Վիզային ռեժիմը Վրաստանի ծանր իրավիճակի արդյունք է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու խորհրդական Վան Բայբուրդը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոսելով Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպի մասին, ասաց, որ եթե Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը դեպքի օրը լիներ Թբիլիսիում, նման բովանդակության, կրքերը բորբոքող հայտարարություն չէր արվի:

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին վրացուհի մի կնոջ մեքենայի տեղաշարժման պատճառով մի խումբ վրացիներ հավաքվել էին շենքի բակում եւ ծեծի ենթարկել եկեղեցու առջեւ կանգնած Տեր Մանուկ քահանա Զեյնալյանին, թեմի Իրավական հարցերով եւ համագործակցության բաժնի տնօրեն Լեւոն Իսախանյանին եւ տնտեսվար Ռոբերտ Իսախանյանին: Ըստ Վան Բայբուրդի`հայկական եկեղեցու դեմ հարձակումը կրոնական հողի վրա տեղի չի ունեցել.

«Այո, տեղի է ունեցել տհաճ միջադեպ, սակայն դա որակավորել որպես հարձակում եկեղեցու վրա, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: Ցանկանում եմ հանգստացնել հայաստանյան հասարակայնությանը: Ասեմ, նախ` միջադեպը տեղի է ունեցել ոչ թե եկեղեցու բակում, առավելեւս եկեղեցում, այլ դրա հարակից տարածքում: Երկրորդ. տեղի ունեցածը ծագել է բացարձակապես կենցաղային հողի վրա: Իսկ թե ինչպես զարգացավ կենցաղային հողի վրա տեղի ունեցած միջադեպը, դատեք ինքներդ: Մի խոսքով, Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղր»-ի պատմության թբիլիսյան տարբերակի խաղարկման փորձ էր, որը, բարեբախտաբար, ժամանակին կանխվեց: Ավելին`  միջադեպի բոլոր մասնակիցները, անխտիր, եկեղեցու հարեւանությամբ թաղամասի բնակիչներ էին, ընդ որում` նրանց թվում կային նաեւ հայեր: Ահա թե ինչու համոզված ենք, որ միջադեպը կրոնական բնույթ չի ունեել, զուտ կենցաղային էր»:

Երբ Բայբուրդին հիշեցրինք հայկական եկեղեցու ներկայացուցիչների պնդումն այն մասին, որ ազգային հողի վրա իրականացված հանցագործություն է, քանի որ Վրաստանի լրատվամիջոցներով հայ եկեղեցու եւ, ընդհանրապես, հայության հանդեպ ատելություն է սերմանվում, Վան Բայբուրդը պատասխանեց. «Իմ կարծիքով, եթե Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը դեպքի օրը լիներ Թբիլիսիում, նման բովանդակության, կրքերը բորբոքող հայտարարություն չէր արվի: Ըստ երեւույթին, այն գրվել է ծայրահեղությունների հակված անձնավորության կողմից»:

Ըստ մեր զրուցակցի` ցավոք, երկու կողմերում էլ կան առանձին մարդիկ, ովքեր հրահրում են դիմակայություն.  «Սակայն նշեմ, որ Վրաստանում վիրահայերի եւ Հայաստանի հանդեպ առկա է շատ բարյացակամ վերաբերմունք: Վիրահայերի իրավունքներն այստեղ խախտվում են այնպես, ինչպես կարող են խախտվել, օրինակ` հենց վրացիների, ադրբեջանցիների, ռուսների, եզդիների, օսերի կամ այլ ազգի ներկայացուցիչների իրավունքները: Կրկնում եմ` ազգամիջյան հարաբերություններին առնչվող ամեն հայտարարություն անելուց առաջ պետք է լինել չափավոր զգույշ, նախօրոք տեղեկանալ երկու կողմերի փաստարկներին: Միանգամից ասեմ, որ մենք` հայերս, ու վրացիները չարակամներին թույլ չենք տա սեպ խրել վրաց-հայկական հարաբերություններում: Թող անգամ չերազեն այդ մասին, միեւնույն է` դա ոչ մեկին չի հաջողվի»:

Շարունակելով մեր հարեւան երկրի հետ առկա փոխհարաբերությունների թեման, Վան Բայբուրդից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է Վրաստանը որոշել այս տարվա սեպտեմբերից վիզային ռեժիմ սահմանել երկիր մուտք գործողների համար եւ ինչո՞ւ է այդ կարգը գործում նաեւ հենց Հայաստանի համար. հնարավո՞ր չէր այս հարեւանին շրջանցել:

«Իրականում, Վրաստանի կառավարության` վերջերս ընդունած  «Օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքի նպատակն է կարգավորել ինտեգրացիոն հարաբերություններն այլ պետությունների հետ:  Այդ երկրների թվում է նաեւ Հայաստանը եւ առանց վիզային ռեժիմի Հայաստանի քաղաքացիները կարող են գտնվել Վրաստանում 180 օրվա ընթացքում 90 օր:

Այսպիսով Վրաստանի կողմից միանման վերաբերմունք է դրսեւորվում բոլոր պետությունների եւ օտարերկրյա քաղաքացիների հանդեպ: Օրենքը Վրաստանում ստեղծված ծանր իրավիճակի արտահայտությունն է, որովհետեւ այսօր Վրաստանում կհանդիպեք հազարավոր չինացիների ու հնդիկների, աֆրիկյան երկրներից եկածների: Բնականաբար պետությունը մտահոգված է օտարազգիների մուտքով, դրա համար էլ ընդունվեց վերոնշյալ օրենքը»,- բացատրեց Վան Բայբուրդը:

Քնար Մանուկյան




Լրահոս