ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ ԿԲԱՐՁՐԱՑՆԵՆ

Դեռեւս դեկտեմբերի 18-ին «Հայ ազգային կոնգրես»-ը հանդես էր եկել հայտարարությամբ, որով դատապարտում էր ՀՀ իշխանությունների՝ Սահմանադրության եւ օրենքների ցցուն ոտնահարումը՝ կապված «Հայռուսգազարդ»-ի 20% պետական բաժնեմասի վաճառքի եւ գազի գնի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Հայտարարությունում նաեւ նշված էր, որ առաջիկա քառօրյայում ՀԱԿ-ը մտադիր է բարձրացնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը:

«Այսպիսով՝ մեր առջեւ է ռեժիմի հանցավորության հերթական խայտառակ փաստը. 2011-2013թթ. գործադիր իշխանության կողմից կոպտորեն խախտվել են ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ «Բյուջեի մասին» եւ «Պետական գույքի մասնավորեցման մասին» օրենքները: Այդ խախտումների գինը ավելի քան 300 միլիոն դոլարի լրացուցիչ արտաքին պարտքն է՝ ընկած ժողովրդի ուսերին: Դա նաեւ այն գինն է, որ խաբեությամբ կորզվել է ժողովրդից՝ նպաստելու համար ռեժիմի ապօրինի վերարտադրության նախընտրական քարոզչական ապահովմանը 2012թ. խորհրդարանական, 2013թ. նախագահական եւ նույն թվականի Երեւանի քաղաքապետական ընտրություններում:
Հայ Ազգային Կոնգրեսը, դատապարտելով ՀՀ իշխանությունների՝ Սահմանադրության եւ օրենքների ցցուն ոտնահարումը, սեփական ժողովրդի դեմ կատարած հանցագործությունը, նախապատրաստվում է այս, ինչպես նաեւ այլ իրավախախտումների հիմքով, Սահմանադրության 84 հոդվածի համաձայն, կառավարությանն անվստահություն հայտնելու հարց հարուցել Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանում: Կոնգրեսը խորհրդարանական ոչ իշխանական ուժերին կոչ է անում միանալ այս նախաձեռնությանը, իսկ արտախորհրդարանական ուժերին՝ աջակցել եւ հրապարակավ պաշտպանել այն»,-նշված էր ՀԱԿ հայտարարությունում: Սակայն պարզվում է՝ փետրվարին կայանալիք ԱԺ քառօրյա նիստի օրակարգում վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը ոչ իշխանական 4 ուժերը նիստի օրակարգ չեն մտցնելու:
Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամներից պարզել, թե ինչու ընթացք չեն տալիս իրենց իսկ կողմից բարձրացրած հարցին: Սակայն մեր հեռախոսազանգերին ՀԱԿ-ից ոչ ոք չէր պատասխանում: Մեզ հաջողվեց մի քանի հարց ուղղել միայն ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանին:
-Պարո՛ն Ջհանգիրյան, ինչո՞ւ, ի հակառակ Ձեր բարձրաձայնած խոստման, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին անվստահություն հայտնելու հարցն ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգում չի ընդգրկվել:
-Իսկ Դուք որտեղի՞ց եք տեղեկանում, որ նման հարց չի ընդգրկվել: Օրակարգում ինչպե՞ս պետք է լիներ, եթե այդ խմբակցությունները նոր պետք է այդ որոշման նախագիծը կազմեն, ստորագրեն: Իսկ եթե հետո ստորագրեցին, արդեն դա ավտոմատ կերպով ընդգրկվում է օրակարգում:
-Մինչեւ ՀԱԿ-ի հայտարարությունը՝ ինչո՞ւ այդ հարցերը չէին լուծվել, որպեսզի այսօր նման փաստի առաջ չկանգնեիք:
-Հայտարարությունն ի՞նչ կապ ունի, եթե որոշման նախագիծ պետք է ներկայացվեր:
-Իսկ ինչո՞ւ մինչեւ հիմա այդ նախագիծը պատրաստ չէ, ինչո՞ւ ոչ իշխանական խմբակցությունները չեն պատրաստել այն: Գուցե որոշել են այլեւս անվստահություն չհայտնե՞լ ՀՀ վարչապետին:
-Չէ՛, մինչեւ այդ չի արվել, բայց դա չի նշանակում, որ չի լինելու, չի ընդգրկվելու օրակարգում:
-Այդ դեպքում ե՞րբ է նախատեսված կազմակերպել այդ ստորագրահավաքը, պատրաստել նախագիծը, որպեսզի այն ընդգրկվի ԱԺ օրակարգում:
-Դուք այդ հարցը պետք է ուղղեք ԱԺ 4 խմբակցությունների ղեկավարներին, քանի որ ես այդ հարցին չեմ կարող պատասխանել: Ես այդ ամենին չեմ մասնակցում, որպեսզի կարողանամ Ձեզ ինչ-որ բան ասել: Ես ուղղակի ասում եմ, որ դա նախնական օրակարգում չպետք է ընդգրկված լիներ: ԱԺ կանոնակարգը թույլ է տալիս, որ դա միանգամից լիագումար նիստի օրակարգ մտցվի: Օրակարգը բերում են ՀՀ կառավարությունն ու ԱԺ-ում ներկայացված մեծամասնությունը: Դա նշանակում է, որ իրենք չէին բերելու այդ հարցը: Իսկ ընդդիմությունը հնարավորություն ունի միանգամից կանոնակարգով մտցնել: Ոնց որ դա տեղի ունեցավ կուտակային կենսաթոշակային համակարգի ժամանակ, երբ ընդդիմությունն այդ հարցը միանգամից մտցրեց օրակարգ, ու այն քննարկվեց: Որոշման նախագիծ էր դա. իսկ ընդդիմությունը բերեց, ու ընդունվեց օրակարգում: Ուղղակի դեռեւս նման նախագիծ պատրաստ չէ: Բայց, կրկնում եմ, դա չի նշանակում, որ չի լինելու կամ էլ լինելու է, ես այդ առումով որեւէ տեղեկություն չունեմ: Մենք ենք հայտարարել, որ մենք պետք է այդ հարցը դնենք:
-Եթե հայտարարել եք, ինչո՞ւ…
-Մենք հայտարարել ենք, մենք կդնենք, Դուք մի՛ անհանգստացեք, մենք ժամանակին կդնենք: Եթե Դուք մեր մասով եք հարցնում, ապա ես ասում եմ, որ մենք մեր հայտարարությանը տեր ենք ու ժամանակին այդ հարցը կբարձրացնենք:
ՈՎՔԵ՞Ր ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ՓՈՂՈՑ՝ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ

Այսօր Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու են նաեւ ԱԺ 4 ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները: Նրանք երեկ ԱԺ-ում քննարկել են իրենց անելիքները: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այդ ուժերի ներկայացուցիչները հայտարարեցին, թե յուրաքանչյուր քաղաքացի, գիտակցելով այդ հարցի լրջությունը, պետք է անպայման միանա այդ ակցիային: Միեւնույն ժամանակ, սակայն, նրանք նշեցին, որ իրենց կողմից սեփական կուսակիցներին պարտադիր մասնակցության հրահանգ չի եղել:

ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին անդամ Լիլիթ Գալստյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ անպայման մասնակցելու են բողոքի ակցիային. «Մենք մեր շարքերին տեղեկացրել ենք: ՀՅԴ խմբակցությունն այդ հարցը վիճարկողներից մեկն է, ու անշուշտ պետք է մասնակցենք: ՀՀ քաղաքացիների իրավունքները խաթարված են, ու եթե յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի իրազեկ լինի, թե ինչ օրենք է սա, ինչ ռիսկեր ունի ու իր հետագա կյանքի հետ ինչպես է առնչվելու, կարծում եմ` կմասնակցի այդ հանրահավաքին: Մենք այնտեղ ներկա կլինենք»:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւս վստահեցրեց, որ իրենք ներկա են լինելու. «Ես ինչպե՞ս կարող եմ չմասնակցել այդ հանրահավաքին, ես նախկինում էլ եմ մասնակցել: Ասեմ ավելին, 2010 թվականին ԱԺ-ում այդ համակարգին դեմ խոսող պատգամավորներից մեկն եմ եղել»: Մեր հարցին, թե ինչ «ռեսուրսներով» են մասնակցելու հանրահավաքին, նա ասաց. «Կուսակցականներին պարտադիր հրահանգ չի եղել, որ պետք է մասնակցեն, բայց նշել ենք, որ ցանկալի է: Ու ես մեր համակիրներին կոչ եմ արել, որ մասնակցեն»:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը եւս «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ իրենք մասնակցելու են հանրահավաքին. «Ես ներկա եմ լինելու, ներկա են լինելու իմ գործընկերները, այսպես ասեմ, մասնակցելու են նրանք, ովքեր մտահոգություն ունեն, ում որ այդ հարցն առնչվում է: Ակնկալում ենք, որ դրական տեղաշարժ տեղի կունենա, ամեն դեպքում սա հանրային պատվերի շրջանակներում ստեղծված իրավիճակ է, սա հասարակության բողոքն է»:
Ակնհայտ է, որ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրման դեմ պայքարը կարող է հաջողություն ունենալ միայն այն դեպքում, եթե դրան միանան բազմահազար մարդիկ: Եվ ԱԺ ոչ իշխանական ուժերի մասնակցությունն այս հանրահավաքին կարող էր օգտակար լինել հենց այդ առումով: Սակայն, դատելով մեր զրուցակիցների խոսքերից, նրանք բավարարվել են ընդամենն իրենց շարքերին տեղեկացնելով: Ասել է թե` հերթական անգամ քաղաքական ուժերը միանում են քաղաքացիական նախաձեռնությանը զուտ «պտիչկայի համար», որպեսզի հետագայում կարողանան ասել, թե իրենք էլ են պայքարել այդ ամենի դեմ:
Հ.Գ. Շատ կուզենայինք սխալված լինել` այսօրվա հանրահավաքում տեսնելով ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» ընտրազանգվածը կազմող հազարավոր քաղաքացիների:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 
ԼՈՒՐԵՐ

ԳՈՂԱՑԵԼ ԵՆ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ամեն առիթով հիմնավորում է ԲՀԿ-ականների տեսակետն այն մասին, որ ինքը գործում է հակառակի սկզբունքով: Բանն այն է, որ կառավարությունը մտադիր է մայիսի 16-ը հայտարարել Հայաստանում ուսանողության եւ երիտասարդության օր, եւ կառավարության նախօրեի նիստում որոշում է կայացվել ԱԺ ներկայացնել «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Նկատենք, սակայն, որ դեռեւս 2013թ. դեկտեմբերի 16-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորներ շրջանառության մեջ են դրել համապատասխան օրենսդրական նախագիծ, որով առաջարկել են ուսանողության օր Հայաստանում ընդունել նոյեմբերի 17-ը, որը նաեւ ուսանողության միջազգային օրն է: Ու հիմա, փաստորեն, Տ. Սարգսյանի կառավարությունը վերցրել է ԲՀԿ-ականների գաղափարը եւ ներկայացնում է յուրովի` որպես սեփական նախաձեռնություն: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, օրենքի համահեղինակներից Տիգրան Ուրիխանյանը կառավարության քայլը որակեց մեկ բառով՝ գողություն: Ըստ նրա` ԲՀԿ ցանկացած առաջարկ մշտապես իր ծագումնաբանության պատճառով մերժվել է, եւ հիմա կառավարությունն այլ գործելաոճ է որդեգրել. «Վերցնում են մեր գաղափարները, ամսաթվի կամ ստորակետի փոփոխությամբ ներկայացնում որպես սեփական առաջարկ»:

 

20 ՀԱԶԱՐԱՆՈՑ ՍԿԶԲՈՒՆՔ

Հունվարի 26-ին մեկնարկելիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին հայկական պատվիրակությունը մասնակցելու է ողջ կազմով. Ստրասբուրգ են մեկնելու ԵԽԽՎ պատվիրակության ե՛ւ հիմնական, ե՛ւ փոխարինող անդամները: Այս փաստը, սակայն, ուշագրավ է այնքանով, որ ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում Հայաստանին վերաբերող որեւէ հարց չկա, ուստի անհասկանալի է, թե ինչու է հայկական պատվիրակությունը Ստրասբուրգ մեկնում ողջ կազմով: Ինչո՞ւ: «Ժողովուրդ»-ի այս հարցին ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Բազմաթիվ կարեւոր հարցեր կան, որոնք վերաբերում են Եվրոպային, եւ մենք՝ որպես դրա մաս, պարտավոր ենք մեր մասնակցությունը բերել»:
Հիշեցնենք, որ այս նիստի միակ ինտրիգը թերեւս կարող է լինել հայկական պատվիրակության լեգիտիմության հարցը, որը պատրաստվում է բարձրացնել Զարուհի Փոստանջյանը 10 եվրապատվիրակների միջոցով: Երբ Փոստանջյանը Սերժ Սարգսյանին խաղատանը տանուլ տված գումարի մասին հարց էր տվել Ստրասբուրգում, ՀՀԿ-ն խիստ վրդովվել էր, եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասել էր, թե ինքը կանդրադառնա Փոստանջյանի հարցին: Շատ չանցած՝ անդրադարձավ, Փոստանջյանին հեռացրեց պատվիրակության կազմից եւ հիմա ստիպված է իր ողջ «զինանոցը» գործուղել Ստրասբուրգ՝ լեգիտիմության վերահաս խնդիրը տեղում կարգավորելու համար:
Այսպիսով՝ Աբրահամյանի սկզբունքային քայլը, ըստ էության, մեր երկրի համար արժեցավ մոտ 20 հազար եվրո: Բանն այն է, որ պատվիրակության անդամներից յուրաքանչյուրի մեկնելը ՀՀ պետական բյուջեի վրա նստում է մոտ 2,5 հազար եվրո:




Լրահոս