատու եմ զգացել իմ հասարակության առջեւ եւ արել ու անելու եմ հնարավոր առավելագույնն իմ հաջողություններին մասնակից դարձնելու ողջ հասարակությանը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
R




Լրահոս