ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻՆ ՀՀԿ-Ն ՎՏԱՐԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կոմունիստական կուսակցության միակ հավաքատեղին ընտրությունների նախաշեմին վերածվել է ՀՀԿ կուսակցության նախընտրական շտաբի, որն այդ նպատակին ծառայում է ընտրությունից ընտրություն: Մարզի կոմունիստները դժգոհում են, որ իրենցից անգամ միակ գրասենյակն են խլել, շենքի վրայից հանել կոմունիստների պաստառն ու փակցրել ՀՀԿ դրոշը եւ «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը:
Կոմունիստական կուսակցության տեղի ներկայացուցիչները մի փոքր, անհարմար սենյակում խնամքով թաքցրել են իրենց կարմիր ցուցանակը` ակնկալիքով, որ գոնե ընտրություններից հետո հանրապետականներն իրենց կվերադարձնեն տարածքը:  ՀԿԿ Գյումրու քաղաքային կոմիտեի քարտուղար Ռոբերտ Մկրտչյանի խոսքերով` իրենց հանդեպ ճնշումները պայմանավորված են առաջիկա ընտրություններով: Հանրապետականները նրանց շատ կոնկրետ փոխանցել են, որ շենքը ծառայելու է որպես ՀՀԿ նախընտրական շտաբ:
Չնայած այս ամենին, կոմունիստները վճռականորեն պատրաստվում են առաջիկա ընտրություններին եւ պնդում են, որ երկիրը կգնա կործանման, եթե այս անգամ նորմալ խորհրդարան չձեւավորվի, եւ իրենց կուսակցության ներկայացուցիչները տեղ չզբաղեցնեն խորհրդարանում, թեեւ չեն հավատում, որ առաջիկա ընտրությունները կանցնեն ազատ եւ թափանցիկ: Նրանց չի գոհացնում հայաստանյան քաղաքական ուժերի գործունեությունը: Ասում են` կուսակցությունները շարժվում են ոչ թե սոցիալիզմի, այլ կապիտալիզմի ուղղությամբ: Եթե հաջողվի տեղ ունենալ խորհրդարանում, նախ եւ առաջ բարձրաձայնելու են  Գյումրու խնդիրները:  «Մենք կաշխատենք անել այնպես, որ կորցրածը հետ բերենք»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ՀԿԿ Գյումրու քաղաքային կոմիտեի անդամ Ռոզա Հովհաննիսյանը: Կոմունիստ Ռիմա Հակոբյանն էլ խոսում է Գյումրիում վերջին շրջանում մեծ տարածում գտած «բարեգործությունների» մասին` ՕԵԿ-ի գլխաշորերի, մուրաբաների ու ջեմերի, ԲՀԿ ալեհավաքների, ՀՀԿ պարարտանյութի ու սերմացուի. «Մրցակցություն է հիմա: Որ կուսակցությունը շատ տա, նրան կընտրեն: Մինչեւ էս քարոզարշավը թող գային, դուռը խփեին, ասեին` տիկի՛ն Ռիմա, էս տարելկան քեզ ենք նվիրում` որպես կին վետերան: Ինչի՞ չբերեցին»:
Հավելենք, որ մարզի կոմունիստներից երեքն ընդգրկվել են կուսակցության համամասնական ցուցակում: Համեմատաբար բարձր հորիզոնականում է միայն Գյումրու փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը: Նա զբաղեցնում է ցուցակի չորրորդ տեղը:  

Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս