«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում հունիսի 29-ին տեղի ունեցած ուժեղ քամուց տուժած բնակիչները շարունակում են դժգոհել ՀՀ կառավարությունից, Գեղարքունիքի մարզպետարանից եւ քաղաքապետ Վոլոդյա Խլոյանից:
Բանն այն է, որ բարձրացված մեծ աղմուկի ֆոնին Վարդենիս գնացին տարբեր տրամաչափի չինովնիկներ, խոստումներով «կերակրեցին» մարդկանց, գործադիրն էլ որոշեց 20 մլն դրամի չափով փոխհատուցում տալ տուժածներին, սակայն օգնությունն իրականում եղավ սիմվոլիկ, «կիսատ-պռատ,» եւ արդյունքում՝ շուրջ մեկուկես ամիս է՝ շատ մարդիկ ապրում են «բաց երկնքի տակ»:
Հատկապես նրանք, ովքեր հրաժարվեցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղարկած «շիֆերներից»՝ սպասելով կառավարության ուղարկելիք թիթեղներին, խաբվեցին: Վարդենիսի բնակիչ Արտակ Մանուկյանը վրդովված պատմեց, որ նախորդ շաբաթ փորձել է մոտենալ Գեղարքունիքի մարզ այցելած ՀՀ վարչապետին, սակայն թույլ չեն տվել՝ խորհուրդ տալով նամակ գրել: Նամակ է ուղարկել Աբրահամյանի անունով, բայց այն մակագրվել է Գեղարքունիքի մարզպետին ու մնացել անպատասխան»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։