Գերմանացի ավտոմրցարշավորդ Միխայել Շումախերի գործերը, ով ծանր վիճակում գտնվում է Լոզանի հիվանդանոցներից մեկում, ըստ ամենայնի, այնքան էլ բարվոք չեն:
Հուլիսին մարզիկի կինը վաճառքի էր հանել նրա ռեակտիվ ինքնաթիռը, իսկ այժմ որոշել է բաժանվել ամուսնու չեմպիոնական ավտոմեքենայից. տեղեկացնում է Fox Sports-ը:
Կորինա Շումախերը Կալիֆորնիրայի աճուրդում վաճառքի է հանել բոլիդ Ferrari F-2000-ը, որի վրա իր ամուսինը 2000-ին 3-րդ անգամ իր մարզական կարիերայում դարձել էր «Ֆորմուլա-1»-ի չեմպիոն:
Մեքենայի նախնական արժեքը 3,3 մլն դոլար է: Ինչպես նշում են լրագրողները, այս պահին վաճառքի հանված շատ նման մեքենաներ կան, որոնց արժեքը չի գերազանցում 2 մլն դոլարը:
Կորինա Շումախերը, հավանաբար, հույս ունի, որ իր ամուսնու երկրպագուներն ըմբռնումով կմոտենան այն բարդ իրավիճակին, որում հայտնվել է հանրաճանաչ մարզիկի ընտանիքը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Շումախերի կինը վաճառքի է հանել ամուսնու Falcon 2000EX ռեակտիվ ինքնաթիռը, որի վրա մինչև այժմ երևում են Շումախերի անվան տառերը: Օդանավի գինը կազմել է 26,8 մլն դոլար: