ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հարուստ լինելու և շատ դրամական միջոցներ ունենալու մասին բազմիցս է խոսվել: Սակայն նրան ոչնչով չեն զիջում Երևան քաղաքի և մարզերի դատախազները: Armlur.am-ը կներկայացնի Երևանի և մի քանի մարզերի դատախազների դրամական միջոցները:
Երևանի դատախազ Արթուր Դավթյանն իր պաշտոնին նշանակվել է 2013թ. հոկտեմբերին, իսկ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով իր հայտարարագիրը ներկայացրել է այս տարվա փետրվարի 18-ին: Ըստ այդմ՝ նա ունի 8 մլն դրամ: Նշենք, որ համեմատած 2013թ. սկզբի` նրա դրամական միջոցները նվազել են, քանի որ տարվա սկզբում նա ունեցել է 10 մլն դրամ: Սակայն այս ամենի հետ մեկտեղ հաշվետու տարվա ընթացքում նա աշխատանքի վարձատրությունների և գույքը օտարելուց ստացված եկամուտների շնորհիվ կարողացել է 11 մլն 916 հազար դրամ վաստակել:
Արագածոտնի մարզի դատախազ Հակոբ Մարտիրոսյանն իր պաշտոնը զբաղեցնում է 2012թ. դեկտեմբերից, իսկ հայտարարագիրը ներկայացրել է այս տարվա փետրվարի 11-ին: Ըստ հայտարարագրի տվյալների՝ նա ունի 120 հազար դոլար: Մեկ տարվա ընթացքում աշխատանքի վարձատրությունների շնորհիվ կարողացել է 4 մլն 552 հազար դրամ վաստակել:
Իսկ Արարատի մարզի դատախազ Համբարձում Մելիք-Սարգսյանն իր պաշտոնը զբաղեցնում է 2013թ, նոյեմբերից, իսկ հայտարարագիրը ներկայացնելու օրն այս տարվա փետրվարի 14-ը: Նրա դրամական միջոցները մեկ տարվա ընթացքում ավելացել են 4 մլն դրամով: Այսպես, 2013թ. նա ուներ 19 մլն 250 հազար դրամ, որը տարվա ընթացքում աճել է և արդեն տարվա վերջում դարձել 23 մլն 745 հազար դրամ: Բացի այս՝ մեկ տարվա ընթացքում նա վաստակել է ռեկորդային՝ 27 մլն 708 հազար դրամ: Այդ գումարը գոյացել է աշխատանքի վարձատրությունից՝ 4 մլն 668 հազար դրամ և ստացված փոխառություններից 23 մլն 040 հազար դրամ: