Վերջապես կայացավ վերջին ամիսների ամենակարեւոր, ամենասպասված իրադարձությունը` Հայաստան ժամանեց մեծն….մերկապարուհին` Վարդան, նույն ինքը` Վարդանուշ Մարտիրոսյանը: Ամբողջ մեկ ամիս հայրենի լրատվական դաշտը հեղեղված էր այդ սթրիփ պարուհու` Հայաստան կատարելիք ՙդարակազմիկ՚ այցելության մասին տեղեկատվությամբ ու վերջինիս կիսամերկ նկարներով: Երեկ էլ կայացավ մերկապարուհու ասուլիսը, որին այնքան շատ լրագրողներ էին մասնակցում, ասես բանախոսը Մոնսերատ Կաբալյեն էր կամ Մայա Պլիսեցկայան: Ի դեպ, երբ համաշխարհային բալետի լեգենդ Պլիսեցկայան երկու տարի առաջ ժամանեց Հայաստան, դա մերկապարուհու հանդեպ ներկա հետաքրքրության հինգ տոկոսն անգամ չառաջացրեց: Եվ այսօր, հետեւելով հնաgույն մասնագիտության հետ ասոցացվող մերկապարի հայազգի ՙ չեմպիոնի՚ շուրջ ստեղծված աղմուկին, ակամայից հիշում ես Հենրիկ Մալյանի հայտնի ՙ Կտոր մը երկինք՚ ֆիլմի այն դրվագը, երբ գավառական քաղաքում երեք մարմնավաճառների հայտնությունը ցնցում է քաղաքը: Փաստորեն, անցած երկու հարյուր տարվա մեջ շատ բան չի փոխվել.ինչպես եղել ենք հետամնաց ՙպրովինցիա՚, այնպես էլ մնացել ենք: Եվ խնդիրն այստեղ ամենեւին էլ Վարդան չէ. այդ աղջիկը ընտրել է իր մասնագիտությունը` լավ է արել, դա իր իրավունքն է: Երեւանում քիչ չեն ակումբները, որտեղ պարում են տասնյակ վարդաներ, որոնք գուցե եւ ավելի հմուտ են իրենց ՙ գործում՚: Խնդիրն այստեղ մեր խայտառակ գավառամտությունն է, այն իրավիճակը, երբ սնդուսափայլ/ глянцевый/ մի ամսագրի հրավերով Հայաստան ժամանած մերկապարուհու այցելությունն ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում, քան ասենք` Քշիշտոֆ Պենդերեցկու համերգը: Բանն այնտեղ է հասնում, որ այս ՙմեգաաստղին՚ իր եթեր է հրավիրում Հանրային հեռուստատեսությունը: Ինչպես երեկ տեղեկացրեցին Վարդայի PR-ով զբաղվող սնդուսափայլ ամսագրի ժելեոտած մազերով տղաները / որոնցից մեկը օդանավակայանում հանդես էր գալիս նաեւ Վարդայի բեռնակրի դերում/, մեծն մերկապարուհին մասնակցելու է Հանրային հեռուստատեսության ՙ Երկու աստղ ՚ նախագծին: Ինչպես ասում են` էս էլ, ու պրծ: Դեռ լավ է, որ Վարդային չեն հրավիրել Հայլուր: Թեեւ, ով գիտի, գուցե ամեն ինչ դեռ առջեւում է: Ի դեպ, ՙ Երկու աստղին՚ մասնակցելուց հետո, ոչինչ չի խանգարում, որպեսզի քաղաքական ուժերը Վարդային խնդրեն սատարել իրենց` մասնակցելով նախընտրական քարոզարշավներին: Մերկապարուհու ելույթները հաստատ ավելի շատ ձայներ կապահովեն տվյալ քաղաքական ուժի համար, քան իրենց երգերը վաղուց արդեն երգած, պրծած որոշ անբարետես գործիչների մասնակցությունը: “ԺՈՂՈՎՈՒՐԴ” խմբագրական
ժողովուրդ. Վարդայի հայտնությունը մայրաքաղաք Երեվանում կամ կտոր մը երկինք
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ