ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ամեն անգամ 38 եւ 78 համարի երթուղայիններից օգտվելիս նկատում եմ, որ դուռը, պատուհանը կամ նստատեղն անսարք է եւ անհարմար: Ինչպե՞ս է վերահսկվում երթուղայինների անսարք լինելու խնդիրը: Վարորդները նյարդերից թույլ մարդիկ են: Նրանց առողջական խնդիրներն արդյո՞ք վերահսկվում են:

Նունե Կարապետյան, 42 տարեկան, ուսուցչուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից տեղեկացնում են, որ Երեւանի ներքաղաքային երթուղիներում շահագործվող միկրոավտոբուսների (ավտոբուսների) տեխնիկական վիճակի ամենօրյա նախաուղերթային զննման եւ վարորդների առողջական վիճակի զննման աշխատանքներն իրականացվում են երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից: «Երեւանտրանս» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնարարվել է ուսումնասիրել միկրոավտոբուսային համար 38 եւ 78 երթուղիների շարժակազմերի վիճակը, ժամանակավորապես արգելել տեխնիկական անսարքություններ ունեցող միկրոավտոբուսների շահագործումը, մինչեւ հայտնաբերված թերությունների վերացումը:    

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նման պատասխան բոլոր ժամանակներում կարելի է լսել: Հուսադրող է միայն այն, որ այս շաբաթվանից շահագործվող ավտոբուսներն ինչ-որ չափով կփոխարինեն հնամաշ երթուղայիններին: Այլապես, ինչպես միշտ, փոքր է հույսը, որ հնարավորինս մաշված երթուղայիններն ինչ-որ ժամանակ կնորոգվեն: Կասկածից վեր է, որ գծատերերին, բացի 100 դրամից, ուրիշ ոչինչ չի հետաքրքրում: Ուստիեւ երթուղայինների շահագործման դադարեցումը խնդրի լուծման լավագույն ելքն է:




Լրահոս