Ա.Խալափյանի մասով վարույթն իրականացնող մարմինը խախտել է «Փաստաբանության մասին» օրենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես քիչ առաջ հայտնել էինք, այսօր առևտրային կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել է փաստաբան Արշավիր Խալափյանը:

ՀՀ փաստաբանների պալատն, անդրադառնալով Ա. Խալափյանի ձերբակալմանը, կոչ է անում քրեական վարույթն իրականացնող մարմնին քրեական գործի վարույթն իրականացնել՝ խստորեն պահպանելով ՀՀ քրեադատավարական սկզբունքները:

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից Armlur.am-ը տեղեկանում է, որ ՓՊ-ն հիշատակում է օրինականության, օրենքի առջև հավասարության, անձի իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը հարգելու, անձի անձեռնմխելիության, գործի արդարացի քննության և անմեղության կանխավարկածի վերաբերյալ սկզբունքները։

Փաստաբանների պալատը նշում է, որ «Hetq.am» լրատվական կայքի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ 2014թ. օգոստոսի 2-ին Սյունիքի մարզի քննչական բաժնում ձերբակալվել է փաստաբան Արշավիր Խալափյանը, ով կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով (առևտրային կաշառք ստանալը) նախատեսված արարք կատարելու մեջ:

Փաստաբանների պալատը հայտնում է, որ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ փաստաբանին ձերբակալելու կամ կալանավորելու դեպքում վարույթն իրականացնող մարմինն այդ մասին անհապաղ տեղեկացնում է փաստաբանների պալատի նախագահին:

Սակայն վարույթն իրականացնող մարմինը ՀՀ փաստաբանների պալատի նախագահին անհապաղ չի տեղեկացրել՝ փաստաբան Արշավիր Խալափյանին ձերբակալելու մասին՝ խախտելով վերոհիշյալ նորմի պահանջը։

Փաստաբանական կառույցը հիշեցնում է, որ Փաստաբանների պալատի խնդիրներից է նաև պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում։




Լրահոս