Օրենք գրելիս ակտիվ չէ, բայց կոճակ լավ է սեղմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն սովորել ենք, որ Հայաստանի իշխանական համակարգում մեծամասնություն կազմած ՀՀԿ-ն պայմանականորեն բաժանում են երկու թևի` հին ու նոր հանրապետականների: Երկրորդ խմբում ներառված են անձինք, որոնք հիմնականում ներկայանալի են ոչ միայն իրենց երիտասարդությամբ, օլիգարխիկ կարգավիճակով ու Սերժ Սարգսյանին հնչեցվող հավատարմությամբ, այլև՝ կենսագրական ուշագրավ դրվագներով: Իսկ ահա հին հանրապետականների կաստան իր ուրույն տեղն ունի իշխանության կողքին բացառապես անցյալի շնորհիվ, և մեր այսօրվա հերոսը` ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, դրա վառ ապացույցն է:

21 տարեկան հասակում նոր-նոր բանակից զորացրված Ռ. Զոհրաբյանը տեղավորվում է աշխատանքի Երևանի ավտոպահեստամասերի գործարանում՝ որպես արտադրամասի հերթափոխի պետ, սակայն քանի որ դրան զուգահեռ սկսում է զբաղվել նաև ընդհատակյա քաղաքական գործունեությամբ Ազգային միացյալ կուսակցության շարքերում, ապա և ամենազոր կոմունիստական կուսակցությունը նրան մի օր տասը տարվա ազատազրկման ուղեգիր է հանձնում` հակասովետական ագիտացիայի ու պրոպագանդայի համար: Նշենք, որ Ռ. Զոհրաբյանի եւ ԱՄԿ խորհրդի անդամ, հետագայում՝ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ձերբակալման տարեթիվը համընկել է` երկուսն էլ ձերբակալվել են 1974-ին, սակայն ի տարբերություն մեր հերոսի՝ Ա. Մարգարյանն ազատազրկվեց ընդամենը 2 տարով: Ու գուցե հենց սա է պատճառը, որ մղելով գաղափարական նույն պայքարը` Ռ. Զոհրաբյանը 10 տարի անցկացրեց անազատության մեջ, ինչի հետևանքով բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից զրկվեց, Ա. Մարգարյանը վարչապետ դառնալուց փոքր անց վերջինիս իրեն օգնական նշանակեց:

Իր հարցազրույցներում Ռ. Զոհրաբյանը շատ է սիրում հղում անել ԱՄԿ-ական շարքերում իր գործունեությանը, կրած գաղափարախոսությանը, Հայաստանի անկախացման գործում սեփական դերին և հպարտանալ անցյալով, սակայն երբեմն հայտնվում են մարդիկ, որ հայտարարում են` Ռ. Զոհրաբյանն ընդամենը շարքային զինվոր էր ու նույնիսկ չէր էլ ճանաչում իր ղեկավարներին:

ԿԳԲ-ի նկուղներում ու Խորհրդային Միության բանտերում անցկացրած ԱՄԿ-ական, հետագայում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ևս ժամանակին բացահայտումներ արեց նրա անցյալի մասին:

«ԱԻՄ ղեկավարը քաղաքականությունից դուրս շպրտված, չար մարդ է ու ԿԳԲ-ի գործակալ»,-հեռուստաեթերից հայտարարել էր Ռ. Զոհրաբյանը, իսկ Պ. Հայրիկյանը «մերկացրել» հերոսական անցյալի որոշ մութ մնացած անկյուններ: Օրինակ այն, որ հրապարակում Լենինի նկարի այրումը ոչ թե Ռ. Զոհրաբյանի սեփական որոշումն էր, ինչպես որ այսօր պնդում է ՀՀԿ փոխնախագահը, այլ հենց իր` Պ. Հայրիկյանի հրահանգը, ու որ դա միակ դեպքը չէր, երբ Պ. Հայրիկյանի հրահանգներն էին կյանքի կոչվում (թեպետ դա արվում էր գաղտնիության սկզբունքով ու իրականում Ռ. Զոհրաբյանը տեղյակ չի էլ եղել` ով է իջեցնում հրահանգը): Իսկ գուցե ընդհանրապես Լենինի նկարին նայելու համա՞ր է կալանավորվել:

Նույն Հայրիկյանը նաև պատմել էր, որ 1984-ին ՀՀԿ փոխնախագահը ոչնչով փաստացի չի զբաղվել ու նույնիսկ ընդհատակում չի եղել: Ավելին, մեղադրել էր, որ Զոհրաբյանն անգամ իր ղեկավարին պաշտպանելու փորձ չի արել, որովհետև վախեցել է: Այնպես որ, հերոսական անցյալի մասին հայտարարությունները, որոնք այսօր հնչում են, մեջբերում ենք, օղու շշի ընդհատակից, ավելի քան անիմաստ են (որակումը, թերևս, պատահական չէ ընտրված` թե՛ կուսակցությունում, թե՛ կուսակցությունից դուրս Ռ. Զոհրաբյանի ալկոհոլի հանդեպ ունեցած սիրո մասին ուղղակի լեգենդներ են հյուսվում):

Երբեմն նրա հետ կուրյոզային դեպքեր էլ են պատահում: ՀՀԿ փոխնախագահի բնակարանն անհայտ անձանց կողմից «սրբվել էր», և մամուլի փոխանցմամբ` գողերը հաջողացրել էին պատգամավորի տնից տանել բավականին խոշոր գումար, ինչպես նաև զենքերի հարուստ հավաքածու: Իսկ դրանից առաջ էլ լուրեր տարածվեցին, որ չար ուժերը ծակել էին Զոհրաբյանի մեքենայի անիվները:

Առհասարակ Ռ. Զոհրաբյանին կուսակցությունում շատ են օգտագործում սրա-նրա վրա ցեխ շպրտելու համար: Ասենք, ընդդիմադիր որեւէ գործիչ հանդես է գալիս ինչ-որ հայտարարությամբ, Ռ. Զոհրաբյանին է վերապահվում այդ անձին «տեղը դնել»` երբեմն զերծ չմնալով անձնական վիրավորանքներից: Բացի այս, նրան են հանձնարարվում նաեւ ավելի անձնական գործառույթներ, որոնք կարող են քաղաքականության հետ կապ էլ չունենալ:

Որպես այդպիսին` Ռ. Զոհրաբյանին ինտրիգային գործիչ անվանելը բարդ է, միակ ինտրիգը, որ մինչ օրս մնում է օդից կախված, այն է. թե ինչու են լարված իր ու ՀՀԿ մյուս փոխնախագահ Գալուստ Սահակյանի հարաբերությունները: Մեր հերոսն ինքն էլ չի ժխտում, որ Գ. Սահակյանի հետ երբեմն տարաձայնություններ են լինում: Թեև իրենք փորձում են իրենց բանավեճը տնից դուրս չհանել, սակայն խորհրդարանական աղբյուրները պնդում են` տարաձայնություններն այնտեղ են հասել, որ Ռ. Զոհրաբյանին շատ հազվադեպ կարելի է տեսնել ՀՀԿ խմբակցության ղեկավարի աշխատասենյակ մտնելիս, կամ՝ հակառակը:

Ինչ վերաբերում է նրա` պատգամավորի գործունեությանը, ապա Ռ. Զոհրաբյանը պասիվ ՀՀԿ-ականների շարքում է ու թեեւ գրեթե չի բացակայում (շատ է սիրում զբոսնել ԱԺ միջանցքներով), այլ գործունեությամբ աչքի չի ընկնում: Օրինակ` համաձայն parliamentmonitoring.am-ի ներկայացրած մոնիթորինգի` վերջին մեկ տարում նա երբեւէ ելույթներով կամ հարցերով հանդես չի եկել, սակայն պարտաճանաչ կոճակ է սեղմել, երբ իշխանությանը ցանկալի նախագիծ է քվեարկության դրվել:




Լրահոս