ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակառակ Մկրտումյանի կամքի ընտրված ԱԽ անդամները

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի դիրքերն իր ղեկավարած համակարգում կամաց-կամաց սկսում են երերալ: Նա կարծես թե չի տիրապետում իրավիճակին: Համենայնդեպս, արդեն երրորդ անգամ Մկրտումյանը պարտվում է արդարադատության խորհրդի անդամների քվեարկության գործընթացում:

Հիմա ամեն ինչի մասին՝ հերթով: Նախ բացատրենք, թե ինչ է արդարադատության խորհուրդը, ինչ կարեւորություն ունի այն: Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ Արդարադատության խորհուրդն ունի 5 հիմնական առաքելություն.
1. Կազմում եւ ՀՀ նախագահի հաստատմանն է ներկայացնում դատավորների թեկնածությունների ցուցակը եւ դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները, որոնց հիման վրա կատարվում են նշանակումները.
2. Եզրակացություն է տալիս ներկայացված դատավորների թեկնածությունների վերաբերյալ.
3. Առաջարկում է վճռաբեկ դատարանի, նրա պալատների նախագահների եւ դատավորների, վերաքննիչ, առաջին ատյանի եւ մասնագիտացված դատարանների նախագահների թեկնածությունները.
4. Հանրապետության նախագահի հարցմամբ կարծիք է հայտնում ներման հարցերի վերաբերյալ.
5. Դատավորներին ենթարկում է կարգապահական պատասխանատվության, առաջարկ է ներկայացնում ՀՀ նախագահին դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին, դատավորին կալանավորելու, նրան՝ որպես մեղադրյալ ներգրավելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին:
Ասել է թե՝ այս խորհուրդը դատվորների «դատարանն» է, որը եւ նշանակում է դատավորներին, վերահսկում նրանց աշխատանքը եւ ենթարկում տույժերի: Բնականաբար, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Մկրտումյանն այսպիսի կարեւոր օղակը փորձում է հագեցնել իր հավատարիմ մարդկանցով:
Նշենք, որ ԱԽ-ն ձեւավորվում է 5 տարի ժամկետով ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ ընտրված 9 դատավորների, ՀՀ նախագահի եւ ԱԺ-ի կողմից նշանակված երկուական իրավաբան-գիտնականների միջոցով:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի են ունեցել ԱԽ անդամների ընտրություններ, որոնք ավարտվել են Մկրտումյանի պարտությամբ: Ինչպե՞ս բացատրենք: Պարզվում է՝ Մկրտումյանն ունեցել է իր համար նախընտրելի թեկնածուներ, որոնց համար լոբբինգ է իրականացրել, հանձնարարել է իր ենթակա-հնազանդ դատավորներին, որպեսզի գործընկերներին հորդորեն՝ ընտրել ՎԴ նախագահի թեկնածուին, սակայն անօգուտ: Դատավորների մեծամասնությունը չի կատարել Մկրտումյանի պատվերը:
Եվ այսպես, նոյեմբեր ամսին Մկրտումյանը ցանկանում էր ԱԽ անդամ դարձնել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Մամիկոն Դրմեյանին, սակայն նրա կամքին հակառակ ընտրվեց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Էրնա Հայրիյանը: Այս դատավորը համարվում է պրոֆեսիոնալ, ում հետ հատկապես վիրավորանքի ու զրպարտության հայցերի հարցերով խորհրդակցում են շատ դատավորներ տարբեր ատյաններից: Նա քիչ թե շատ ինքնուրույն կերպար է, ինչը դատական համակարգում անընդունելի տեսակ է:
Երկրորդ անգամ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը պարտվեց այս տարվա փետրվարին: Նա ցանկանում էր ԱԽ անդամ դարձնել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանին, սակայն ընտրվեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանը:
Իսկ ահա երրորդ ընտրությունը տեղի է ունեցել օրերս. հուլիսի 25-ին: Այս անգամ կարծես թե Մկրտումյանի համար «թասիբ»-ի հարց է եղել հաղթանակը, ինչի համար էլ չվստահելով իր «կատարածու» դատավորներին, անձամբ է լծվել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի տխրահռչակ դատավոր Մնացական Մարտիրոսյանի ընտրության գործին: Հայտնի «7-ի», Նիկոլ Փաշինյանի եւ այլ քաղբանտարկյալների գործով մեղադրական դատավճիռներ դատապարտած Մնացականյանին ԱԽ անդամ դարձնելու համար ՎԴ նախագահը զանգահարել է ամենատարբեր դատավորների (հատկապես մարզերում աշխատող դատավորներին, ովքեր դեռ այնքան էլ տեղեկացված չեն Մկրտումյանի օրեցօր նվազող վարկանիշի մասին) եւ հրահանգել՝ քվեարկել նրա օգտին: Սակայն չի ստացվել: Դատավորների մեծամասնությունն ունենալով առանց այդ էլ վատի ու վատթարագույնի միջեւ ընտրության հնարավորություն (բոլոր թեկնածուներն էլ եղել են Կենտրոն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից. Մեսրոպ Մակյան, Գագիկ Խանդանյան, Մնացական Մարտիրոսյանը), ընտրել են Գագիկ Խանդանյանին: Վերջինս ՎԴ նախագահի համար ամենաանցանկալի թեկնածուն է եղել. նույնիսկ կարող էր Մակյանը ընտրվել, միայն ոչ Խանդանյանը:
Ու այսպես, չհաշտվելով պարտության այդ մտքի հետ, Մկրտումյանն իր համախոհ դատավորների միջոցով էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ է առաջադրել նույնքան սիրելի Մնացական Մարտիրոսյանին: Եվ որպեսզի այս անգամ ապահովի հաղթանակը, երկրորդ թեկնածուին հնարավորություն չի տրվել առաջադրվելու Երեւանի առաջին ատյանի դատարաններից: Այսպիսով, արդեն առանց մրցակցության Մարտիրոսյանը նույն օրը ընտրվել է հանձնաժողովի անդամ: Այս կառույցն առավել պակաս լիազորություններ ունի՝ դատավորների գլխին մահակ դարձնելու համար: Բայց ինչպես ասում են՝ անհրաժեշտության դեպքում «կաղամբն էլ միրգ է»: ՎԴ նախագահին անհրաժեշտ է համակարգի ներսում ունենալ հավատարիմների ցանց, որպեսզի նրանց միջոցով կարողանա չհնազանդվող դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հեռանկարով վախեցնել եւ իշխել:
Միակ հուսադրող բանն այս իրավիճակում այն է, որ այնուամենայնիվ, մեր երկրում կան դատավորներ, ովքեր ինքնուրույնության փոքրիկ քայլեր են իրականացնում՝ չենթարկվելով ՎԴ նախագահին:
Հիշեցնենք, որ Մկրտումյանը խնդիրներ ունի նաեւ իր տանը՝ հարազատ եղբոր ու հոր հետ: Նախորդ տարվա դեկտեմբերին Արման Մկրտումյանի հարազատ եղբայրը՝ մասնագիտությամբ իրավաբան Ռուբեն Մկրտումյանը, ՎԴ նախագահի անձնական ունեցվածքի մասին մամուլում ուշագրավ բացահայտումներ արեց: Ըստ նրա՝ Արման Մկրտումյանի նյութական վիճակը կտրուկ սկսել է ավելանալ 1998 թվականից, երբ նա նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի Քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ: «Այն ժամանակահատվածում, որ մեծ ընտանիք էր, մենք եղբայրներով, նաեւ ծնողներով դեռ շփվում էինք: Հետագայում նա դադարեց որեւէ մեկի հետ շփվել: Բայց ես տեղեկացված եմ, որ նրա ստացած աշխատավարձը 1995, 96, 97 թվականներին հազիվ էր բավարարում ընտանեկան առօրյա հոգսերին: 1998 թվականի աշնանը նա պալատի նախագահ դարձավ, 99-ին Թումանյան փողոցում, որտեղ նա բնակվում էր, 2 սենյականոց բնակարան գնեց՝ կես տարվա մեջ… Մյուս տարի՝ 2000 թվականին, նա իր եւ այդ բնակարանները միացրեց իրար ու ամբողջ տարածքի վերեւի հարկում կառուցեց նոր բնակարան մոտ 150 քմ»:
ՎԴ նախագահի եղբոր տեղեկացմամբ, Մկրտումյանը 2000թ. Պուշկին-Սարյան խաչմերուկում երկուհարկանի ահռելի տուն է գնել, Թումանյանի վրա մի բնակարան՝ դստեր անունով, Ձորաղբյուրում մի տուն ու նաեւ արտասահմանյան մակնիշների մեքենաներ:
Այսպիսով, Մկրտումյանը, ում ձեռքում է գտնվում մեր երկրի արդարադատության «մուրճը», ընդունված չէ ո՛չ իր հարազատների, ո՛չ էլ համակարգի մեծամասնության կողմից:

Քնար Մանուկյան

 

ՕԲՅԵԿՏԻՎ ՎՃՌԻ ԽՈՍՏՈՒՄ

Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շիշ Մելո) եղբորորդու եւ նրա ընկերների միջադեպի գործով դատական նիստը:
Հիշեցնենք՝ 2013թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 00:30-ին, պատգամավորի եղբորորդին՝ Մովսես Մանուկյանն իր ընկերների հետ Աբովյան քաղաքի «Օրիգինալ» սուպերմարկետի դիմաց ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել էր Համազասպ Լալայանի հետ եւ հարվածներ հասցրել Համազասպի կնոջ դեմքին:
Այս գործով դատավոր Վաղինակ Մկրտչյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք իրեն չի կաշկանդում այն հանգամանքը, որ պատգամավորի հարազատի հետ գործ ունի. «Ինձ համար բացարձակ նշանակություն չունի՝ ում հորեղբայրը կամ տատին ինչ գործի է: Կապ չունի նրանց սեռը, սոցիալական ծագումը, մաշկի գույնը: Բոլորն էլ օրենքի առաջ հավասար են: Կաշկանդվածություն կամ վախի զգացում չկա, ուստի օբյեկտիվ դատավճիռ կհրապարակվի»:
Հիշեցնենք, որ Վաղինակ Մկրտչյանը քննում է նաեւ սիրված դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի դատական գործը:

 

ԲԼԹ

«Եթե ժողովուրդը ընդունակ չէ վերցնելու առաջավորը, նա չի կարող երկարատեւ պատմություն ունենալ: Նույնն էլ վերաբերում է անհատին»:

Սերժ Սարգսյան Armlur.am

Ժողովուրդը «առաջավոր վերցնելու ունակ» կարող է լինել, եթե թույլ տան դա անել: Իսկ խանգարողները հաճախ եղել եւ լինում են հենց իշխանությունները, որոնք երկիրը դարձրել են մի քանի հոգու սեփականություն՝ զրկելով մարադկանց առաջ գնալու եւ առաջավորը վերցնելու հնարավորությունից: Նույն այդ ժողովրդի մի զգալի մասն արդեն տեւական ժամանակ է՝ առաջարկում է Սերժ Սարգսյանին հրաժարական տալ: Եթե իսկապես ժողովրդի մասին այդքան մտածող է, ապա ինչո՞ւ հաշվի չի առնում նրանց կարծիքը եւ չի ընդունում առաջարկը: Գուցե իր կուսակցության համա՞ր է ուզում երկարատեւ պատմություն կերտել:

 

«Ավելի լավ է չլսեմ, ես այդ հիմարությունները չեմ ուզում լսեմ, ինձ հետ կապ չունեցող անհեթեթ խոսակցություններ են: Ուղեղս պղտորվում է, որ տենց բաներ եմ լսում»:

Ալիկ Սարգսյան News.am

Հայաստանի նախկին ոստիկանապետին ավելի շատ հետաքրքրում է իր ուղեղի զուլալ կամ պղտոր լինելը, քան իր պաշտոնավարման ժամանակ տեղի ունեցած հանցագործությունների բացահայտումը: Երբ խոսում են հայտնի «բանդայի» մասին, որը գործել է հենց իր պաշտոնավարման օրոք, Ալիկ Սարգսյանի համար այդ ամենը դառնում է հիմարություն: Պատճառը հասկանալի է. «բանդայի» գործով ամբաստանյալները ցուցմունք են տվել, որ այդ գործի հետեւում կանգնած է նախկին ոստիկանապետը: Եվ հիմա բացատրություն տալուց խուսափելու համար ավելի հեշտ է պարզապես այդ ամենն անհեթեթ խոսակցություն անվանելը:

 

«Դրանք կոմպրոմիսային սկզբունքներ են, որտեղ կետեր կան, որոնք մեզ չեն բավարարում, բայց կոմպրոմիսային լուծումը հենց ենթադրում է, որ կողմերից յուրաքանչյուրին ինչ-որ բան չպետք է բավարարի»:

Մանվել Բադեյան Tert.am

ՀՀԿ-ական պատգամավորը նկատի ունի տխրահռչակ Մադրիդյան սկզբունքները, որոնք բնավ էլ հայկական կողմի օգտին չեն, եւ Ուորլիքի ու Հեֆֆերնի՝ վերջերս հնչեցրած ոչ հայանպաստ հայտարարություններն էլ հենց այդ սկզբունքներից էին բխում: Եվ հիմա հարց է առաջանում. եթե իշխանությունները գիտեին, որ այդ սկզբունքների շատ կետեր չեն բավարարում, ապա ինչո՞ւ էին ժամանակին դրանց հետ համաձայնվում: Թե՞ պարտադիր պետք է տարիներ անցնեին, որպեսզի հասկանային, որ սխալ ուղղությամբ են գնացել: Այո, կոմպրոմիսային լուծումը կոնպրոմիսներ է ենթադրում, բայց՝ փոխադարձ:




Լրահոս