Կիրակի` օգոստոսի 3-ին, Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում մեծ շուքով կայացավ Չորրորդ ամենամյա հայկական փառատոնը: Կենսինգտոն թաղամասի Իվերնա այգիներ փողոցը վերածվել էր փոքրիկ Հայաստանի, որտեղ հայկական ժողովրդական երգն ու շուրջպարը համախմբել էին հայերի Միացյալ Թագավորության բոլոր անկյուններից:
Փառատոնի պաշտոնական բացումն ազդարարեցին Հայ Առաքելական Եկեղեցու` Միացյալ Թագավորության եւ Իռլանդիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանն ու Կենսինգտոն եւ Չելսի արքայական թաղամասի ղեկավար Մեյգրիդ Քոնդոն-Սիմմոնդսը` կտրելով կարմիր ժապավենը: Փառատոնին ներկա էին նաեւ բրիտանացի խորհրդարանականներ: Մինչեւ փառատոնի մեկնարկը մասնակիցները թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոսի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգեցին վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին զոհված հայ զինվորների հիշատակը:
Փառատոնը սկսվեց «Անդաստան» կոչվող եկեղեցական ծեսով` երկրի չորս կողմերի օրհնությամբ: Այս տարի փառատոնի սպասված հյուրն էր Հայաստանից ժամանած ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը, որն էլ ավելի ոգեւորեց բրիտանահայերին` կատարելով հայկական սիրված երգեր:
Հայկական փառատոնը չէր կարող կայանալ առանց հայկական ավանդական խոհանոցի: Մասնակիցները համտեսեցին խորոված, բազմազան ուտեստներ եւ թխվածքներ` պատրաստված եւ՛ հանրահայտ, եւ՛ ընտանեկան յուրահատուկ բաղադրատոմսերով:
Փառատոնի ընթացքում մեծ հետաքրքրություն վայելեց հայկական տոնավաճառը, որին մասնակցում էին բրիտանահայ կրթական ու մշակութային կազմակերպություններ, անհատ ձեռներեցներ: Այս տարվա անակնկալներից էր այն, որ փառատոնի ավարտին ուղիղ կապ հաստատվեց Բուխարեստի հայ համայնքի հետ, որը նույն օրն անցկացնում էր հայկական փառատոն Ռումինիայի մայրաքաղաքում: Երկու երկրների հայ համայնքները մեծ էկրանների միջոցով ողջունեցին միմյանց եւ միաժամանակ շուրջպար բռնեցին:
Համայնքների պալատի ներկայացուցիչ Ստիվեն Փաունդն ասաց, որ այս փառատոնը Լոնդոնի կյանքում ավելացնում է գույն ու բազմազանություն, իսկ Կենսինգտոն թաղամասի ղեկավար Մեյգրիդ Քոնդոն-Սիմմոնդսը նշեց, որ հայերը Բրիտանիայում միշտ շատ լավ համբավ են ունեցել: Նա նաեւ խոստովանեց, որ փորձում է Փառատոնի գլխավոր նախաձեռնող Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը նշեց, որ չորս տարի առաջ, երբ ծնվեց փառատոնի գաղափարը, ինքն ամենեւին վստահ չէր, թե ինչ արդյունք կլինի: Սակայն տարեցտարի ապացուցվեց, որ փառատոնը հենց այն իրադարձությունն է, որին բրիտանահայերն անհամբերությամբ սպասում են եւ երկրի տարբեր ծայրերից գալիս ու հավաքվում են Սբ Սարգիս եկեղեցու շուրջ:
Հայերը հաստատվել են Միացյալ Թագավորությունում` Մանչեստրում, 19-րդ դարում: 1860թ. Մանչեստրում կառուցվել է առաջին հայկական եկեղեցին` դառնալով առաջինը Եվրոպայում եւ Արեւմտյան կիսագնդում: Լոնդոնում առաջին հայկական եկեղեցին կառուցվել է 1923 թ.: Այսօր Լոնդոնում գոյություն ունի երկու հայկական եկեղեցի` տեղակայված Կենսինգտոն եւ Չելսի արքայական թաղամասում: Միացյալ Թագավորությունում բնակվում է մոտ 30.000 հայ, որոնք հիմնավորապես կենտրոնացած են Լոնդոնում եւ Մանչեստրում: Հայ եկեղեցու` Միացյալ Թագավորության եւ Իռլանդիայի թեմի առաջնորդարանն ունի եկեղեցական ծխեր Լոնդոնում, Մանչեստրում, Բըրմինգեմում, Քարդիֆում, Դուբլինում եւ Օքսֆորդում: