Սպանության եւ գողության մեջ կասկածվողն անհետացել է
Ստեփանավանում «Արիչոկ» մականունով հայտնի Արա Հախվերդյանի սպանության համար 7-ամսյա կալանքից հետո քրգործի վարույթը կարճվելու հիմքով ազատված 25-ամյա Արեն Հարությունյանը, ով հիմա էլ բնակարանային գողության փորձի մեջ է կասկածվում, հուլիսի 4-ից անհետ կորել է: Հարազատներն այդ մասին հայտարարություն են տվել ոստիկանության Ստեփանավանի բաժնում, բայց նրանց խոսքով՝ պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվում Հարությունյանի անհետացման հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Արեն Հարությունյանից մինչ օրս ոչ մի տեղեկություն չկա, չեն վերծանվում նույնիսկ դեպքի օրը նրա կողմից կատարված հեռախոսազանգերը, որոնք կարող են օգնել նրա հայտնաբերմանը: Հարազատների պատմելով՝ անհետանալու գիշերը՝ ժամը 11.15-ի սահմաններում, Արեն Հարությունյանն ընկերոջ՝ Գառնիկ Բաղդասարյանի հետ դուրս է եկել տնից եւ գնացել Աշոտաբերդ թաղամաս, որտեղ ընկերն է բնակվում: Վանաձորից Ստեփանավան վերադարձող Արեն Հարությունյանի եղբայրը՝ Համլետ Հարությունյանը, հեռախոսով նրա հետ պայմանավորվել է հանդիպել Ստեփանավանում, բայց այնուհետեւ հեռախոսը, որ Արենի ընկերոջնն է եղել (Արենը հեռախոս չունի), անհասանելի է դարձել: Արենի եղբորը միայն գիշերը 1.30-ի սահմաններում է հաջողվել կապ հաստատել նրա ընկերոջ հետ, եւ վերջինս պատմել է, թե իբր Աշոտաբերդի ճանապարհին Արենն իրենից վերցրել է հեռախոսը եւ ինչ-որ մեկին զանգելով՝ խոսելով առաջ է անցել, որից հետո ինքը կորցրել է նրան:
Ընկերոջ խոսքով` Արենը միայն գիշերն է հետ եկել ու հեռախոսը վերադարձնելով՝ ասել է, թե տղաների հետ է, ապա նստել է ինչ-որ սպիտակ մեքենա ու գնացել: «Հետո զանգեցի, հեռախոսի տերը վեր կալավ, ասի՝ այ ախպեր, էս ուր կորաք, ասում եք՝ արի ճամփեն, զանգի, զանգում եմ՝ չեք վերցնում: Ասում ա` Արենին կորցրել էի, հետո գիշերը եկավ, մի հատ ավտոյով էր, հեռախոսը տվեց ինձ ու գնաց, սպիտակ ավտո էր: Ասում եմ՝ ովքեր էին, ասում ա՝ դե ուշադրություն չեմ դարձրել, բայց իրանց շենքերը լուսավոր են, հնարավոր չի՝ ինքը չտեսնի՝ ինչ ավտո ա, ով ա: Կամ էդ ընկերոջը վախացրել են, որ չասի, կամ էլ չերեզ էդ ընկեր ինչ անելու էին, արին: Որպես հավատարիմ՝ երեւի դրա համար հետը գնաց, որովհետեւ գիշերները սպանեին՝ անծանոթ ավտո չէր նստի»,-ասում է Արենի եղբայրը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում անհետ կորածի եղբայրը նշեց, որ Արիչոկի գործով ազատվելուց հետո Արենի նկատմամբ հնարավոր սպառնալիքների, ճնշումների մասին տեղյակ չէ, բայց չի էլ բացառում, որ նրա անհետանալը կապված լինի հենց այդ սպանության հետ՝ որպես վրեժխնդրություն: «Արենը փոքր վախտից դռան ոչ մի բանը չի եկել տանն ասել, շատ փակ էր, էս հարցով էլ չէր ընդարձակվի, որ ասի՝ ինձ վախացրին, ինձ սենց, ինձ նենց: Նաղդը փաստ ա, որ առեւանգին, տո լի սպանին, եսիմ ինչ արին: Ես հըմիկ ամեն ինչ էլ մտածում եմ, սաղի վրա էլ մտածում եմ, նաեւ, որ մլիցեքի ձեռով ա անհետացել, սաղի վրա եմ ես կասկածում: Բայց որ իրա հետի տղեն ամեն ինչ գիտի, 100 տոկոս ա»,-ասում է Համլետ Հարությունյանը:
Արեն Հարությունյանի մայրը՝ Սուսաննա Պապյանն էլ ավելացնում է. «Էդ տղեն՝ ընկերը, ասում ա՝ տրասում իրան կորցրեցի, ասում եմ՝ օքսիդացա՞վ, բա լավ, քո ընկերն ա, կճվայիր կամ մի բան. սրա մեջ շատ բան կա: Ասում ա՝ ես ծխում էի բալկոնի առաջին, բերեց հեռախոսը տվեց, գնաց, ո՞ւմ հետ գնաց, ո՞նց գնաց, բա՝ չտեսա: Էդ գնալն ա, մինչեւ էսօր թե գալ տի»: Մայրն ավելի հակված է կարծելու, որ որդու անհետացումը հենց Արիչոկի սպանության հետ է կապված: «Արիչոկի թաղման օրը ինձ խաբար բերին, որ իբր ընկերները խոստացել են՝ մենք իրա (Արենի՝ հեղ.) արյունը քո գերեզմանին կբերենք: Ասում եմ՝ կարող ա բռնին տարան մի տեղ, մորթին, սպանին, եսիմ ինչ արին»:
Հիշեցնենք, որ Արա Հախվերդյանի՝ Արիչոկի սպանության մեջ մեղադրվող Արեն Հարությունյանի վերաբերյալ Լոռու դատախազությունը որոշում էր կայացրել, որ նա գործել է անհրաժեշտ պաշտպանության սահմաններում, եւ այս հիմքով քրեական գործի վարույթը կարճվել էր, ու Արեն Հարությունյանն ազատ էր արձակվել կալանքից: Նրան առնչվող մյուս՝ գողության գործով էլ հենց իր հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում քննություն է կատարվում` ոստիկանների կողմից բռնության փաստի վերաբերյալ:
Ադրինե Թորոսյան
Անօթեւանները չեն կողմնորոշվում
2008թ-ից Գյումրիում սկիզբ առավ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար բնակարանների կառուցման եւ տրամադրման գործընթացը: 24 տարի տնակներում պատսպարվելուց հետո բազմաթիվ ընտանիքներ այս ծրագրի շրջանակում բնակարան ստացան, սակայն գործընթացը 2012թ-ին կասեցվեց եւ շահառու ընտանիքները մնացին ձեռնունայն:
Նախորդ շաբաթ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գյումրի կատարած իր այցելության ժամանակ խոստացավ վերսկսել 2012-ին դադարեցված շինարարական աշխատանքները՝պայմանով, որ ժողովրուդը պիտի ընտրի սպասել նոր բնակարանների կառուցմանը, թե ստանալ պետության կողմից տրվող բնակարանային գնման վկայական: Հենց այս նպատակով քաղաքապետարանում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը պետք է զբաղվի խնդրով:
Ինչպես տեղեկացանք քաղաքապետարանի համայնքային հաշվառման եւ գույքի կառավարման կենտրոնից՝ հուլիսի վերջին պետք է պատրաստ լինեն այն 423 շահառու ընտանիքների ցուցակները, ովքեր «այո» կամ «ոչ» քվեարկությամբ կընտրեն բնակարանաշինություն, թե բնակարանային գնման վկայական տարբերակները: Արդյունքներն ամփոփելուց հետո հանձնաժողովը դրանք կներկայացնի քաղաքապետին, որպեսզի վերջինս էլ խնդրի լուծման տարբերակով հանդես գա կառավարության առաջ: Միայն թե, զրուցելով շահառու ընտանիքների հետ, հանդիպեցինք տարակարծության: Անօթեւաններն իրենք էլ չեն կողմնորոշվում, թե որն է ճիշտ տարբերակը, ինչպես ասացին` կանգնած են երկու քարի արանքում: Սպասել նոր բնակարանների շինարարությանը այլեւս ի վիճակի չեն, քանի որ դա տարիներ է տեւելու, իսկ վերցնելով բնակարանային գնման վկայականը՝ համոզված չեն, որ գումարը կբավարարի նոր բնակարան գնելու համար. ասում են` հարազատների փորձն աչքերի առաջ ունեն: Նշենք, որ այս ամենը վերաբերում է դեռեւս 2008-ին հաշվառված 423 անօթեւան ընտանիքներին, իսկ 2008-ից այս կողմ այդպիսի ընտանիքների թիվը 1700-ից անցել է:
Արեւիկ Հակոբյան
Գյումրի
Լուրեր
Համալիրը դեռեւս գնորդ չունի
Արդեն 5-րդ անգամ աճուրդի հանված Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը նորից գնորդ չունեցավ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր ծառայության կայքից:
Ինչպես նախապես ասված էր, համալիրը վաճառքի էր հանվել հուլիսի 17-ին, 10 տոկոս զեղչով, մեկնարկային գինը սահմանվել էր 12 մլրդ 695 մլն 535 հազար դրամ: Աճուրդի վերջնաժամկետը հուլիսի 29-ն էր, որն ավարտվեց նորից առանց առաջարկի:
Նշենք, որ համալիրն առաջին անգամ աճուրդի էր հանվել մայիսի 19-ին՝ 19 մլրդ 350 մլն դրամով, սակայն մինչեւ մայիսի 29-ը որեւէ հայտ չէր ներկայացվել, եւ երեք օր անց՝ հունիսի 2-ին, այն աճուրդի էր հանվել 17 մլրդ 410 մլն դրամ արժեքով, սակայն այս դեպքում եւս գնորդ չէր հայտնվել: 3-րդ անգամ համալիրն աճուրդի էր հանվել հունիսի 17-ին՝ արդեն 15 մլրդ դրամով: Իսկ 4-րդ անգամ շենքն աճուրդի էր հանվել հուլիսի 2-ին՝ 14 մլրդ 106 մլն 150 հազար դրամով:
Հիշեցնենք, որ մարզահամերգային համալիրի տնօրինությունը պնդում է, թե համալիրի աճուրդի որոշումը ապօրինի է: Այդ կապակցությամբ տնօրինությունը հայց է ներկայացրել դատարան, որն անօրինական է համարել աճուրդը:
Բողոքի ակցիան չի կայանա
Գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանի ֆեյսբուքյան էջում գրվել է.
Հարգելի հայրենակիցներ.
«Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի» միասնական շտաբի որոշմամբ, նախապես հուլիսի 31-ին հայտարարված երթը դեպի ՄԻՊ գրասենյակ եւ ՌԴ դեսպանատուն, չի կայանա.
Այս պահին նման միջոցառման անցկացումը չի բխում Լեւոն Հայրապետյանի շահերից:
Ներկայում արվում են համատեղ մշակված գործողություններ, որոնք իրենց արդյունավետությամբ ավելի նշանակալի կլինեն դրական հետեւանքների առումով:
Բնության վնասը՝ 1.66 մլն
ՀՀ բնապահպանության նախարարության՝ 21–25.07.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների եւ Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.55 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում եւ հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 1.66 մլն դրամ ընդհանուր գումարի վնաս:
ԼՂՀ-Ի ԴԵՐԸ
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 29-ին ընդունել է Անգլիայի Հայ մարմնակրթական ընդհանուր միության երիտասարդական պատվիրակությանը: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Սփյուռքի կազմակերպությունների երիտասարդական խմբերի այցերն Արցախ, որի միջոցով հնարավորություն է ստեղծվում ամրապնդել կապերն Հայրենիքի հետ: Ապա Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանային, մասնավորապես անվտանգային գործընթացներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ունեցած դերի, նրա հանրային-քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքի, Արցախում իրականացվող համահայկական ծրագրերի, ինչպես նաեւ ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի թեմաները: