ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԵՍ ՍՈՎՈՐ ԵՄ, ՈՐ ԵՍ Ի՛ՆՔՍ ԻՆՁ ՂԵԿԱՎԱՐԵՄ»

Արդեն քանի օր է` ակտիվորեն քննարկվում է, թե ով է փոխարինելու Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին: Տեղեկություններ կան, որ իշխանությունները մտադիր են նրան «ուղարկել» թոշակի, քանի որ մարզպետի կենսաթոշակային տարիքը վաղուց լրացել է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ներկայումս քննարկվում է նոր մարզպետի երեք թեկնածություն. ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ), Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ): Թեեւ հիմնական թեկնածուն համարվում է Ալիկ Պետրոսյանը, այդուամենայնիվ, մեր տեղեկություններով, մարզպետի աթոռի համար ներկայումս լուրջ մրցակցություն է ծավալվել: Հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց շրջանառվող թեկնածուների հետ:

ԱԼԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ (ՄԱՊ-ի Ալիկ)
-Պարո՛ն Պետրոսյան, տեղեկություններ են շրջանառվում, որ Արմավիրի մարզպետին կենսաթոշակի ուղարկելուց հետո Ձեզ են նշանակելու այդ պաշտոնում: Իրականում նման բան կա՞:
-Լավ էլի՛, բա կարելի՞ է նման տեղեկություններ տարածել, որոնք սուտ են:
-Բայց նշվում է, որ լրջորեն քննարկվել է, թե ով է փոխարինելու Աշոտ Ղահրամանյանին, եւ հիմնական թեկնածուն այսօրվա դրությամբ համարվում եք Դուք: Ձեզ հետ նման քննարկում եղե՞լ է:
-Դե հիմա ամեն մարդ իր կարծիքն ու իր ցանկությունն է արտահայտում: Ես որեւէ բան այդ առումով չեմ կարող ասել, որովհետեւ իսկապես դրանք կարծիքներ են, տեսակետներ, որոնք արտահայտում են: Ես չգիտեմ, թե ինչու են նման տեղեկություններ տարածում:
-Այնուամենայնիվ, եթե Ձեզ առաջարկվի զբաղեցնել Արմավիրի մարզպետի պաշտոնը, Դուք կհրաժարվե՞ք:
-Ես իմ աշխատանքն ունեմ, ես աշխատում եմ Ազգային ժողովում:
-Այսինքն՝ առաջարկը մերժելո՞ւ եք:
-Դե գիտեք ի՞նչ, այնպիսի հարց եք տալիս… ես ասացի, չէ՞, արդեն, որ ես իմ տեղն եմ աշխատում, ես Ազգային ժողովում եմ իմ աշխատանքը կատարում եւ դա անում եմ շատ հաճույքով: Իսկ էն մարդն էլ իր տեղն է աշխատում: Դե հիմա մարդն աշխատում է, թոշակի է, թոշակի չէ, մարդն աշխատում է, լավ էլ աշխատում է, ի՞նչ է եղել:

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ (Ճոյտ)
-Պարո՛ն Հակոբյան, տեղեկություններ կան, որ Դուք Արմավիրի մարզպետին փոխարինողների «ցուցակում» եք: Ձեզ նման առաջարկ արվե՞լ է:
-Ես տեղեկություններ եմ լսել, որ նրա պաշտոնավարման ժամանակն է լրացել, ես այլ տեղեկություններ չունեմ: Չգիտեմ, թե այժմ ինչ մարդկանց անուններ են քննարկվում: Ես երբեք գործադիրի աշխատանք չեմ ցանկանում կատարել, որովհետեւ իմ բնավորությունը մի քիչ չենթարկվող է, ես, ասենք, չեմ կարող սենց անել, կամ, չգիտեմ, մեկը կանչի, հելնեմ գնամ, ես շատ գիտեմ, հազար ու մի բան կա: Ես սովոր եմ, որ ես ի՛նքս ինձ ղեկավարեմ: Այսինքն՝ ինձ համար կա՛մ պետք է լինի օրենսդիրը, կա՛մ մասնավոր իմ աշխատանքը: Ես կաշխատեմ իրենցից հազար անգամ ավելի լավ, ավելի խելոք, անկաշառ, պարզապես ես մի քիչ ենթարկվող չեմ: Ասենք՝ բաներ կան, որ կարող է իմ դուրը չգալ, ու ես… իսկ գործադիրում պետք է օրենքները հստակ պահես, ենթարկվես կանոններին: Սա է պատճառը:
-Այսինքն, եթե անգամ Ձեզ առաջարկվի զբաղեցնել Արմավիրի մարզպետի պաշտոնը, Դուք կհրաժարվե՞ք:
-Իհարկե, հիմա ես աշխատում եմ ու գործազուրկ չեմ, որ համաձայնեմ այդ աշխատանքը կատարել: Բայց եթե օրենսդիրում հնարավորություն լինի ընտրությունների ժամանակ, ապա ես միշտ պատրաստ եմ աշխատել այնտեղ: Դե չգիտեմ, հիմա էլ մարզպետն աշխատում է, ու ես այլ բան չեմ կարող ասել, չգիտեմ՝ ով կփոխարինի: Գուցե փոխարինողն ավելի լավը լինի կամ գուցե հակառակը: Մի խոսք կա, չէ՞. մինչեւ չգա հետինը, չի հիշվի առաջինը:
Հ.Գ. Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել նաեւ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հետ, սակայն վերջինս համառորեն չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:

 

 

ԺՈՂՈՎՐԴԻ «ՍԵՎ ՍԻՐՏՆ» ՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՏՈՆԸ

Երեկ կառավարությունը հավանություն տվեց «Հայռուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական «Գազպրոմ»-ին վաճառելու պայմանագրին: Ուշագրավն այն է, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը չէր համարձակվել գալ կառավարության նիստին եւ անձամբ ներկայացնել հարցը` այդպիսով այս անգամ էլ խուսափելով անցանկալի հարցերին պատասխանելուց:

Ի դեպ, կառավարության նիստում նախ ներկայացվեցին բոլոր հարցերը, եւ միայն վերջում անդրադարձ եղավ ամենագլխավորին` «Հայռուսգազարդ»-ի բաժնետոմսերի վաճառքին:
Ընդ որում, բավական երկար ժամանակ պահանջվեց, մինչեւ ՀՀ կառավարության անդամները միահամուռ կերպով որոշեցին, թե որ օրը կարելի է Հայաստանում նշել որպես ուսանողության օր: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը փորձում էր հիմնավորել, թե ինչու է անհրաժեշտ այս նոր տոնը: Ըստ նրա՝ Հայաստանի տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքում ուսանողության օր սահմանելու վերաբերյալ առաջարկը նոր չէ. դեռեւս 2010թ. ապրիլին Երեւանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը դիմել է կառավարությանը եւ ԿԳՆ-ին՝ ուսանողության օր ունենալու առաջարկությամբ:
«Տոնացույցում ուսանողների ու երիտասարդների օր ամրագրելը կխթանի ուսանողների եւ երիտասարդների մասնակցությունը սոցիալական, տնտեսական, բնապահպանական եւ քաղաքական հարցերի լուծմանը, նրանց ստեղծագործական կարողությունների, հսկայական ներուժի եւ շնորհների` երկրի զարգացման գործընթացներում ներգրավելուն, որը կնպաստի մեր երկրի առաջընթացին»,-հայտարարեց Աշոտյանը: Ապա սկսվեց լուրջ քննարկում ՀՀ վարչապետի, ԿԳ նախարարի եւ կապի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի միջեւ: Վերջինս խոսք խնդրեց եւ ներկայացրեց իր առարկությունը. «Երեւի նոյեմբերի 17-ը վերջին 10 տարվա ընթացքում մեր հայ ուսանողները շատ մեծ սիրով տոնում են, էլի՛, պարտադի՞ր է անպայման մենք մերն ունենանք, միջազգայինի հետ միասին անենք, էլի՛: Արդեն սովորել ենք: Մեկ է, որ սա ընդունվի, մնացած տոների հետ միասին ուսանողները տարվա մեջ երկու անգամ էդ տոնը նշելու են»: Ի պատասխան՝ Աշոտյանը փորձեց նոր փաստարկներ ներկայացնել, սակայն վարչապետը նրան ընդհատեց` ասելով. «Շատ լավ, ազգայնացնենք այս տոնը»: Այդպիսով՝ ընդունվեց, որ մայիսի 16-ն ուսանողության օրն է, եւ հարցը փակված համարվեց:
Այս «լուրջ» հարցի քննարկումից հետո ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը հայտարարեց, թե կառավարությունն էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին կլիազորի կնքել «Գազպրոմ»-ի հետ պայմանագիրը, որից հետո «Հայռուսգազարդ»-ի բաժնեմասերի 100 տոկոսը կանցնի ռուսական կողմին:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

ԼՈՒՐԵՐ

ՉԵՆ ԴԻՄԱՎՈՐԵԼ

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, 4 տարվա ազատազրկման դատապարտված եւ վաղաժամկետ ազատ արձակված Հովհաննես Թամամյանին իր մտերիմները, ընկերները չեն գնացել դիմավորելու: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ են գնացել միայն նրա որդին ու կինը, եւ ազատության մեջ հայտնվելուց անմիջապես հետո Հ. Թամամյանը գնացել է Ծաղկաձոր ու ոչ մեկի հետ չի ցանկանում շփվել: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Հ. Թամամյանի խցակից ընկեր Մարգար Օհանյանից պարզել՝ գոնե ինքը հանդիպե՞լ է նրա հետ. «Այո՛, այո՛, հանդիպել եմ, զրուցել եմ, ամեն ինչ նորմալ է իր մոտ, հիմա Ծաղկաձորում է, ես այլ հարցի չեմ կարող պատասխանել, երեւի կվերադառնա, էլի՛, չգիտեմ, կարծում եմ՝ ինքը շուտով կխոսի, ձեր բոլոր հարցերին կպատասխանի»: Հիշեցնենք, որ Թամամյանը քրեական հետապնդման էր ենթարկվել Արաբկիրում` սպանության, իսկ Գավառում` սպանության փորձի գործերի քննության ընթացքում փաստերը խեղաթյուրելու համար:

ՔԿՀ ՊԵՏԸ՝ ԴԵՊՔԻ ՄԱՍԻՆ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Արթիկ» ՔԿՀ պետ Գեւորգ Մկրտչյանը հերքեց այն տեղեկությունը, թե հունվարի 10-ին ՔԿՀ-ում սրտի անբավարարությունից մահացած դատապարտյալ, 38-ամյա Արթուր Գեւորգյանին ուշացումով են բուժօգնություն ցուցաբերել. «Անձամբ ես կաբինետում եմ եղել, ինձ ժամը 6-ի սահմաններում զանգահարել եւ ասել են, թե վատ է զգում, գնացել տեսել եմ՝ բժիշկն այնտեղ է, իսկ Արթուրը՝ արդեն մահացած վիճակում: Ինձ զեկուցեցին, որ դատապարտյալը եղել է պետքարանում ու այնտեղ էլ ընկել է: Բժիշկներն անմիջապես եկել են նրա մոտ: Հետո քննիչներին ենք հրավիրել, ու մարդիկ համոզվել են, որ մահացել է ինֆարկտից: Շատ նորմալ անձնավորություն էր ու մինչ դեպքը բողոքներ չի ունեցել եւ այդ մասին ոչինչ չի ասել»: Նշենք, որ Արթուր Գեւորգյանը 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել խուլիգանություն կատարելու համար, որից 3,5 տարվա պատիժն արդեն կրել էր:

 

ԳԵՐԱԴԱՍՈՒՄ Է ՀԱՆԳԻՍՏԸ

Հունվար ամիսն արդեն կես է ընկել, բայց Սերժ Սարգսյանը կարծես թե չի շտապում վերադառնալ արձակուրդից: Ամանորյա տոներից հետո նա շարունակում է մնալ արձակուրդի մեջ, այն էլ` Կորեայում: Միաժամանակ, հայտնի չէ, թե նա երբ կվերադառնա: Ընդհանրապես, նկատենք, որ վերջին շրջանում Ս. Սարգսյանը հաճախ է կարճատեւ արձակուրդների մեկնում. եթե նախորդ տարիներին նա, չհաշված ամանորյա ոչ աշխատանքային օրերը, տարեկան մեկ անգամ էր արձակուրդ մեկնում, ապա 2013թ. արձակուրդ է գնացել ավելի շատ եւ ավելի երկար ժամանակով, եւ որ ամենակարեւորն է, բավական մոտ ժամկետներում` մեկ անգամ՝ հուլիս, մեկ անգամ` օգոստոս ամիսներին:




Լրահոս