Արտագաղթի տեմպերը շարունակում են աճել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանն ու նրա իշխանության օրոք պաշտոնավարած կառավարությունները կարող են մի հարցում հպարտանալ. նրանք անշեղորեն իրականացրել են ներկայացրած ծրագրերի` Սփյուռքի վերաբերյալ հատվածը: Ս.Սարգսյանի պաշտոնավարման տարիներին հայկական սփյուռքը գնալով մեծացել է աննախադեպ ծավալներով, միայն թե` դա արվել է ի հաշիվ Հայաստանի:

ՀՀ ԱՎԾ-ն հրապարակել է այս տարվա առաջին կիսամյակի վիճակագրական տվյալները, եւ ժողովրդագրական առումով Հայաստանում իրավիճակը պարզապես մտահոգիչ է. բարձր տեմպերով շարունակվում է արտագաղթը: Այս տարվա հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ից մեկնել է 693 հազար 362, վերադարձել` 580 հազար 548 ՀՀ քաղաքացի: Ասել է թե` միայն կես տարվա ընթացքում արտագաղթել է 112 հազար 814 ՀՀ քաղաքացի: Այս ցուցանիշը 2013թ. համեմատ մի փոքր նվազել է, քանի որ նախորդ տարի արտագաղթել էր 123 հազար 303 ՀՀ քաղաքացի: Սակայն, չնայած այդ հանգամանքին, պատկերը միեւնույն է, տխուր է:

Հիշեցնենք, որ 2014թ. տարեսկզբից ՌԴ-ն խստացրել էր միգրացիոն օրենսդրությունը, եւ բավականին մեծ թվով ՀՀ քաղաքացիների այս կամ այն պատճառով սահմանից հետ էին ուղարկել: Խնդիրը լուծվեց միայն հունիսին` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` Սոչի այցի ժամանակ, ստորագրվեց համապատասխան փաստաթուղթ` հայ միգրանտների նկատմամբ այլ վերաբերմունք ցուցաբերելու եւ օրենսդրական որոշակի արտոնություններ տալու մասին:

Ասել է թե` անգամ ամիսներ շարունակ ՌԴ-ի կողմից երկիր մուտքի արգելքին, հեռացողների թիվն, այնուամենայնիվ, գերազանցում է 100 հազարը: Արտագաղթի տեմպերն ավելի լավ են երեւում, երբ տվյալները վերլուծում ենք ըստ սահմանային անցակետերի: Այս տարի «Զվարթնոց» օդանավակայանով ՀՀ-ից մեկնած ու վերադարձածների թվի տարբերությունը կազմել է 63 հազար 2 հոգի, Գյումրիի «Շիրակ» օդանավակայանով` 2 հազար 935 հոգի, Բագրատաշենի անցկետով` 40 հազար 899, Բավրայով` 4 հազար 959 ՀՀ քաղաքացի:

Նշենք, որ սրանք սահմանային այն հիմնական անցակետերն են, որոնցով արտագաղթում է ՀՀ բնակչությունը: Ընդ որում, եթե օդանավակայանով հեռանում են համեմատաբար ունեւորները, ապա Բագրատաշենի ու Բավրայի անցակետերով արտգաղթում են ոչ հարուստ մարդիկ, հիմնականում ընտանիքներով մեկնողները: Հետազոտությունները ցույց են տվել, որ Գյումրիի օդանավակայանով, Բագրատաշենի ու Բավրայի անցակետերով հիմնականում մեկնում են Ռուսաստան:

Ի դեպ, արտագաղթի պատկերն ավելի լավ է երեւում դպրոցներում կամ բուհերում սովորողների թվաքանակի տատանումների համատեքստում: Ըստ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ եթե 2008-/09 ուսումնական տարում միջնակարգ դպրոց ավարտել է 45 հազար 700 հոգի, ապա 2012-13թթ. նրանց թիվը դարձել 34 հազար 900: 2008-09 ուստարում բուհերում սովորել է 114.4 հազար ուսանող, իսկ 2012-13-ին ուսանողների թիվը դարձել է 90 հազար 100: Տարեցտարի նվազում է դպրոցներ եւ բուհեր ընդունվողների թիվը, եւ այդ ամենը` արտագաղթի հետեւանքով:

Արտագաղթի տեմպերի մասին են վկայում նաեւ Հայաստանում ապրանքաշրջանառության ծավալների անկումը եւ այլ սոցիալ-տնտեսական ցուցանիշներ:
Բայց Հայաստանից արտագաղթի այս տվյալներն առավել մտահոգիչ են դառնում բնական հավելաճի ցուցանիշների համատեքստում: Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ում ծնվել է 19 հազար 401, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում`18 հազար 802 երեխա: Ճիշտ է, ծնունդների թիվն աճել է 3.2 տոկոսով, սակայն դրան զուգահեռ աճել է նաեւ մահացությունների թիվը` 4.3 տոկոսով: 2014թ. մահացել է 14 հազար 929 մարդ, նախորդ տարի` 14 հազար 310 հոգի: Ասել է թե` բնական հավելաճը շարունակում է նվազել` 0.4 տոկոսով:

Եթե համադրենք բոլոր ցուցանիշները, կստացվի հետեւյալ պատկերը. մի կողմից` արտագաղթի միջոցով սրընթաց կերպով դատարկվում է երկիրը, իսկ մյուս կողմից` նվազում է բնական հավելաճը: Այսինքն` Հայաստանում տարեկան չի ծնվում այնքան մարդ, որ կարողանար կոմպենսացնել ոչ միայն արտագաղթողների, այլեւ` նույնիսկ մահացությունների թիվը:

Թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ արտագաղթի` նման տեմպերով շարունակումը, դժվար չէ պատկերացնել: Բավական է միայն նշել, որ երկիրը զրկվում է ներքին դիմադրողականությունից: Միայն թե, չնայած այս ամենին, իշխանությունները որեւէ քայլ չեն անում իրավիճակը կանխելու համար:

Արման Գալոյան




Լրահոս