Կալիֆորնիա նահանգի Ալհամբրա քաղաքի ոստիկանները Ֆեյսբուք սոցցանցում հեռարձակել են տարվա «գլխավոր հետապնդումը»: Նրանք փորձել են բռնել 68-կիլոգրամանոց կրիային, որը փախել էր իր տերերից. տեղեկացնում է ABC News-ը:
Փախուստի վայր է ժամանել երկու ոստիկաններից բաղկացած օպերատիվ խումբը: Իրավապահներն իրենց գործողությունների մանրամասն հաշվետվություն են ներկայացրել առցանց, և դա առաջացրել է քաղաքի բնակիչների հրճվանքը:
Ուշի ուշով հետևելով հետապնդման ընթացքին՝ համացանցի օգտատերերը կարողացել են որոշել «փախստականի» տեսակը: Պարզվել է, որ ոստիկանության հետապնդման օբյեկտը իր մեծությամբ աշխարհում երրորդ տեղը զբաղեցնող կենդանատեսակին է պատկանում: Նրանց քաշը կարող է հասնել մինչև 100 կիլոգրամի: «Ձերբակալվածը հրաժարվել է պատասխանել հարցերին և չի արձագանքել «նինձյա-կրիաների» անուններից ոչ մեկին», – գրել են ոստիկաններն այն բանից հետո, երբ բաժանմունք են տարել կրիային: