Համանախագահների հետղրիմյան հակասությունները մեծացնում են հայ-ադրբեջանական պատերազմի վտանգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած վերջին օրերի սահմանային բախումներին՝ իրականում շատ քչերն էին լրջորեն հավատում ադրբեջանցիների կողմից պատերազմ սկսելու հավանականությանը:

Արդեն անգիր արված սցենարի համաձայն՝ հայ-ադրբեջանական բարձր մակարդակով շփումները, որպես կանոն, ուղեկցվում են շփման գծում ադրբեջանցիների «բարձր ակտիվությամբ»: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ միջազգային իրավունքի ոլորտում իր դիրքերը պաշտպանող փաստարկների բացակայությունը ադրբեջանական կողմը փորձում է լրացնել բիրտ ուժի կիրառման միջոցով: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ օգոստոսի 8-ին նախատեսվող հանդիպումը միանգամայն տեղավորվում է այս համատեքստում:

Սակայն, այդուհանդերձ, ադրբեջանցիներն այս անգամ իրապես չափն անցան: Չի բացառվում, որ Ադրբեջանն այս հանդիպման ընթացքում իր վրա ավելի մեծ ճնշում է անկնկալում, քան եղել է մինչ այժմ:

Ադրբեջանական ոտնձգությունները, հավանաբար, այլ բաղադրիչ էլ ունեին: Սա յուրօրինակ «պիլոտային» ծրագիր կամ թեստ էր, որի նպատակն էր պարզել հայկական զինուժի պատրաստվածության մակարդակը, ինչպես նաև՝ ադրբեջանական ագրեսիային ներքին և արտաքին արձագանքը:

Այն, որ հայկական երկու հանրապետությունների զինված ուժերը ավելի քան համարժեք պատասխան տվեցին թշնամուն, անգամ թշնամու մոտ, կարծում ենք, կասկած չի առաջացրել: Հայկական կողմի գերազանցության մասին է խոսել նույնիսկ ադրբեջանական պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը:

Ինչ վերաբերում է երկու երկրների հասարակության արձագանքին, ապա այստեղ էլ, կարծես թե, ամեն բան պարզ է: Ադրբեջանում զոհերի կապակցությամբ բողոքի ցույցերի և ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալություններին զուգահեռ՝ Հայաստանում սկսվել էր կամավոր դիրքեր մեկնողների շարժումը, իսկ հայ պաշտոնյաները, ընդդիմադիրները և լրատվամիջոցները,առանց որևե ճնշումների գործադրման, օրինակելի միասնություն դրսևորեցին:

Սակայն միջազգային արձագանքի առումով վիճակը հեռու է լավատեսություն ներշնչելուց: Ճիշտ է, բոլոր «կարևոր» երկրներն ու հեղինակավոր կազմակերպությունները հերթով հանդես եկան իրավիճակի սրումը դատապարտող հայտարարություններով և հրադադարի պահպանման անհրաժեշտության՝ կողմերին ուղղված կոչերով, սակայն դրանից ավել որևէ քայլ չկատարվեց: Եթե չհաշվենք ռուս և ամերիկացի դիվանագետների առանձին հայտարարությունները, ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը հանդիսանում է հակամարտության կարգավորիչ մարմին, մեղմ ասած, իր բարձունքում չէր գտնվում:

Ըստ ռուս հայտնի քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովի՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ավելի է սրվել Ուկրաինայում ստեղծված իրադրության պատճառով, որը անհնար է դարձրել արդյունավետ համագործակցությունը Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև:

Մարկեդոնովը նշում է նաև, որ ամերիկյան կողմը վերջերս սկսել է շեշտադրված միակողմանի գործողություններ իրականացնել: Մասնավորապես, ԱՄՆ-ից Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը պարբերաբար հակամարտության հետ կապված հանդես է գալիս ոչ թե ԵԱՀԿ-ի, այլ ամերիկյան կողմի դիրքորոշումները հնչեցնելով:

Վերլուծաբանը համոզված է, որ համանախագահողների միջև հակասությունների սրումը հայ-ադրբեջանական հակամարտության գոտում նոր միջադեպերի վտանգ է ստեղծում:

Ռիտա Կարապետյան




Լրահոս