Հայաստան-Կանզաս Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում ս.թ. օգոստոսի 4-ից պաշտոնական այցով ԱՄՆ-ի Կանզաս նահանգում է գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:
Այցի ընթացքում կայացել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հանդիպումները Կանզասի նահանգապետ Սեմ Բրաունբաքի եւ Կանզասի ադյուտանտ գեներալ Լի Թաֆանելիի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Կանզաս Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Կանզասի ազգային գվարդիայի միջեւ համագործակցությանը եւ դրա հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության եւ Կանզաս նահանգի միջեւ ավելի քան մեկ տասնամյակի պատմություն ունեցող գործընկերության շրջանակներում արձանագրված հաջողությունների, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների եւ Կանզասի ազգային գվարդիայի միջեւ գոյություն ունեցող յուրահատուկ հարաբերությունների, Կանզասի նահանգապետ Սեմ Բրաունբաքի կողմից ստորագրվել է հռչակագիր:
Այցի ընթացքում նախատեսվում է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի մասնակցությունը «Աչալուրջ պահապան» բժշկական զորավարժության բարձրաստիճան հյուրերի օրվան: Նշված զորավարժությանը ամերիկյան կողմի հետ մասնակցում են նաեւ ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության հինգ ներկայացուցիչներ: