ՀՀ Վայոց Ձորի մարզի 71 բնակիչ ունեցող Գնիշիկ համայնքի բնակիչներն այս տարի հայտնվել են անելանելի դրության մեջ: Բանն այն է, որ անասնակերը նախորդ տարվա համեմատ թանկ է. այն արժե 1300 դրամ: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Գնիշիկի համայնքապետ Մեսրոպ Մելքոնյանի հետ:
-Պարոն Մելքոնյան, գնիշիկցիները եկամտի ի՞նչ աղբյուր ունեն:
-Հիմնականում անասնապահությամբ են զբաղվում: Քչերն են գյուղատնտեսությամբ] հացահատիկային կուլտուրայով զբաղվում, որովհետեւ գյուղը ծովի մակարդակից գտնվում է 2060 մետր բարձրության վրա., իսկ դաշտերն ավելի բարձր են: Այդ պատճառով էլ եկամտի այլ աղբյուր չկա: Ի դեպ, որոշներն էլ մեղվաբուծությամբ են զբաղվում:
-Այս տարի անասնակերի գինը նախորդ տարվա համեմատ ավելի է թանկացել: Ի՞նչ են անելու մարդիկ: Չէ՞ որ խոտի մի տուկն արժե 1300 դրամ: Ինչի համար էլ այլ մարզերում մարդիկ ստիպված մորթում են իրենց անասունները:
-Էժան անասնակեր հայթայթելը հիմա շատ դժվար է: Մեզ մոտ էլ են ստիպված մարդիկ գնում այդ ճանապարհով: Այս շրջանում են մորթում իրենց անասունները, քանի որ հիմա մսի գինն ավելի բարձր է, քան ձմռան ամիսներին:
-Իսկ արտագնա աշխատանքի մեկնողներ կա՞ն, թե՞ ոչ:
-Գնացողներ կան: Այն մարդը, ով չի կարողանում անասնապահությամբ իր ընտանիքը պահել, դրա համար էլ ստիպված գնում է արտագնա աշխատանքի: Ուզած թե չուզած պետք է մեկնի:
-Երիտասարդնե՞րն են մեկնում:
-Իհարկե: Մեկնում են նրանք, ովքեր այստեղ զբաղմունք ու աշխատանք չունեն: Ախր, Դուք էլ գիտեք իմ հարցերի պատասխանները:
-Գյուղում քանի՞ աշակերտ կա:
-Այս պահին հինգն են, երկու առաջին դասարանցի կունենանք: Հուսամ, որ իմ սպասելիքները կարդարանան սեպտեմբերին եւ հինգը յոթ կդառնա: Նրանք էլ հաճախում են հարեւան Մոզրով գյուղ:
-Ի՞նչ խնդիրներ կան գյուղում, որոնք հրատապ լուծման կարիք ունեն:
-Ավելի լավ կլիներ հարցնեիք, թե ինչ խնդիրներ չկան, որ ես ավելի հակիրճ պատասխանեի: Ինչպես կարող է նեկայացրածս բնակավայրը, անկախ նրա գտնվելու վայրից` Նախիջեւանի սահմանի բերանին, շրջկենտրոնից 24 կմ հեռավորության վրա, որի ճանապարհի մի հատված գրունտային է, որտեղ խմելու ջուրը պակաս է, գյուղում դպրոց, խանութ չկա, խնդիր չլինի:
-Իսկ տրանսպորտի խնդիր կա՞:
-Տրանսպորտ ընդհանրապես գյուղ չի մտնում: Գյուղից մի քանիսը կան, որոնք մեքենա ունեն ու մարդկանց կարողանում են այդ հարցերով օգնել:
-Առաջիկայում Գնիշիկում համայնքի ղեկավարի ընտրություններ են տեղի ունենալու: Առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը:
-Ամենայն անկեղծությամբ եմ ասում` այնքան կուզեի, որ չառաջադրեի: Չէ որ այսօր մարդն իր ընտանիքի հոգսերը չի կարողանում լուծել: Մի քիչ բարոյական մարդը, որ տեսնում է իր շրջապատում գյուղացին, հարեւանը լավ չի ապրում ու ինքը պատասխան է կրում դրա համար, ուրեմն բավականին դժվար է: Հիմա ես երկընտրանքի առաջ եմ կանգնած: Չգիտեմ, գնա՞մ այդ ծանր քայլին, թե՞ ոչ:
-Դուք ՀՀԿ-ական եք…
-Այո, ես ՀՀԿ-ին 12 տարի է, ինչ անդամակցում եմ, բայց վերջակետ դնենք դրանով: Միեւնույն է` դրանից գյուղի վիճակը չի փոխվում:
զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ