Կիրակի օրվանից Հայաստանում վաճառվող բենզինը թանկացավ եւս 20 դրամով` հատելով 500-ի սահմանը: Սոցիալապես ծանր պայմաններում ապրողների համար սա իսկապես ծանր հարված է, քանի որ անընդհատ 20-30 դրամով թանկանալով` բենզինով մեքենա վարելն արդեն դարձել է շքեղության նման մի բան:
Օգտատեր Անդրանիկ Թանգամյանը «Ֆեյսբուք»-ի իր պատին գրում է. «Քանի գնում, բենզինը թանկանում է, որոշել եմ հեծանիվ առնեմ, բայց այս եղանակն էլ է բենզին ծախողների կողմից, այս անձրեւին հեծանիվով դուրս գա՞լ կլինի»: Արմենակ Ավետիսյանն էլ, անդրադառնալով պահեստամասերի գներին, գրում է, որ հեծանիվները եւս շատ են թանկացել: Օգտատերերից մեկն էլ, բենզինի շուկայում կատարվող իրադարձությունների հետ կապված, գրում է. «Կուսակցական ցուցակները ոնց որ Հայաստանում վաճառվող բենզինը լինեն. մակնիշավորումը տարբեր ա, բայց կասկած կա, որ նույն ցիստեռնից ա լցրած»: Օգտատեր Զոհրապ Եգանյանի մոտ էլ նույն թեմայով ակտիվ քննարկում էր ծավալվել. «Բոլորը բացում են աչքերը եւ տեսնում, որ բենզինն արդեն 500 դրամ է: Բա էս ոնց եղավ???»: Եգանյանի այս հարցին տարբեր օգտատերեր տարբեր կերպ են արձագանքել: Օրինակ` Արտակ Աղաբալյանը գրում է. «Ընտրություններ ա, տղերքին փող ա պետք, ընկեր ջան», իսկ Արթուր Եղիազարյանն էլ, հեգնելով ՀՀԿ-ի «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը, գրում է. «Տեսա՞ք, հենց հավատում եք` փոխվում է»: Քննարկման ժամանակ օգտատերերից ոմանք կարծիք են հայտնում, որ եթե բենզինի գներն էլի աճեն, ապա անհրաժեշտ կլինի հեծանիվ ձեռք բերել, այս կապակցությամբ օգտատեր Արաքս Մարությանը գրում է. «Արտակ հեծանիվն էլ խնդիր ա, էս երկիրն ինչի տեր ա, որ մի հատ էլ տռասսա կառուցի ?! :)))))))»: Եղան նաեւ այսպիսի գրառումներ. «Առաջ դեպի հայկական աշխարհ հեծանիվներով,,,,», «Ես էլ մտածում եմ` էս քյասիբ ժամանակ հեծանվահրապարակ ինչու սարքեցին, այդքան էլ փող ծախսեցին….», «Ստեփանակերտում բենզինն արդեն 520 դրամ է» եւ այլն: Ֆեյսբուքյան օգտատերերից Ալեն Սիմոնյանն էլ, ի հակառակ քննարկումների, գտել եւ իր պատին էր զետեղել բենզալցակայաններից մեկի գնացուցանակը, որտեղ «ռեգուլյարն» արժե 490 դրամ:
Բենզինի թանկացման եւ հեծանիվներով շրջելու թեման նաեւ այլ ուղղությամբ զարգացավ: Անի Գրիգորյան անունով օգտատերը իր էջում բողոքում է, որ Հայաստանում ընդունված չէ հեծանիվով շրջելը. «Երբ Գերմանիայում էի ապրում, հաճախ էի հեծանիվով դուրս գալիս բնություն, ու չնայած հիմա Հայաստանում եմ, բայց ուզում եմ վերսկսել էդ գեղեցիկ ավանդույթը: Մի քանի հարազատ մարդու առաջարկեցի միանալ ինձ, էն էլ ասեցին. «աղջիկ ջան, քեզ լրիվ ԿՏՏՑՐԵԼ ա»: Մտածում եմ, բայց ինչիիիիիիիիի????? Չէ որ հենց դա է կոչվում հոգու ազատություն, չէ որ հենց դա է կոչվում հոգու եւ մարմնի ներդաշնակություն, չէ որ նման գեղեցիկ պահեր ստղծելով կարող ենք մեզ համարել ԵՐՋԱՆԻԿ ……. Հ.Գ. Ձերբազատվել ա պետք կաղապարներից ու կեղծ բարդույթներից, դրանք կրճատում են մեր կյանքը …»: Գրառմանն ի պատասխան` Սահականուշ Արոյանը հորդորում է չքաշվել. «Անի ջան, բայց ինչի ես հարցնում` վերցրու ու արա… մյուսներն էլ կնայեն ու համարձակություն ձեռք կբերեն ու կանեն…. դրա արդյունքում կունենանք առողջ մարդիկ… կամ առողջ ապրելակերպը սիրող մարդիկ»:
ԲՈԼՈՐՍ ՊԵՏՔ Է ՀԵԾԱՆԻՎ ԳՆԵՆՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ