ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մկրտումյանի հերթական պարտությունը՝ դատական համակարգում

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած Արդարադատության խորհրդի անդամների ընտրություններն ավարտվել են ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի պարտությամբ: Նշենք, որ այդ խորհուրդը համարվում է դատավորների «դատարանը», վերահսկում է դատական իշխանության աշխատանքը եւ ենթարկում տույժերի, ուստի Վճռաբեկ դատարանի նախագահը ցանկանում է այնտեղ ունենալ բացառապես իրեն հնազանդ անդամների, որպեսզի անհրաժեշտության դեպքում հատուկենտ «անկախ» դատավորներին թելադրի իր կամքը, վախեցնի նրանց: Նշենք, որ ԱԽ անդամներին ընտրում են դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ (9 դատավոր, ՀՀ նախագահի եւ ԱԺ-ի կողմից նշանակված երկուական իրավաբան-գիտնականներ): Եվ որպեսզի այդ 9 դատավորների կազմում հավատարիմներ ունենա, Մկրտումյանը սկսել է լոբբինգ անել իր ցանկալի թեկնածուների համար: Անգամ հուլիսի 25-ի ընտրության ժամանակ անձամբ է զանգահարել մարզային մի շարք դատավորների՝ հորդորելով ընտրել Մնացական Մարտիրոսյանին՝ որպես ԱԽ անդամ: Սակայն դատավորների մեծամասնությունը բոյկոտել է Մկրտումյանին եւ քվեարկել միանգամայն այլ թեկնածուի օգտին: Այսպիսով, Մկրտումյանն իր ղեկավարած համակարգում կամաց-կամաց կորցնում է առաջվա ազդեցությունը: Դատավորների մեծ մասը սկսել է բոյկոտել երբենի հզոր Մկրտումյանին:

 

The Economist հանդեսը վերջերս հրապարակել է «Բիզնես միջավայրի վարկանիշներ» վերնագրով զեկույց, որտեղ ներկայացված են բիզնեսի համար հարմար երկրները: Ներկայացված 100 երկրների շարքում, սակայն, բացակայում է Հայաստանի Հանրապետությունը, փոխարենն այնտեղ ընդգրկված է Ադրբեջանը, որը զբաղեցնում է 91-րդ տեղը: Ռուսաստանի Դաշնությունն այս ցանկում զբաղեցնում է 77-րդ տեղը: «Ժողովուրդ»-ն այդ զեկույցից տեղեկացավ, որ բիզնես միջավայրի համար հարմար երկրների ցանկում են նույնիսկ Ալժիրը, Քենիան, Վենեսուելան, Անգոլան, Թունիսն ու Եգիպտոսը: Եվ նրանց կողքին անգամ Հայաստանի անունը չտեսնելը, թերեւս, մտահոգիչ է եւ լուրջ անհանգստության տեղիք է տալիս՝ հատկապես կառավարության «ճոխ» խոստումների ֆոնին:

 

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հուլիսի 5-8-ը մեկնել էր Ստրասբուրգ՝ հանդիպելու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի եւ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս այցը ՀՀ պետական բյուջեի վրա բավականին մեծ գումար է արժեցել: Միայն 995 հազար դրամ ծախսվել է պատվիրակության անդամներից ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի ու դատախազի ավագ օգնական Տիգրան Խեչոյանի համար Երեւան-Փարիզ-Երեւան ավիատոմսեր գնելու նպատակով, իսկ 390 հազար դրամ էլ ծախսվել է Փարիզ-Ստրասբուրգ-Փարիզ երկաթուղային գնացքի տոմսի համար (ընդհանուր՝ մոտ 3.3 հազար դոլար): Բայց սա ողջ ծախսը չէ: Թեեւ 390 հազար դրամի շրջանակներում գնվել է գնացքի 3 տոմս՝ Կոստանյանի, նրա տեղակալի ու օգնականի համար, սակայն կառավարության կայքում տեղադրված փաստաթղթերի մեջ չկա, թե անձամբ դատախազի համար Երեւան-Փարիզ-Երեւան ավիատոմսը որքան է արժեցել: Հավանաբար, այդ փաստաթուղթը մոռացել են տեղադրել, քանի որ գնել են բիզնես կարգի տոմս, որն ավելի մեծ գումար է կազմում:

 

Վերջին օրերին լուրեր տարածվեցին, թե ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց արծիվներ» ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է դառնալ Արագածոտնի մարզպետ: Սակայն «Ժողովուրդ»-ին լուրեր հասան այն մասին, որ Հայաստանի «գլխավոր արծիվ» Խաչիկ Ասրյանին մարզպետ նշանակելու որոշմանը միանգամից բացասական արձագանք է տվել Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ Ասրյանն իր մեծ ներուժով պետք է լինելու սեպտեմբեր ամսից՝ ավելի լուրջ գործընթացների համար: Ավելին՝ անցած շաբաթ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում տեղի ունեցած «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 700 մասնակիցների ներկայությամբ կայացած ճաշկերույթի ժամանակ բաժակ է բարձրացրել Խաչիկ Ասրյանի համար՝ նշելով, որ նա ունի չափազանց ազնիվ, խստապահանջ, կարգուկանոնով ապրելու եւ չափից ավելի բարեկամ տեսակ, որին արժե ընդօրինակել: (Գ)

 

Լավ է ուշ, քան երբեք

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը երեկ կիսվելով Սերժ Սարգսյանի եւ խորհրդի անդամների` օրերս կայացած հանդիպման տպավորություններով` «Ազատությանն» ասել է, թե Սերժ Սարգսյանը չի ցանկանում, որ Հայաստանը դառնա թագավորական երկիր: « Իր պնդումը հետեւյալն է՝ որպեսզի երկիրը լինի դեմոկրատական, պետք է լիազորությունների վերաբաշխում, բալանս լինի Ազգային ժողովի, վարչապետի եւ նախագահի միջեւ, որ Հայաստանը չդառնա թագավորական երկիր, որտեղ բոլորը հույսը կապում են միայն ու միայն նախագահի հետ: Այսինքն` ինքը կարծում է, որ պետք է ուժի բալանսի փոփոխություն տեղի ունենա»:

Դժվար է ասել` արդյոք Սերժ Սարգսյանը հենց այդ ձեւակերպումն է օգտագործել, թե դա Վազգեն Մանուկյանի լեզվամտածողության դրսեւորումն է, սակայն հայտնի է, որ մեր իրականությունում «թագավոր» եզրույթն ասոցացվում է առավելապես հայտնի քաղաքական ուժի առաջնորդի հետ, եւ իր այս հայտարարությամբ Մանուկյանն, ըստ էության, բացահայտում է ներկայիս սահմանադրական փոփոխությունների իրական նպատակը. անել ամեն ինչ, որպեսզի Սերժ Սարգսյանից հետո որեւէ մեկը, առավելեւս` «թագավոր» բառի հանդեպ թուլություն ունեցող քաղաքական ուժի հայտնի առաջնորդը «թագավոր դառնալու» շանս չունենա:
Ընդ որում, ուշագրավ է, որ այդ գործընթացում Սերժ Սարգսյանը դեռ մի բան էլ բողոքում է գործող համակարգից, երբ «բոլորը հույսը կապում են միայն ու միայն նախագահի հետ»: Սա ասվում է մի նախագահի կողմից, ով իր պաշտոնավարության վեց տարիների ընթացքում այնպիսի մանրախնդիր ներքին կարգուկանոն ձեւավորեց, որ անգամ երկրի հեռավոր գյուղերի գյուղապետերի հարցն առանց իր «դաբրոյի» չի լուծվում: Պետական ապարատի բազմաթիվ պաշտոնյաներ մասնավոր զրույցներում նշում են, որ Սերժ Սարգսյանից առաջ երբեւէ չի եղել նման իրավիճակ, երբ անգամ միջին կամ բարձր օղակների պաշտոնյաները, բառիս բուն իմաստով, վախենան որեւէ որոշում կայացնել` առանց նախագահականի կամ կառավարության հետ «ճշտվելու»: Հատուկ ընդգծենք` խոսքն ամենօրյա աշխատանքային գործընթացում օրենքով սահմանված կարգով եւ այդ պաշտոնյաների լիազորությունների շրջանակներում գտնվող հարցերի շուրջ որոշումների կայացման մասին է: Եվ ահա` վեց տարի շարունակ այսպիսի համակարգը ծաղկեցրած եւ երկրում բոլոր հարցերի միանձնյա լուծման իրավունքն իրեն վերապահած Սերժ Սարգսյանը մեկեն հասկացել է, որ լավ բան չէ, երբ «բոլորը հույսը կապում են միայն ու միայն նախագահի հետ», առավե եւս` որ այդ նախագահն այլեւս ինքը չի լինելու:
Ամեն դեպքում, ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք, առավելեւս, որ անգամ ամենամեծ լավատեսության դեպքում դժվար է հավատալ, որ հաջորդ նախագահը կփոխի Սերժ Սարգսյանի ձեւավորած այս բրգաձեւ համակարգը: Միակ տարբերակը լիազորությունների` սահմանադրորեն ամրագրվելիք փոփոխությունն է:

 




Լրահոս