ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Երեւանի պետական ագրարայինհամալսարանի մոտ
Ընդդիմադիր ճամբար տեղափոխված «Օրինաց երկիր» կուսակցությունը կարծես թե արհամարհում է օրենքները, կայացված դատական ակտերը եւ որոշել է, այնուամենայնիվ, իրեն պատկանող հեռուստատեսության տաղավարը կառուցել հենց Երեւանի պետական ագրարային համալսարանին պատկանող տարածքում: Ահա ինչպես է սարքվում օրինաց երկիրը:
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, աշխատողը կարո՞ղ է հետեւել՝ գործատուն կատարել է պարտադիր կուտակային վճար, թե ոչ: Եթե այո, ապա խնդրում եմ ասեք՝ ինչպես։
Գայանե Կյուրեղյան (28 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Անձը կարող է դիմել գործատուին` պահանջելով համապատասխան տեղեկատվություն իր անունից կատարված պարտադիր կուտակային վճարների փոխանցումների մասին: Գործատուից հավաստի տեղեկություններ չստանալու կամ կասկածներ ունենալու դեպքում, անձը կարող է դիմել հարկային մարմին: Հարկային մարմինը վարում է անձանց եկամուտների, վճարված եկամտային հարկի եւ կուտակային վճարի անձնավորված հաշվառում: Յուրաքանչյուր վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի եւ ինքնազբաղվածի համար հարկային մարմնում բացվում է անհատական հաշիվ, որտեղ գրանցվում են, թե որքան է կազմել տվյալ անձի եկամուտը հաշվետու ժամանակահատվածում (վարձու աշխատողի համար` յուրաքանչյուր ամիս, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի եւ ինքնազբաղվածի համար` յուրաքանչյուր տարի), ինչքան են կազմել եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի գումարները եւ որքան պարտադիր կուտակային վճար է կատարվել: Տվյալները հասանելի են անհատական հաշվի իրավատիրոջ համար:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն աշխատողն ունի իր անհատական հաշիվը հետեւելու հնարավորություն եւ կարող է ցանկացած պահի տեսնել իր հաշվին առկա կուտակային վճարները։
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, եթե կազմակերպությունը գրանցված է Երեւանում, ապա հնարավո՞ր է ապրանքներ ներմուծելիս մաքսային ձեւակերպումներն իրականացնել Երեւանից դուրս, օրինակ՝ Սիսիանում:
Օնիկ Հակոբյան (39 տարեկան, տնօրեն)
ՊԱՏԱՍԽԱՆ. Օ.Հակոբյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի Հոդված 115-ի համաձայն` մաքսային ձեւակերպումն իրականացվում է դրա համար վերադաս մաքսային մարմնի կողմից որոշված վայրերում` մաքսային մարմինների աշխատանքային ժամերի ընթացքում: ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի 2003 թվականի հուլիսի 4-ի N03/42-Ն հրամանի 1-ին կետի համաձայն` կազմակերպությունների կողմից ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների իրականացման վայրեր են այն տարածաշրջանային մաքսատները, որոնց գործունեության գոտին ընդգրկում է տվյալ կազմակերպության գտնվելու վայրը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 865-Ն որոշման 2-րդ կետի գ) կետի համաձայն` Արարատյան տարածաշրջանային մաքսատան գործունեության տարածք է հանդիսանում Երեւանը, Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի վարչական տարածքները, ուստի Երեւանում գրանցված կազմակերպության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային ձեւակերպումների իրականացման վայր է համարվում Արարատյան տարածաշրջանային մաքսատունը:
ՀՀ մաքսային ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ներկայացված պարզաբանումն ամբողջական եւ լիարժեք ներկայացնում է մեզ դիմած քաղաքացուն հուզող հարցի պատասխանը: Հուսանք` Արարատյան տարածաշրջանային մաքսատունը նրա համար նույնքան հարմար տարբերակ կլինի, որքան իր կողմից նշված, սակայն օրենքով չթույլատրված Սիսիանի մաքսատունը: