ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ՃԱՇԱԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԱՐՎԵՍՏԻ ՉԱՓԱՆԻՇ»

Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի հետ մեր զրույցը ծավալվեց մտավորականի տեղի, դերի, ինչպես նաեւ թատրոնին առնչվող խնդիրների շուրջ:

-Մեր օրերում հաճախ է շահարկվում մտավորական հասկացությունը: Ո՞րն է, ըստ Ձեզ, իսկական մտավորականը։
-Բարդ հարց եք տալիս… Կարծում եմ` մի կարեւոր սկզբունք պետք է որդեգրած լինի յուրաքանչյուր մարդ, ով փորձում է իրեն համարել մտավորական. երբեք չկեղծել ինքն իր առջեւ: Դու ու քո ներքին աշխարհը պետք է լինեք ներդաշնակության մեջ. միայն ազնիվ խոսակցություն, ազնիվ շփում, առավել եւս` հասարակության հետ: Մենք հռչակել ենք անկախ պետություն, բայց, ցավոք, մեխանիզմները ժանգոտ են: Երկիրը հո հռչակագրո՞վ չի դառնում անկախ, երկիրը անկախ է իր անկախ քաղաքացիներով. ինչքանով քաղաքացի ես, քո երկրի տերն ես, այդքանով էլ ազատ ես, իսկ ազատ մարդն ամենաամուր մետաղն է: Երբեք պետք չէ ստանձնել սովորեցնողի, ուսուցչի դերը: Մտավորականը նա է, ով իր համար շատ կոնկրետ ուրվագծել է, թե ինչը չի կարելի անել մտավորականին: Այդ սահմանը ներքին սահման է, այն հնարավոր չէ օրենսդրորեն արձանագրել, ու երեւի յուրաքանչյուրն ինքն իր համար է այն որոշում։ Ես չեմ կարող անցնել այս սահմանը. սա իմ ներքին պահանջն է: Ես չեմ կարող թույլ տալ ինձ շքեղության մեջ վայելել կյանքս, երբ որ իմ հարազատ ժողովուրդն աղքատության մեջ է…
-Այսինքն՝ մտավորականն ի՞նքն է որոշում ե՛ւ ազատության, ե՛ւ անելիքի, ե՛ւ, այսպես ասած, չանելիքի սահմանները:
-Ժամանակին Տոլստոյը երեւի կյանքի ճիշտ բանաձեւն է գտել. «Արա՛, ինչ որ պետք է անես, եւ թող լինի, ինչ որ կլինի» (ծիծաղում է-Ռ. Թ.):
-Եթե չեմ սխալվում, որոշ երկրներում օրենքով սահմանված է, որ, ասենք, կինոնկարում նկարահանվող թատրոնի դերասանը որոշակի մուծումներ է կատարում, որպեսզի ինչ-ինչ պատճառներով թատրոնում զբաղված չլինելու դեպքում փոխհատուցում ստանա: Չարժե՞ նման օրենք ընդունել նաեւ մեզ մոտ։
-Դա, օրինակ, միությունների օրենքն է ԱՄՆ-ում: Իհարկե, դու որոշակի գումար ես փոխանցում, բայց քո ուզած պայմանագրին տեր է կանգնում եւ գումար է նշանակում հենց այդ թատերական միությունը: Երբ ԱՄՆ-ում էի, նկատեցի, թե ինչպես թատրոնների ղեկավարությունը դողում է այդ միություններից, ասում էր` կգան, կտեսնեն, որ սառը կամ տաք ջուր չկա, ու մեզ կպատժեն: Իսկական արհմիություն է: Եվ եթե դերասանը հիվանդանա կամ ինչ-որ բան կատարվի նրա հետ, չկարողանա այլեւս աշխատել, փոխհատուցում կստանա… Հիմա, ենթադրենք, մեր դերասանները վաղը, մյուս օրը չկարողանան իրենց փողը վաստակել, ի՞նչ պիտի անեն: Ո՞վ է նրանց ձեռք մեկնելու: Ի դեպ, Ռուսաստանի գրողների միությունը ստեղծել է Տոլստոյը, ով շատ հետաքրքիր ձեւով է խնդիրը դրել. միությունը պետք է օգնի հիվանդ եւ խմող գրողներին: Դա էլ ռուսական հիվանդություն է…
-Իսկ ի՞նչ կարծիքի եք սերիալների մասին:
-Ես հակված չեմ դերասաններին մեղադրելու սերիալում խաղալու համար. դերասանը, վերջիվերջո, գործիք է: Բայց ցավալին այն է, որ սերիալների մակարդակը, ուղղվածությունը, ճաշակը առաջին հերթին թելադրվում են նույնիսկ ոչ թե սցենարիստների, ռեժիսորների, այլ պատվիրողի, տվյալ հեռուստաընկերության ղեկավարի կողմից: Իսկ վերջինս պարզապես թելադրում է իր ճաշակը եւ փորձում իր ճաշակին որպես արդարացում ասել` ժողովուրդը սա է սիրում: Նախ՝ միանշանակ է, որ ժողովրդի մեծամասնության ճաշակը երբեւիցե չի կարող լինել արվեստի չափանիշ, եւ երկրորդը` եղբա՛յր ջան, մի՛ փաթաթիր քո ճաշակը ուրիշների վզին… Չեխովը մոտավորապես 120 տարի առաջ շատ լավ բան էր ասել` ինչո՞ւ նա, ով ինձնից անճաշակ, ինձնից կեղտոտ է, ինձնից գռեհիկ, համարվում է ժողովուրդ, իսկ ես ժողովո՞ւրդ չեմ: Թումանյանը ժողովո՞ւրդ չէր, ժողովրդի ներկայացուցի՞չ չէր, կամ Կոմիտասը:
-Ասել է թե` պետք է ոչ թե իջնել ցածր մակարդակի` ենթարկվելով պահանջարկին, այլ փորձել առկա մակարդա՞կը բարձրացնել:
-Ուրիշների մակարդակը բարձրացնելու համար նախ պետք է բարձրացնես սեփականդ, որպեսզի ինչ-որ դիրքերից կարողանաս խոսել: Մեզ մոտ մեծահասակների համար ներկայացումներին, որոնք, կարելի է ասել, գուցե մի քիչ էլիտար են, այնքան էլ շատ հանդիսատես չի գալիս, բայց, ամեն դեպքում, գալիս է. ուրեմն այդ 50, 60, 100, 150 հոգին էլ իրավունք ունի ստանալու արվեստի այն ձեւը, որն ուզում է ստանալ:

 

CNN-Ը՝ ՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ

Ամերիկյան CNN հեռուստաալիքը իր կայքում Թուրքիայի քիչ հայտնի վեց տեսարժան վայրերի մասին ռեպորտաժում պատմել է նաեւ Վանա լճի Աղթամար կղզում հայկական Սուրբ Խաչ եկեղեցու մասին:

Ռեպորտաժում ասվում է. «Շատ այցելուներ Թուրքիայում հաճախ տեսնում են Միջերկրական ծովափնյա գեղեցիկ, մարդաշատ վայրերը կամ Ստամբուլի մեծ մզկիթներն ու պալատները: Սակայն երկիրը մեծ է, կան շատ այլ տեսարժան վայրեր»։ Եվ որպես նման վայր՝ ռեպորտաժի հեղինակները ներկայացրել են Վանա լիճը՝ մասնավորապես ընդգծելով, որ այն ունի մինչեւ 400 մետր խորություն եւ մոտ 120 կմ երկարություն ու, փաստորեն, կարող է համարվել ներքին ծով. «Այն չունի ելք դեպի ծով, սակայն ջրերը հարուստ են հանքային աղերով, որոնք ջրին կաթնային կապույտ գույն են հաղորդում»:
Այս նկարագրությանը հետեւում է պատմական ակնարկ, որն ամենակարեւորն է եւ կարող է ագրեսիվ արձագանք առաջացնել մեր մեկ կամ նույնիսկ երկու ոխերիմ հարեւանների մոտ։ Ահավասիկ. «Ավելի քան 1000 տարի առաջ լիճը Հայկական թագավորության մաս էր կազմում: Հին հայկական Սուրբ Խաչ եկեղեցին Աղթամար կղզում լճի ափից գտնվում է 3 կմ հեռավորության վրա, զարդարված է հիանալի որմնանկարներով ու քանդակներով, որոնք վերջին ժամանակներում վերականգնվել են»։
Իհարկե, ռեպորտաժում հայերի՝ այդ եւ Արեւմտյան Հայաստանի շատ այլ բնակավայրերից հեռանալու պատճառների մասին ոչինչ չի ասվում, սակայն պարզից էլ պարզ է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ Թուրքիան, ինչպես նաեւ նրա փոքր եղբայր Ադրբեջանը կցանկանան ամեն ինչ ներկայացնել խեղաթյուրված, եւ հայերի, Հայկական թագավորության մասին ամեն մի հրապարակում նրանք սվիններով կընդունեն։ Ավելին, նաեւ կփորձեն ավելի շատ խոսել Խոջալուի, այսպես կոչված, ցեղասպանության մասին, որպեսզի մոռացության տրվեն նորօրյա Ցեղասպանության խորհրդանիշներ Սումգայիթն ու Կիրովաբադը, Բաքուն ու Մատաղիսը… Որպեսզի, ի վերջո, մոռացության տրվեն 1915 թվականի, ինչպես նաեւ դրանից առաջ ու հետո տեղի ունեցած ոճրագործությունները, Ցեղասպանությունը։ Ու երեւի յուրաքանչյուր նման հրապարակման, ռեպորտաժի պետք է արձագանքեն մեր պետական այրերը, պատմաբանները եւ ոլորտի փորձագետները, պետք է տրվեն մեկնաբանություններ, պետք է փորձեն նույն հեռուստաընկերության միջոցով նաեւ այլ ռեպորտաժներ պատրաստել… Չէ՞ որ ընդամենը մեկ տարուց մի քիչ ավելի ժամանակ է մնացել մինչեւ 2015 թվականի ապրիլի 24-ը։

Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ

 
ԼՈՒՐԵՐ

 

ՄԱՐԿ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Երկուշաբթի՝ հունվարի 20-ին, կկայանա հայտնի շոումեն, հաղորդավար Մարկ Սաղաթելյանի հիշատակին նվիրված երգի եւ տեսահոլովակի պրեմիերան հայ աստղերի կատարմամբ: Երաժշտության հեղինակը երգիչ Մարտ Բաբայանն է, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: Մարտ Բաբայանը, Արմենչիկը, Մհերը, Ռազմիկ Ամյանը, Արամեն, Նունե Եսայանը, Քրիստինե Պեպելյանը, Սոնան եւ այլք նոր երգով եւս մեկ անգամ կհիշեն իրենց եղբորն ու ընկերոջը՝ Մարկին:
«Երկնքում հրեշտակները թող քեզ երգեն երգը… այն մասին, որ կա հավերժ հոգիդ, հուշերում ապրող… այն մեզ չի լքի»,-երգելու են աստղերը:
Հիշեցնենք, որ Մարկ Սաղաթելյանը մահացել է 2013-ի հուլիսի 31-ին անբուժելի հիվանդությունից:

 

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՄԱՅՐԱՆԱԼ

Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը եւ Ջասթին Տերուն շատ են ցանկանում ծնողներ դառնալ: Նրանք որոշել են փոխնակ մոր օգնությամբ երեխա ունենալ: Դերասանուհին երեխա ունենալու քաջություն է հավաքել իր ընկերուհի Նիքոլ Քիդմանի հետ այդ հարցը քննարկելուց հետո միայն: Նրանք Ջասթինի հետ միասին որոշում են կայացրել, որ փոխնակ մայրությունն ավելի հարմար է իրենց: Այժմ զույգը հարմար թեկնածու է փնտրում: Ջենիֆերը միշտ ասել է, որ չի շտապում երեխաներ ունենալ: Փոխնակ մայրը նրան հնարավորություն կտա առանց սթրեսների պատրաստվել երեխայի ծնունդին:

 

 

«ՀՐԱՇԱԼԻ ԵՌՅԱԿ»

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի շուրջ ծագած սեքս-սկանդալը շարունակում է միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում մնալ, որոնք այս թեմայի շուրջ նորանոր բացահայտումներ են հրապարակում: Daily Mail պարբերականը ներկայացրել է մի լուսանկար, որում Ֆրանսիայի նախագահը պատկերված է իր կյանքի 3 գլխավոր կանանց` իր 4 երեխաների մոր, ներկայիս կնոջ ու սիրուհու հետ: Լուսանկարն արվել է 2012-ին` նախագահական արշավի ժամանակ: Դրանում Օլանդը զարմացած նայում է ընկերուհու` Վալերի Տրիերվեյլերի դեմքին, նրանից ձախ երեւում է նախկին կինը` Սեգոլեն Ռուայալը, իսկ հետեւում նստած է նախագահի սիրուհին` Ժյուլի Գայեն:
Հիշեցնենք, որ ֆրանսիական Closer ամսագիրը սկանդալային հրապարակում էր արել` պնդելով, որ Օլանդը գիշերներն այցի է գնում իրենից մոտ 20 տարով երիտասարդ դերասանուհու մոտ: Մինչդեռ Օլանդը չի հերքել իր ու Գայեի միջեւ եղած կապը:




Լրահոս