«Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ՀՀ կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկում բենզինի գնի բարձրացման կապակցությամբ, եւ բենզին ներկրող ընկերությունների ներկայացուցիչներն ինչ պարզաբանումներ են տվել գործադիրին:
Դիմեցինք ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսնակ Արամ Անանյանին, ով ասաց, թե պետք է գրավոր ներկայացնենք հարցերը: Այդպես էլ արեցինք:
1. Ինչպե՞ս է կառավարությունը մեկնաբանում դիզվառելիքի թանկացման փաստը:
2. Չի՞ պատրաստվում արդյոք միջամտել 20 դրամով բարձրացած գինը գոնե նախկին «տեսքին բերելու» համար:
3. Բենզին ներկրող ընկերությունների ներկայացուցիչներին կառավարությունը հրավիրե՞լ է արդյոք եւ ի՞նչ բացատրություն է պահանջել նրանցից (ինչպե՞ս են նրանք պարզաբանել իրավիճակը):
Այս երեք տրամաբանական հարցերին պատասխանելու փոխարեն Արամ Անանյանն ահա թե ինչ է գրել. «Ձեր հարցերի հասցեատերը Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն է (ՏՄՊՊՀ): Խորհուրդ ենք տալիս դիմել այնտեղ»:
Իհարկե, հասկանալի է, որ տհաճ իրավիճակ է ստեղծվել վարչապետի համար, եւ նրա խոսնակն ասելիք չունի. ի վերջո, եթե կառավարությունը պարզաբանում տա, պետք է մեղքը բարդի ներկրողների վրա, որոնք դրսում փչած «ծուռ քամու» հետքերով Հայաստանում գներ են բարձրացնում: Իսկ ներկրողը, ինչպես հայտնի է, Բարսեղ Բեգլարյանն է` Ֆլեշ Բարսեղը, ով ՀՀ վարչապետին նշանակել է տվել այդ պաշտոնում: Եւ այս «թայֆայական» մտածողության հետեւանքով Հայաստանի դիզվառելիքի շուկան վերածվել է քաոսի: «Սիթի փեթրոլ գրուպ»-ն ընդհանրապես ընդհատակում է:
Ամեն դեպքում, «Ժողովուրդ»-ը դիմեց ՏՄՊՊՀ` պարզելու, թե այս հանձնաժողովն ինչ մեկնաբանություն ունի բենզինի գնի բարձրացման կապակցությամբ: Հանձնաժողովի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պատասխանատու Գայանե Սահակյանն ասաց, որ ՏՄՊՊՀ-ն ամենօրյա մոնիթորինգ եւ գնային դիտանցում է իրականացնում: «Մենք մոտ մեկ ամիս առաջ սկսել ենք ուսումնասիրություններն այդ կապակցությամբ: Քանի որ այս ոլորտում ունենք երկու խոշորագույն տնտեսվարողներ` «Ֆլեշ»-ն ու «Սիթի փեթրոլ գրուպ»-ը, այդ իսկ պատճառով նրանցից պահանջել ենք ներկայացնել տեղեկատվություն` իրենց գնային փոփոխությունների հետ կապված, այն ներկայացված է եւ հիմա գտնվում է ուսումնասիրության փուլում»,-տեղեկացրեց Գ. Սահակյանը` ավելացնելով, որ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է կատարում այն երկրներում տեղի ունեցած փոփոխությունները, որտեղից ներկրվում է բենզինը. «Դրանք են Ռումինիան, Բուլղարիան: Ռումինիայում մեկ տոննա բենզինը եղել է 639 եվրո, իսկ մարտի 20-ի դրությամբ` 688 եվրո, այսինքն` 17 տոկոսի թանկացում է արձանագրվել»:
Ըստ ՏՄՊՊՀ-ի` բենզինի գնի բարձրացման հետեւանք կարող են լինել մի քանի տնտեսական գործոններ: «Տարադրամի փոխարժեքը, հարկային դաշտում տեղի ունեցած փոփոխությունները»,-ընդգծեց Գ. Սահակյանը` տեղեկացնելով, որ հանձնաժողովն ուսումնասիրում է ներկրողների բոլոր փաստաթղթերը` գնումից սկսած մինչեւ իրացում, ճանապարհածախս եւ մաքսազերծում` պարզելու, թե առաջիկայում ինչ սպասելիքներ կձեւավորվեն:
Խնդրի առնչությամբ զրուցեցինք նաեւ «Ժողովուրդի իշխանություն» շարժման համակարգող, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանի հետ, ով Հայաստանում տեղի ունեցած գնային փոփոխությունները կապեց մենաշնորհատերերի ցանկությունների եւ սպասվող ընտրապայքարի հետ: «ՀՀ-ում գնային քաղաքականության մեջ տրամաբանություն փնտրելն անիմաստ է, չկա»,-նկատեց նա` հավելելով, որ ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում 115-րդ համարը զբաղեցնող Վահրամ Մկրտչյանը ներկայացնում է «Ֆլեշ Բարսեղի կազմակերպությունը»: «Պետք է միջոց գտնի՞, որ ընտրակաշառքները մի տեղից հանի, թե՞ չէ»,-համոզված նշեց նա:
«ՖԼԵՇ»-ԻՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ. Ի՞ՆՉ ԿՓՈԽՎԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ