ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակաամերիկյան հոդվածների պատվիրատուն Ս.Սարգսյա՞նն էր

Ամերիկյան գաղտնի նամակագրությունը հրապարակած «Վիկիլիքս»-ի փաստաթղթերի շարքում առանձնանում է հետեւյալ զեկուցագիրը, որ հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Գոդֆրեյը: Վաշինգտոն ուղարկված այս փաստաթուղթը պատմում է Հայաստանում հակաամերիկյան տրամադրությունների մասին: Հեղինակը հատուկ ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ այդպիսի տրամադրություններին տուրք են տալիս իշխանամետ թերթերը: Կատարելով մի շարք մեջբերումներ իշխանական թերթերից՝ Գոդֆրեյը կարծիք է հայտնում, որ դրանք ուղղորդված են քաղաքական ղեկավարության կողմից: Դիվանագետը այդ թերթերն ու պատվիրված հոդվածները կապում է Սերժ Սարգսյանի անվան հետ՝ համարելով, որ իշխանություններին դուր չի գալիս արդար ընտրություններ անցկացնելու հարցում ամերիկյան օժանդակությունը:

Գոդֆրեյը սույն փաստաթուղթը հեղինակել է 2007թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Դիվանագետը նկատում է, որ իշխանական թերթերը շարունակական հարձակում են սկսել ամերիկյան եւ արեւմտյան տարբեր առաքելությունների դեմ: Այդ շարքում հեղինակը հիշատակում է «Հայոց աշխարհ» եւ «Գոլոս Արմենիի» թերթերը, որոնք ԱՄՆ-ին մեղադրել են Հայաստանի ներքին հարցերի մեջ խառնվելու համար: Այս համատեքստում ամերիկյան կազմակերպություններից հատուկ քննադատության է արժանացել «Ժողովրդավարության ազգային ինստիտուտ»-ը (ԺԱԻ), որին իշխանամետ թերթերն ամբաստանում էին գունավոր հեղափոխություն կազմակերպելու մեջ: Ամերիկացի պաշտոնյայի ուշադրությունն է գրավել նաեւ այն հանգամանքը, որ վերը նշված պարբերականներն ուղղորդված քննադատությամբ են հանդես եկել բրիտանական դեսպանության նկատմամբ, որի ներկայացուցիչը, հիշեցնենք, այդժամ հանդիպել էր Արթուր Բաղդասարյանին եւ նրանց խոսակցության ձայնագրությունը հրապարակվել էր հենց իշխանամետ թերթերում: Գոդֆրեյը տեղեկացնում է, որ ամերիկյան ուղղությամբ հարձակում սկսած թերթերը տարբեր շշուկների համաձայն ֆինանսավորվում են ՀՀԿ առաջնորդ, այնժամ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից, «որոնք վերջին տարիներին հազվադեպ քննադատելով արեւմտյան ուժերին՝ կրկին վերադարձել են նախկին դիրքերին»: Դիվանագետը փաստում է, որ ակտիվ հարձակումներն իրականում ցուցիչ են, թե ինչպիսի անհանգստության մեջ է կառավարող էլիտան՝ կապված ընտրական արդար գործընթացին աջակցող ծրագրերի հաջողության հետ:
Գոդֆրեյն այնուհետեւ մասնավորեցնում է, որ վերոհիշյալ «պարբերականները կարծես կրկին հանձն են առել հարձակվող շների դերը՝ ենթադրաբար սպասարկելով իշխող կուսակցության շահերը»: Ամերիկացին արձանագրում է, որ հակաարեւմտյան հռետորիկան սկսվել է դեռ 2007թ. հունվարից, երբ իշխանամետ թերթերը միաժամանակ՝ գրեթե համանման հոդվածներ են տպագրել՝ ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարության աջակցության ծրագիրը համարելով ՀՀ-ում արտաքին միջամտություն իրականացնելու գործիք: Դիվանագետի ուշադրությունն է գրավել այն հանգամանքը, որ վերոնշյալ թերթերը կոչ են արել ՀՀ իշխանություններին` հետեւել ՌԴ նախագահ Պուտինի քայլին եւ ընդդիմանալ քաղաքական զարգացման հարցերում արտաքին ֆինանսական աջակցությանը: Հետաքրքիր է, որ այստեղ ամերիկացիները կարծես ակնարկներ են տեսել՝ կապված ՀՀ արտաքին քաղաքական կողմնորոշման հետ: Իրականում բավականին հավանական է, որ իշխանությունները հենց այդպիսի նպատակ են ունեցել՝ հասկացնելու, որ կարող են հակաամերիկյան հանրային կարծիք ձեւավորել իրենց լրատվամիջոցներով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջ.Բուշը Ս.Սարգսյանին շնորհավորական ուղերձ էր հղել խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, կարող ենք ենթադրել, որ ԱՄՆ-ն ինչ-որ չափով ենթարկվել էր այդ «շանտաժներին»՝ նպատակ ունենալով Հայաստանը պահել ամերիկյան ուղեծրում: Ընդգծենք, որ հաճախ չեն հանդիպում նման դեպքերը, երբ ԱՄՆ նախագահը նախագահական կառավարում ունեցող երկրում շնորհավորում է վարչապետին՝ համեստորեն զերծ մնալով նույն արարքից՝ նախագահական ընտրություններում:
Ամերիկացի պաշտոնյայի ուշադրությունն է գրավել իշխանական թերթերից մեկի այն հայտարարությունները, թե ԺԱԻ-ն Ուկրաինայում, Սերբիայում եւ Վրաստանում հաջողեցնելով գունավոր հեղափոխությունները, ձգտում էր նույնն անել նաեւ Հայաստանում: Ըստ այդ հրապարակումների՝ ԺԱԻ-ն փորձում էր համախմբել հայ երիտասարդությանը Հայաստանի կառավարության դեմ: Պարբերականի ներկայացմամբ՝ այս եւ մյուս կազմակերպությունների ներկայացուցիչներն ակտիվորեն մասնակցել են ընդդիմադիր կուսկացությունների հանրահավաքներին՝ հասկանալու, թե արդյոք արժե՞ ներդրումներ անել նրանց վրա, որպեսզի Հայաստանում հեղափոխություն իրականացնեն:
Իսկ ահա Արթուր Բաղդասարյանի ու բրիտանացի դիվանագետի հանդիպման հետ կապված սկանդալին անդրադառնալով՝ Գոդֆրեյը նկատում է, որ զրույցը հավանաբար գաղտնալսվել ու ձայնագրվել էր ԱԱԾ-ի կողմից, իսկ իշխանական թերթերը կենտրոնացել էին բրիտանացի պաշտոնյայի ուղղությամբ քննադատության վրա: Հավելենք, որ Ժողովրդավարության ազգային ինստիտուտին հեղափոխության հրահրման մեջ մեղադրում էր նաեւ Ռոբերտ Քոչարյանը, ինչին ավելի մանրամասն կանդրադառնանք հաջորդիվ:
Ամփոփելով զեկուցագիրը՝ Գոդֆրեյն արձանագրում է, որ ԱՄՆ հանդեպ իշխանությունների վերաբերմունքի փոփոխությունը կապված է նրանց այն մտահոգության հետ, որ արդար ընտրությունների աջակցության ծրագրի հաջողություններին զուգահեռ կարող են նվազել իշխանական ուժերի հնարավորությունները: Դիվանագետը հավանական է համարում վերը հիշատակված պարբերականների ու Սերժ Սարգսյանի միջեւ առկա կապը, հատկապես որ այդ թերթերը հազիվ թե համարձակվեին ինքնուրույնաբար նման հոդվածներ հրապարակել՝ առանց վերնախավի առնվազն լուռ համաձայնության: ԱՄՆ գործերի հավատարմատարի համոզմամբ՝ «հակաամերիկյան նմանատիպ դատարկախոսություններով հայկական վերնախավը տհաճություն է զգում ժողովրդավարական ծրագրերի հաջողություններից»:

Նժդեհ Հովսեփյան

 
Արգելվել է «Լոռի» պանրի արտադրությունը

Օրեր առաջ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանի համապատասխան որոշումով արգելվել է «Կումայրի կաթ» ՍՊԸ-ի «Լոռի» եւ «Դիլի» ՍՊԸ-ի «Մոցառելլա դիլի» պանիրների արտադրությունը: Նշենք, որ «Կումայրի կաթ» ընկերությունը գործում է Գյումրի քաղաքում, իսկ «Դիլի»-ն՝ Դիլիջանում:
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ն «Կումայրի կաթ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգումների արդյունքում «Լոռի» արտադրատեսակների արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Ստուգման ընթացքում պարզվել է, որ «Կումայրի կաթ» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Լոռի» պանիր արտադրատեսակի նմուշները, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, ԱՑԽՄ եւ ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին եւ դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշմամբ սահմանված պահանջներին: Իսկ ահա Դիլիջանում գործող «Դիլի» ՍՊԸ-ում ՍԱՊԾ-ն «Մոցառելլա դիլի» արտադրության փուլում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերքի թողարկում:
Կազմակերպություններին տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը եւ տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան: Խախտումների վերացման ժամկետ է սահմանվել մինչեւ 2014 թվականի օգոստոսի 10-ը:
Երեկ ողջ օրը «Ժողովուրդ»-ին այդպես էլ չհաջողվեց գտնել «Կումայրի կաթ» ընկերության տնօրինությանը: Քանի որ ընկերության մասին ոչ մի տեղ հստակ տեղեկատվություն չկար ներկայացված: Իսկ ահա ՀՀ պետական ռեգիստրում «Կումայրի կաթ» անվանումուվ կար գրանցված մի ընկերություն, որի հիմնադիրն է Հովհաննես Պետրոսյանը: Սակայն գյումրեցիներից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս ընկերությունն այդքան էլ հայտնի չէ, ավելին՝ շատերի խոսքով, այն գործում է ավտոտնակում:
Իսկ ահա Դիլիջանում գործող «Դիլի» ընկերության տնօրինությունն այս օրերին Հայաստանում չէ: Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ընկերության աշխատակցից, ով հայտնեց. «Տնօրեններն այս պահին այստեղ չեն, այդ պատճառով էլ մենք չենք կարող այդ հարցի շուրջ որեւէ պաշտոնական կարծիք հայտնել»:
Ամեն դեպքում, նկատենք, որ մի կողմից՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարում է, թե ինքն ամեն հարցում պատրաստ է աջակցել մանր ու միջին գործարարներին, բայց մյուս կողմից՝ այս եւ նման օրինակներով իրականում կասեցնում են գործարարների աշխատանքը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 
Ավելի բարեկեցիկ փոխքաղաքապետեր

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տեղակալներն իրենց կարողությամբ կարող են համեմատվել շատ պատգամավորների կամ նույնիսկ նախարարների հետ: Երեւանի քաղաքապետն ունի չորս տեղակալ եւ նրանցից ամենահամեստ դրամական միջոցները ներկայացրել է առաջին տեղակալ Կամո Արեյանը: Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրի` նա ունի 400 հազար դրամ, իսկ մեկ տարվա ընթացքում միայն աշխատավարձն է եղել նրա եկամուտը, որն էլ կազմել է 6 մլն դրամ: Մյուս տեղակալները համեմատաբար շատ դրամական միջոցներ ունեն: Օրինակ՝ Վահե Նիկոյանն ունի 8 մլն 500 հազար դրամ: Որպես համեմատություն նշենք, որ 2013թ. նա ունեցել է 7 մլն 700 հազար դրամ, որն էլ աճելով տարեվերջին դարձել է 8,5 մլն: Ավելացել են նաեւ նրա դոլարային խնայողությունները` 9000-ից դառնալով 10 հազար դոլար: Կրկին նրա եկամուտը եղել է միայն աշխատանքի վարձատրությունը` 4 մլն 330 հազար դրամ: Անցած տարվա ընթացքում ավելացել են նաեւ Արամ Սուքիասյանի դրամական միջոցները: Այսպես. դեռեւս 2013թ. սկզբին նա ունեցել է 11 մլն դրամ, իսկ արդեն հաշվետու տարվա վերջում` 12 մլն 500 հազար դրամ: Բացի այդ, նա ունի նաեւ 8 000 դոլար: Մեկ տարվա ընթացքում Սուքիասյանը վաստակել է 9 մլն դրամ, որը գոյացել է աշխատանքի եւ հեղինակային վարձատրություններից: Ամենաշատ դրամական միջոցներն ունի Դավիթ Օհանյանը: Հայտարարագրում նշված է, որ նա ունի 30 մլն 250 հազար դրամ, 23 500 դոլար եւ 15 հազար եվրո: 2013թ. ընթացքում նրա 3 մլն դրամ եկամուտը գոյացել է աշխատավարձից:

 




Լրահոս