ԵԶԴԻՆԵՐԻ ԹԻՎՆ ՈՒՂԻՂ ԿԵՍՈՎ ԿՐՃԱՏՎԵԼ Է
Հայաստանաբնակ եզդիներն արագ տեմպերով արտագաղթում են: Եթե նախկինում նրանք երկիրը լքում էին աշխատանք չունենալու, սոցիալական վատ պայմանների պատճառով, ապա հիմա այս խնդիրներին գումարվել են նաեւ կոմունալ բարձր վարձավճարները: ՀՀ եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իր հայրենակիցներն աշխատանք չունեն, որպեսզի իրենց ընտանիքը կերակրեն. «Ոչ միայն եզդիները, այլեւ հայերն էլ սոցիալապես վատ պայմաններում են ապրում: Այսօր Հայաստանում բնակվող եզդիների թիվն ուղիղ կեսով կրճատվել է: Գնում են: Սրան նպաստեցին նաեւ վերջին՝ էլեկտրաէներգիայի, գազի սակագների բարձրացումները: Մարդիկ չեն կարողանում գոյատեւել: Մի կտոր հա՞ց ստեղծեն, անասունների համար անասնակե՞ր գնեն, թե՞ կոմունալ վարձերը վճարեն»: Թամոյանի ներկայացրած օրինակով՝ ՀՀ Կոտայքի մարզի Ամո եզդիական թաղամասում նախկին ավելի քան 2000 եզդիներից այս պահին ապրում է մոտ 1000-ը:
«Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջիկայում պատրաստվում է մի շարք գերատեսչություններում կադրային փոփոխություններ կատարել: Օրերս աշխատանքից ազատվելու է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Ավետիսյանը, ինչպես նաեւ փոփոխություններ կլինեն նախարարի տեղակալների «ցուցակում»: Այժմ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ունի երկու տեղակալ, հնարավոր է՝ ավելանան նաեւ փոխնախարարների հաստիքները: Ըստ մեր տեղեկությունների՝ փոփոխություն կլինի նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 5 տեղակալների շրջանում, նրանցից մի քանիսը եւս կազատվեն աշխատանքից: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանից, սակայն նա նշեց, թե նման փոփոխությունների դեպքում իրենք պատշաճ ժամանակում եւ օրենքի սահմաններում կտեղեկացնեն:
Երեկ ՀՀ կառավարության նիստում հաստատվեց «Հայռուսգազարդ»-ի բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական «Գազպրոմ»-ին վաճառելու պայմանագիրը: Սակայն հարցը ներկայացրեց ոչ թե ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, այլ ռուսական առոգանությամբ հայերեն մի կերպ խոսող փոխնախարար Իոսիֆ Իսայանը: Չնայած այսօր այդ հարցը բավականին արդիական է, այնուամենայնիվ, նախարար Մովսիսյանը չէր ներկայացել նիստին: Ուշագրավ է նաեւ այն, որ մեկ օր առաջ Ա. Մովսիսյանը ինքնաբուխ հարցազրույց էր տվել նույն գազային թեմայով ու քննադատել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ պաշտպանելով Տիգրան Սարգսյանին: «Ժողովուրդ»-ը փորձեց Ա. Մովսիսյանի մամլո խոսնակ Լուսինե Հարությունյանից պարզել, թե որն է եղել նախարարի՝ նիստից բացակայելու պատճառը: «Գործուղման մեջ է, քաղաքում չէ, դրա համար չի եկել նիստին»,-պատասխանեց խոսնակը: Իսկ թե որտեղ է նախարարը, չբացահայտեց:
ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը չի զլացել ՀՀ պետական բյուջեի միջոցներն իր ընտանեկան բիզնեսի բարգավաճմանն ուղղելու հարցում: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նախորդ տարվա նոյեմբերի 8-13-ը Հայաստան կատարած այցի ժամանակ իր ողջ պատվիրակությամբ օթեւանել է Երեւանի Կորյունի փողոցում գտնվող «Իմպերիալ պալաս» հյուրանոցում: Իսկ այն, ըստ մամուլի հրապարակումների, պատկանում է Արթուր Բաղդասարյանի եղբորը: Եվ ահա, Բորդյուժայի հյուրանոցային ծախսերը` ավելի քան 540 հազար դրամի չափով, Ազգային անվտանգության խորհուրդը հոգացել է ՀՀ պետական բյուջեի միջոցներից: Ընդ որում, փաստաթղթերից պարզ է դառնում, որ նշված գումարից 120 հազար դրամը ծախսվել է հյուրանոցային ծառայությունների մատուցման, իսկ ավելի քան 420 հազար դրամը` սննդի ծառայության համար: Ահա օրինաց երկիր կառուցելու գաղտնիքը:
ՍՊԻՏԱԿ ԱԳՌԱՎԸ
Ինչպես նախօրեին տեղեկացրել էինք, վարչապետի կողմից Ռոբերտ Քոչարյանի քննադատությանը հրապարակավ հակադարձելու հրահանգ ստացած նախարարներն անցել են գործի: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին երեկ հետեւեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, որը, սակայն, հանդես եկավ բավականին օբյեկտիվ դիրքորոշմամբ: Նախ` դեռեւս առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք նախարար աշխատած Ավանեսյանը «երկնիշ տնտեսական աճի ֆենոմենը» բացառապես իրեն վերագրող Ռ. Քոչարյանին հիշեցրեց, որ նա դրան հասել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք իրականացված բարեփոխումների շնորհիվ: «Բազմաթիվ բարեփոխումներ կան, որոնք չեն կարողանում հինգ, նույնիսկ տասը տարվա ընթացքում արդյունքները ցույց տալ: Դրանց արդյունքներն ավելի հեռանկարային են,-նկատեց նախարարը՝ միեւնույն ժամանակ Քոչարյանին հասկացնելով, որ նույն տրամաբանությամբ էլ, իր օրոք եղած ձախողումներն անհետեւանք չեն մնացել,-նաեւ, իհարկե, խնդիրները եւ այն բարեփոխումները, որոնք հաջողված չեն եղել, դրանք էլ խնդիրներ են ստեղծել: Եվ այդպես շարունակաբար լինում է»:
Ավանեսյանն անդրադարձավ նաեւ «շինարարական փուչիկին»` այս հարցում եւս արտահայտելով բավականին ոչ միանշանակ տեսակետ. «Կան բաներ, որ կարող եմ գնահատել: Օրինակ` շինարարության 25 տոկոս անկումը: Ամենածանր բանն այն է, որ կիրառվում են բառեր` «փուչիկ», չգիտեմ ինչ, ոնց որ վիրավորանք լինի: Խնդիրը նա չի, որ որեւէ մեկը փչել է այն»: Եթե հիշենք, թե ով էր խոսում «փուչիկի» եւ այն փչելու մասին, ապա ստացվում է, որ Ավանեսյանն ուղղակիորեն հանդիմանում է իր անմիջական ղեկավարին` Տիգրան Սարգսյանին:
Այդուհանդերձ, շարունակելով պրոֆեսիոնալ տնտեսագետի դիրքերից հանդես գալ՝ նա հստակեցնում է. «Պետք է փաստերը գնահատել, եւ այդ տեսանկյունից 25 տոկոս մասնաբաժինն անհնարին է, որ պահպանվեր: Դեռեւս 2007-2006-ին, նաեւ իմ կողմից, գնահատվում էր, որ շինարարությունում պետք է բացասական աճ լինի` անկախ ճգնաժամից»:
Այսպիսով` առանց ցեխ շպրտելու, առանց վիրավորական արտահայտությունների եւ ամենակարեւորը, օբյեկտիվ գնահատականներով էկոնոմիկայի նախարարը հակադարձում է Քոչարյանին` ասելով, որ շինարարության անկումն անխուսափելի էր, հետեւաբար Քոչարյանի ներկայացրած փաստարկները որոշիչ չեն: Միեւնույն ժամանակ «փուչիկ փչելու» մասին հայտարարության անընդունելիությունը շեշտելով` Ավանեսյանն արձանագրում է նաեւ Քոչարյանին ինչ-որ չափով հանիրավի մեղադրելու իրողությունը:
Թե ՀՀ իշխանական վերնախավում տիրող պնակալեզության ավանդույթներից էկոնոմիկայի նախարարի այս անսպասելի շեղումն ինչպես կընդունվի, ցույց կտա ժամանակը: Թեեւ, դատելով իր գրասենյակի անունից հայտարարություն տարածող երիտհանրապետականի ինքնահաստատման ծիծաղելի դրսեւորման կապակցությամբ ՀՀԿ վերնախավում տիրող հրճվանքից, այն դժվար թե առանձնապես ողջունվի: