ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՇԻՐԱԿԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ ՀՐԱՎԻՐԵԼ ԵՆ ԱՌԵՐԵՍՄԱՆ

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի եւ Շիրակի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի միջեւ Ամանորից առաջ առերեսում է տեղի ունեցել: Այս մասին երեկ «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց Հ. Սարգսյանի պաշտպան Լուսինե Սահակյանը:

Բանն այն է, որ նոյեմբերի 27-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հարություն Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը որեւէ առնչություն չունի Եսայանի սպանության գործին եւ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում: Իր ցուցմունքում հանգամանալից նկարագրել էր, թե ինչպես է դաժան ծեծի ենթարկվել Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի եւ Երեւանի ներկայիս ոստիկանապետ, այն ժամանակ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանի կողմից:
«Բաբակեխյանը սկսեց ծեծել ինձ, մի ձեռքով պինդ բռնում էր մի ականջս, մյուս ձեռքով հարվածում էր մյուս ականջիս: Այդ ժամանակ նա հրահանգեց, անունը լավ չեմ հիշում՝ Ազատ էր, թե Արազ, որ աթոռ բերի: Նա փայտից աթոռ բերեց, բայց Բաբակեխյանը զայրացավ՝ ասելով, որ երկաթից աթոռ բերի: Ինձ պառկացրին գետնին, մեջքի կողմով գլուխս կիսածալված հենեցին պատին, աթոռը նստելու տեղի կողմից դրեցին դեպի ինձ, ոտքիս թաթերը դուրս հանեցին հենակի հատվածից՝ սրունքների հետեւի մասով դեպի նստատեղը: Նրանցից մեկը` Վահրամ Ենգոյանը, հանեց կոշիկներս: Բաբակեխյանը ռետինե սեւ մահակով հարվածեց ոտքերիս, ոտնաթաթերիս տակ, այդ ժամանակ Կարապետյանն ու Ենգոյանը բռնել էին ինձ, որ չշարժվեմ: Նրանք ինձ ծեծելով ուզում էին ստիպել, որ ասեմ, թե իբր ես եմ սպանել Կարենին»,-ասել էր ամբաստանյալը:
Հրապարակումից հետո՝ մեկ շաբաթ անց՝ դեկտեմբերի 4-ին, Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից Հարություն Սարգսյանի նկատմամբ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնական լիազորությունների անցում կատարելու փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ եւ 315-րդ հոդվածի 1-ին մասերով: Որոշումից անցել է 1,5 ամիս, եւ «Ժողովուրդ»-ը փորձեց Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանից հետաքրքրվել՝ արդյոք իրեն հրավիրել են ՀՔԾ՝ հարցաքննության: Վերջինս հրաժարվեց մեկնաբանել՝ նշելով, որ դիմենք ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն: Մեր հարցին ի պատասխան՝ այնտեղից հայտնեցին, որ Աշոտ Կարապետյանին չեն հրավիրել ՀՔԾ՝ հարցաքննության:
Միայն Շիրակի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանն է ՀՔԾ-ում հարցաքննվել, իսկ թե ինչ կարգավիճակով, պարոն Բաբակեխյանը չցանկացավ մանրամասնել:
Իսկ ահա Հ. Սարգսյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հարուցված քրեական գործից որոշ մանրամասներ պատմեց. «Կարեն Բաբակեխյանի եւ Հարությունի միջեւ առերես հարցաքննություն է եղել: Ինչպես նաեւ առերես հարցաքննություն է եղել Վահրամ Ենգոյանի եւ Հարությունի միջեւ, իսկ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետ առերես հարցաքննություն չենք ունեցել»:
Լուսինե Սահակյանի խոսքով՝ Կարեն Բաբակեխյանը ՀՔԾ է հրավիրվել հարցաքննության որպես վկա: Ու պաշտպանը որեւէ ակնկալիք չունի, որ բարձրաստիճան ոստիկանների նկատմամբ մեղադրանք կառաջադրվի. «Չեմ հավատում համակարգին: Եթե ինչ-որ փոփոխություն լինի այդ դեպքում, միգուցե հավատամ, բայց այս պահի դրությամբ որեւէ փոփոխություն չեմ նկատում»:
Ինչեւէ, փորձեցինք ՀՔԾ-ից հետաքրքրվել, թե ինչ փուլում է գտնվում ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից Հ. Սարգսյանի նկատմամբ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնական լիազորությունների անցում կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը: ՀՔԾ-ից պատասխանեցին, որ նախաքննությունը շարունակվում է, եւ այլ մանրամասներ չեն կարող հայտնել: Դժվար չէ ենթադրել, որ եթե այդ դաժան տեսարանի նկարագրությամբ տրված ցուցմունքների «հերոսները» մինչ օրս պաշտոնավարում են, ուրեմն չեն էլ պատժվի: Իսկ քրեական գործն էլ կկարճվի՝ թերեւս հանցադեպի բացակայության կամ ապացույցների անբավարարության հիմքով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ԴԱՍԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵՑԻՆ

ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ հունվարի 13-ին տեղափոխված նորակոչիկ Մհեր Խլղաթյանի գործով զարգացումները շարունակվում են: Հունվարի 15-ին զինվորի ծեծի գործով ձերբակալվել է երկու անձ` զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Արմենի Օհանյանը եւ նույն զորամասի բուժծառայության պետ, բուժծառայության կապիտան Արման Դավիթի Թադեւոսյանը: Նրանք ձերբակալվել են ՀՀ ՔՕ 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` մի խումբ անձանց կողմից զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում ստորադասին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը: «Ժողովուրդ»-ը հունվարի 15-ի համարում գրել էր, որ սույն գործով եւս մեկ անձ կձերբակալվի: Երեկ ՊՆ քննչական ծառայության լրատվության հետ կապերի բաժնի սպա Մերի Սարգսյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ այս գործով ձերբակալվել է զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Սամվելի Մնացականյանը: Եվ այսպես, ձերբակալվածների թիվը հասավ երեքի:

 

ՏԱՐԻՆ ՍԿՍԵՑԻՆ «ԹՌՆԵԼՈՎ»

2014թ. ընթացքում ՀՀ կառավարությունը հասցրել է ընդամենը երկու նիստ հրավիրել: Հաշվի առնելով այն, որ տարին նոր է սկսվել, եւ նախարարներն առավել ակտիվ պետք է լինեին հասարակությանը հուզող հարցերին պատասխանելիս եւ առավել պատրաստակամ՝ լրատվամիջոցների հետ շփումներում, սակայն երեկվա տեսարանը միանգամայն այլ էր: Հայրենի նախարարները նիստի ավարտից հետո կառավարության շենքի հետնամուտքից հեռացան կամ, պատկերավոր ասած, «թռան»: «Ժողովուրդ»-ը փորձեց որոշ նախարարների իրենց ոլորտին առնչվող հարցեր տալ, սակայն ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ, վերջապես, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետ Երվանդ Զախարյանը այնպիսի արագությամբ ծլկեցին, որ անհնար էր անգամ հայացքով հետեւել: Թեեւ նրանք էլ իրենց խնդիրներն ունեն. մի կողմից վարչապետն ասում է՝ պաշտպանե՛ք ինձ Ռոբերտ Քոչարյանից, մյուս կողմից էլ Քոչարյանի տարիների իրենց կարգավիճակն են հիշում ու խուսափում լրագրողների աչքերին նայելուց, որպեսզի այդ թեմայով ոչինչ չխոսեն:

 

ԵԿԵ՛Ք ՏԱՐԵ՛Ք

«Ժողովուրդ»-ը մոտ օրերս ահազանգ ստացավ Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի մի շարք բնակիչներից, ըստ որոնց՝ տոնական օրերին՝ հունվարի 1-ից մինչեւ հունվարի 12-ը, իրենց շենքերի աղբն ուղղակի չի մաքրվել: Նրանց պնդմամբ՝ այդ օրերին աղբն այնքան է կուտակվել, որ նույնիսկ լցվել է աստիճանների վրա: Հարցին լուծում տալու համար մարդիկ դիմել են համատիրություն, որտեղից խորհուրդ են տվել դիմել Աջափնյակի ղեկավարին: Այստեղի աշխատակիցներն էլ բնակիչներին պատասխանել են, թե աղբի մեքենաները չեն աշխատում: «Ժողովուրդ»-ը Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ վարչության պետ Ռոման Ալոյանից հետաքրքրվեց, թե ինչն է եղել խնդիրը. «Պատկերացրե՛ք՝ տոնական օրերին մենք երեք-չորս անգամ աղբի ավելացում ենք ունենում, դե տեխնիկան, բնականաբար, մի շենքի աղբը պետք է ամբողջությամբ տեղափոխի, այնուհետեւ անցնի մյուս շենքին: Աղբը չափից շատ էր, ինչի համար էլ գրաֆիկի խախտում է եղել: Բայց չկա նման բան, որ աղբահանության մեքենան հատուկ դուրս չգա եւ աղբը չտանի: Հիմա աղբի խնդիր չունենք»:
ԲԼԹ

«Շատ հաճելի է, երբ երկրի երկրորդ նախագահը հիշատակում է Անդրանիկ Մարգարյանին, բայց հռետորական հարց է առաջանում՝ ե՞րբ է վերջին անգամ Ռոբերտ Քոչարյանն այցելել Պանթեոն»:

Արմեն Աշոտյան News.am
Միանշանակ ճիշտ հռետորական հարց է հնչեցնում կրթության ՀՀԿ-ական նախարարը: Սակայն սա առաջացող միակ հռետորական հարցը չէ, օրինակ` ՀՀԿ-ական պաշտոնյաներից ու պատգամավորներից քանի՞սն են ծառայել հայոց բանակում, եւ արդյոք ծառայել է Արմեն Աշոտյանը: Կամ եթե ՀՀԿ-ականները ջանասիրաբար Պանթեոն եւ այլ վայրեր են այցելում, դրանից ի՞նչ է փոխվում ժողովրդի համար՝ աղքատությո՞ւնն է կրճատվում երկրում, թե՞ արտագաղթը: Կամ եւս մի հռետորական հարց. ինչո՞ւ Արմեն Աշոտյանը Ռոբերտ Քոչարյանի՝ Պանթեոն չայցելելու հարցը չէր բարձրացնում հենց Քոչարյանի իշխանության օրոք:

 

«Իմ կինն է այդ հարցերով զբաղվում, եւ ես տեղյակ չեմ` հայհոյել է իմ կինը իշխանություններին ՀՀ շատ քաղաքացիների նման` իմանալով վարձավճարի չափը, թե ոչ: Հնարավոր է»:

Վահրամ Ավանեսյան 1in.am
Ահա թե ինչպես են իշխանական պաշտոնյաները ոգեշնչվում Սամվել Ալեքսանյանի՝ «կնոջս հարցրե՛ք, ես տեղյակ չեմ» խոսքերից: Կին ունենալու գործոնն այսօր պաշտոնյաների համար դարձել է անցանկալի հարցերին պատասխանելուց խուսափելու ամենահարմար միջոցը, եւ էկոնոմիկայի նախարարն էլ բացառություն չէ: Բնականաբար, Ավանեսյանը չէր կարող չիմանալ իր բնակարանի կոմունալ վարձավճարի չափը, սակայն նաեւ չէր կարող հայհոյել իշխանություններին եւ նույնիսկ խոստովանել այդ մասին: Արդյունքում ստացվում է տհաճ իրավիճակ, երբ մեր նախարարները նույնիսկ իրենց տան խնդիրներից տեղյակ չեն:

 

«Կարծում եմ, խոշորացնելով, համայնքները կդարձնենք ավելի հզոր, ֆինանսապես կայուն, իսկ համայնքապետեր կլինեն այնպիսի մարդիկ, ովքեր ծրագրային խնդիրներ կարող են ներկայացնել եւ զարգացման մասին խոսել»:

Վահե Հակոբյան «Առավոտ»
Մի՞թե Սյունիքի ՀՀԿ-ական մարզպետը չի գիտակցում, թե ինչպիսի կարգեր է որպես ժառանգություն ստացել իր նախորդից՝ Սուրիկ Խաչատրյանից, որը, ի դեպ, նույնպես ՀՀԿ-ական էր եւ իր բուն պարտականությունները դարձրել էր իշխանություններին ծառայություններ մատուցելը, ընտրությունների ժամանակ ձայներ հավաքելը՝ նույնը պարտադրելով համայնքապետերին: Ավանդույթները շարունակվում են, քանի որ ՀՀԿ-ն մնում է իշխանության գլխին, ուստի դժվար թե լինեն համայնքապետեր, ովքեր կարող են ծրագրային խնդիրներ ներկայացնել կամ զարգացման մասին խոսել: Եթե նրանք աշխատեն, բա ՀՀԿ-ին ո՞վ կծառայի:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս