Կառավարությունը կանի ամեն ինչ՝ սահմանամերձ համայնքներին աջակցելու համար. վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Տավուշի մարզի Չինարի, Այգեձոր եւ Արծվաբերդ սահմանամերձ համայնքներ:

Երկրի վարչապետը նախ եղել է Չինարի գյուղում տեղակայված, հայ-ադրբեջանական պետական սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկում: Կառավարության ղեկավարը հանդիպել է առաջապահ դիրքում ծառայություն անցկացնող զինվորներին եւ հրամանատարներին, հետաքրքրվել նրանց մարտական եւ հոգեբանական պատրաստվածությամբ, ապա շրջայց կատարել մարտական հենակետում, ծանոթացել ծառայության անցկացման եւ կենցաղային պայմաններին: Հայաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր զինվորականներին՝ անձնվիրությամբ ու խիզախությամբ հայրենիքին ծառայելու եւ պետական սահմանն ամուր պահելու համար:

Այնուհետեւ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Չինարի, Այգեձոր եւ Արծվաբերդ համայնքների ղեկավարներին, գյուղացիներին եւ սպայական անձնակազմին: Վարչապետը զրուցել է տեղի բնակիչների հետ՝ ծանոթացել նրանց խնդիրներին, պատասխանել հուզող հարցերին: Գյուղացիներին առաջնահերթ մտահոգում էր սահմանային վերջին միջադեպերի հետեւանքով ստեղծված լարված իրավիճակը: Այդ կապակցությամբ Հայաստանի վարչապետը եւ պաշտպանության նախարարը վստահեցրել են, որ ՀՀ զինված ուժերի եւ ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով՝ պաշտպանելով հայրենիքի սահմանը եւ ապահովելով ազգաբնակչության անվտանգությունը:

Այնուհետեւ կառավարության ղեկավարն անդրադարձել է բնակիչների բարձրացրած սոցիալական հարցերին, որոնք վերաբերում էին գործարարությամբ զբաղվողներին հարկային արտոնությունների տրամադրմանը, ճանապարհների կառուցմանը, ուսանողների ուսման վարձերին, էլեկտրաէներգիայի, գազի եւ այլ վարձավճարների փոխհատուցմանը եւ այլն: Վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունում քննարկվում է սահմանամերձ համայնքներում գործարարությամբ զբաղվել ցանկացողներին հարկերից ազատելու հնարավորությունը՝ նոր աշխատատեղեր բացելու եւ տնտեսական կյանքն ակտիվացնելու նպատակով: Գործադիրի ղեկավարը Արծվաբերդի բնակիչներին խոստացել է առաջնահերթություն դարձնել մանկապարտեզի կառուցման աշխատանքները՝ հանձնարարելով Տավուշի մարզպետին կազմել եւ նախագծանախահաշվային փաստաթղթեր ներկայացնել կառավարություն: Հովիկ Աբրահամյանը նաեւ հանձնարարել է Չինարիի գյուղապետին ներկայացնել համայնքի ուսանողների ցանկը՝ նրանց ուսման վարձը ՀՀ կառավարության կողմից փոխհատուցելու նպատակով:

Տավուշի մարզում վարչապետն այցելել է նաեւ տեղի «Վիտալ» պահածոների գործարան, ծանոթացել արտադրական հնարավորություններին եւ ծրագրերին:




Լրահոս