ՀՀ Լոռու մարզի Ախթալա քաղաքն այսօր կորցրել է իր երբեմնի հմայքը: Մարզկենտրոնից 62 կմ հեռավորության վրա գտնվող Ախթալայի բնակչության մեծ մասն այսօր աշխատում է հանքարդյունաբերական ձեռնարկություններում, իսկ մյուս մասը գոյատեւում է անտառից մոշ, հոն հավաքելով: Ախթալայի ներկայիս խնդիրների ու ապագայի ծրագրերի մասին «Ժողովուրդ՚»-ը զրուցել է Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի հետ:
-Պարոն Խաչիկյան, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ախթալայի բնակիչներից շատերը նշեցին, որ տարիներ առաջ քաղաքում բնակվող մարդկանց թիվն ավելի շատ էր, քան հիմա: Դա նկատելի է նաեւ անզեն աչքով. կենտրոնական փողոցում տասը րոպե կանգնելով` կարելի է հանդիպել մեկ կամ երկու մարդու:
-Վերջին տարիներին` հինգ-վեց տարվա ընթացքում, հակառակը` ավելի նվազել է գնացողների թիվը:
-Իսկ կարո՞ղ եք թվային տվյալներ ներկայացնել` որքան էր քաղաքի բնակչությունը հինգ տարի առաջ, եւ որքան հիմա:
-Չէ, չեմ կարող ասել:
-Պարոն Խաչիկյան, հետաքրքրվե՞լ եք, թե ինչու են արտագաղթում Ախթալայից, հիմնական պատճառը ո՞րն է:
-Ցանկացած մարդ ձգտում է ավելիին, այնպես չէ: Եթե Ձեզ էլ այլ քաղաքում կամ այլ երկրում բարձր աշխատավարձ առաջարկեին, ապա Դուք էլ հաստատ կգնայիք: Մենք էլ մեր քաղաքում մարդիկ ունենք, որոնց չի բավարարում տեղի պայմանները: Մարդիկ ձգտում են լավագույնին: Հիմա մենք չենք կարող այդ մարդկանց ձեռքը բռնել: Ամեն դեպքում, այս հինգ-վեց ամիսների ընթացքում մեզ մոտ լեռնահարստացուցիչ կոմբինատում 100-120 հոգով աշխատողների թիվն ավելացել է: Ավելին` հանքավայրում էլ կան աշխատողներ, ֆաբրիկայում էլ, վարչական գրասենյակում էլ: Բացի այդ, նոր ալրաղաց է կառուցվում համայնքում եւ որոշ ժամանակ անց մի 50-60 մարդ արդեն աշխատանք կունենա այդտեղ: Իսկ այս պահին շինարարներ են աշխատում:
-Ի՞նչ լավագույնի մասին կարող է խոսք լինել, եթե այսօր Ախթալայի բնակիչների զգալի մասը գոյատեւում է անտառից մոշ եւ հոն հավաքելով: Մոշի 1 կգ-ը նրանք վաճառում են 500 դրամով: Բայց սա էլ սեզոնային բնույթ է կրում: Ձեր ղեկավարած համայնքում մարդիկ ապրում են սոցիալական ծանր պայմաններում, որպես համայնքապետ` ի՞նչ եք անում կամ ի՞նչ եք արել նրանց համար:
-Ի դեպ, այսօր առավոտյան հասարակական մի կազմակերպության հետ փորձեցինք հանդիպում կազմակերպել այն բնակիչների հետ, ովքեր զբաղվում են մոշ, հոն հավաքելով: Մեզ մոտ նախատեսված է ստեղծել սառնարանային տնտեսություն, որը պետք է այդ մարդկանց հավաքած մոշը, հոնը կարողանա վերցնել: Եվ այդ հասարակական կազմակերպությունը պետք է օգնի, որպեսզի հավաքված մոշը, հոնը տեղափոխվի այդ տնտեսություն եւ հետագայում վաճառվի ավելի բարձր գներով:
-Բայց բնակիչները չեն կարող սպասել: Նրանք շտապում են այն հիմա վաճառել, որպեսզի օրվա հացի գումար ունենան:
-Այդ հանդիպմանը ընդամենը մի կին եկավ, ինքն էլ մոշ հավաքող չէր:
-Պարոն Խաչիկյան, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ախթալայի բնակիչներից մեկը, ով աշխատում է «Թեղուտ»-ի հանքավայրում, նշեց, որ իր ոտքերն ուրանից ուռում են, սակայն նա անգամ այդպիսի աշխատանքի համար է ուրախ, քանի որ գերադասում է իր կյանքի եւ առողջության հաշվին գոնե նվազագույն բարեկցություն ունենալ, քան լինել համեմատաբար առողջ, բայց սոված:
-Այն մարդիկ, ովքեր «Թեղուտ»-ում են աշխատում, նրանց համար կա ամբուլատոր բուժսպասարկում, որտեղ մարդիկ կարող են գնալ ստուգվել: Եվ մենք ինչով կկարողանանք կօգնենք եւ օգնում էլ ենք: Այնպես չէ, որ մենք մեր բնակիչներին թողնում ենք ճակատագրի քմահաճույքին:
-Պարոն Խաչիկյան, թեմայից դուրս մի հարց` գո±հ եք Ձեր եղբոր` Վազգեն Խաչիկյանի գործով դատաքննության ընթացքից:
-Դե, դատաքննությունն ընթանում է, ի±նչը պետք է բավարարի: Ոչ մի բան չեմ կարող ասել:
զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ