ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿ ՀԱՊԿ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ
2014 թվականի հունվարի 11-ին ՀԱՊԿ հիմնադիր անդամ երկու երկրների` Տաջիկստանի եւ Ղրղզստանի սահմանային գծում գրեթե մեկ ժամ ընթացել են թեժ մարտեր, գնդակոծություն, ընդհուպ ականանետների եւ հակատանկային կրակային զենքերի գործածմամբ:
Ղրղզստանի փոխվարչապետ Տոկո Մամիտովը, ով հետաքրքիր զուգադիպությամբ այդ ընթացքում եղել է պաշտոնական հանդիպման Տաջիկստանում, հայտարարել է, որ սահմանային միջադեպի ժամանակ տաջիկական կողմից նման նշանակության զենքերի կիրառմամբ խախտվել են ՄԱԿ-ի կոնվենցիաները: Տարօրինակ է, որ փոխվարչապետը չի հիշատակել ՀԱՊԿ շրջանակներում կնքված պայմանագրերը:
Չնայած կողմերն արդեն հանդես են եկել հայտարարություններով՝ փորձելով միջադեպի պատասխանատվությունը բարդել սահմանապահ ստորաբաժանումների ղեկավարների վրա, սակայն իրականում պարզ է, որ պատճառն ամենեւին էլ այն չէ, ինչ հնչում է պաշտոնյաների շուրթերից:
Սահմանապահների միջեւ եղած թյուրիմացությունն ընդամենը առիթ է այդ երկու պետությունների միջեւ անընդմեջ ծագող լարվածության, քանզի Տաջիկստանը եւ Ղրղզստանը մինչ օրս չեն կարողանում միմյանց միջեւ ճշտել սահմանային գծերը:
Ղրղզստանի տարածքում դեռ 1920-ականներից ներառված է տաջիկական Վորուխ անկլավը՝ կրկին Մոսկվայի որոշմամբ, եւ այդ անկլավի հարցը մինչ օրս մշտական վեճի առարկա է:
Այս միջադեպը, սակայն, անկախ իր տեւողությունից եւ մասշտաբայնությունից, ինքնաբերաբար կարծես գալիս է համալրելու այն պարզ իրողության շղթան, որ ՀԱՊԿ անդամ երկրների քաղաքականության առաջնայնությունը ոչ թե պայմանագրային պարտավորություններն են, այլ սեփական շահերը:
Հայաստանը եւս՝ որպես ՀԱՊԿ հիմնադիր անդամ, բազմիցս է այդ շահերի ազդեցությունն անմիջապես զգում, երբ ամեն անգամ Բելառուսը եւ Ռուսաստանը զենքի հերթական խմբաքանակն են վաճառում Ադրբեջանին, կամ ՀԱՊԿ մեկ այլ անդամ երկիր` Ղազախստանը, հանդես է գալիս ադրբեջանամետ հայտարարություններով:
Ղրղզստանի եւ Տաջիկստանի միջեւ արձանագրված սահմանային միջադեպը, թեկուզ եւ առանց զոհերի կամ լուրջ ավերածությունների, միեւնույն է, ցույց է տալիս, որ պայմանագրային պարտավորագրություններով միմյանց հետ շաղկապված ՀԱՊԿ անդամ պետությունները, որոնք ռազմական սպառնալիքի դեպքում միմյանց օգնության հասնելու համար ստեղծել են անգամ արագ արձագանքման օպերատիվ ուժեր, փաստորեն, հենց իրենք են պատրաստ առաջին իսկ հարմար առիթի դեպքում միմյանց դեմ սանձազերծել ռազմական գործողություններ:
Այս միջադեպը մտահոգիչ է հատկապես դոմինանտ այն կարծրատիպի պարագայում, որ ՀԱՊԿ-ն է Հայաստանի անվտանգության երաշխավորը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների դեպքում ՀԱՊԿ-ը միջամտելու է: Միգուցե: Բայց արդեն իսկ հստակ է, որ գնալով անդամ պետությունների հարաբերություններում տնտեսական, քաղաքական շահերը ոչ թե համադրվում են, այլ հակադրվում:
Իհարկե, կարող են լինել հիմնավոր տեսակետներ, որ հատկապես միջինասիական այդ երկու աղքատիկ, տնտեսապես վատ վիճակում գտնվող երկրների միջեւ ժամանակ առ ժամանակ ծագող սահմանային միջադեպերը չեն կարող չափորոշիչ լինել մի այնպիսի հզոր կառույցի, ինչպիսին ՀԱՊԿ-ն է, կայունության, կենսունակության, աշխարհաքաղաքական դերակատարության, անդամ երկրների ռազմական անվտանգության ապահովման համար:
Սակայն փաստ է, որ դրանք կան, եւ ռազմական դաշինքով կապված երկրների միջեւ, եթե մի տեղ ընդունելի են տնտեսական, մշակութային կամ այլ շահերի հակասություններ, ապա ռազմական հակասություններ, զինված բախումներ անթույլատրելի են: Այլապես տվյալ կառույցի իմաստը կորում է, եւ մնում է միայն ձեւական կողմը:
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ
ՆԱԵՎ` ՎԱՏ ԲԻԶՆԵՍՄԵՆ
2013թ. ամռանից դադարել է լույս տեսնել Տավուշի մարզային «Տավուշ» թերթը: «Մարզային լրատու» կոչվող, 2 տպագրական մամուլ ծավալով, 8 էջանոց ամսաթերթի մեջ, որպես պարբերականի խմբագրության հասցե, նշված էր՝ ք. Իջեւան, Սահմանադրության 1: Այն Տավուշի մարզպետարանի հասցեն է: Բիզնես հանդիսացող, շահույթ հետապնդող թերթը գործում էր ՀՀ կառավարության տարածքային ստորաբաժանում համարվող Տավուշի մարզպետարանի «տանիքի ներքո»՝ այդ արտահայտության ուղղակի եւ փոխաբերական իմաստներով: «Տավուշ»-ն այն հազվագյուտ թերթերից էր, որ խմբագիր չուներ, այն ղեկավարում էր խմբագրական խորհուրդը: Որպես թերթի հրատարակիչ՝ նշվում էր «Սահմանաքար» ՍՊԸ-ն, սակայն Տավուշի մարզում գրեթե բոլորն այդ լրատվամիջոցը կոչում էին «մարզպետարանի թերթ»: Դրանում հիմնականում տեղ էին գտնում «դրական լուրեր» մարզպետ Արմեն Ղուլարյանի պաշտոնական հանդիպումների, մարզպետարանում կայացած նիստերի, խորհրդակցությունների եւ այլ միջոցառումների մասին: Այդ լուրերն առանց հղումի վերցվում էին Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքից: Նշենք, որ Տավուշի մարզի համայնքապետարաններում, առողջապահական հիմնարկներում, հանրակրթական դպրոցներում հայտարարված թափուր տեղերի մրցույթների մասին վճարովի հայտարարությունները նույնպես տպագրվում էին սույն թերթում: Հիշյալ հիմնարկությունները գտնվում են Տավուշի մարզպետարանի ենթակայության ներքո:
Մեր ունեցած տեղեկություններով՝ թերթի փակման պատճառը, այնուամենայնիվ, ֆինանսական խնդիրներն են: Այս տարեսկզբից եթեր դուրս չի գալիս նաեւ փաստացի Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին պատկանող մարզային «Տավուշ» հեռուստաընկերությունը: Այն թեեւ կոչվում էր մարզային, սակայն դրա հաղորդումները չէին հեռարձակվում Բերդի շրջանի 17 համայնքներում, Նոյեմբերյանի շրջանի Ոսկեվանի եւ Բագրատաշենի ենթաշրջաններում, Իջեւանի եւ Դիլիջանի որոշ գյուղերում: Որպես մարզային հ/ը-ի հիմնական սեփականատեր՝ գրանցված էր Արմեն Ղուլարյանի բարեկամի անունը: Այդ հ/ը-ի 20 տոկոսի բաժնետեր էր Նոյեմբերյանի «Քամուտ» հ/ը-ի սեփականատեր Վարդան Անանյանը: «Տավուշ» հ/ը-ն կազմավորվել էր «Քամուտ»-ի տեխնիկական հենքի վրա եւ եթեր էր դուրս գալիս Նոյեմբերյան քաղաքից: Ներկայումս որպես «Տավուշ» հ/ը-ի հասցե է նշվում Իջեւանի շրջանի Ազատամուտ գյուղը: Հավանական է, որ կատարվել է մարզային հ/ը-ի վերագրանցում կամ վաճառք: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մի առիթով ասել էր, որ քաղաքական գործիչ լինելու համար խելք հարկավոր չէ, իսկ բիզնեսմեն լինելու համար դա անհրաժեշտ է: Ավելի քան 15 տարի Տավուշի մարզը ղեկավարող, ՀՀԿ Տավուշի մարզային կազմակերպության ղեկավար Արմեն Ղուլարյանի վերահսկողության տակ գտնվող մարզային լրատվամիջոցները, փաստորեն, ոչ արդյունավետ կառավարման պատճառով դադարեցրել են իրենց գործունեությունը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԼՈՒՐԵՐ
ՆԱԽԱՐԱՐԸ՝ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով օրերս գրանցված զինծառայողի մահվան դեպքին եւ բանակում ծեծի ենթարկված մեկ այլ զինվորի դեպքին, վստահեցրեց, որ մեղավորները կպատժվեն: Նա ասաց, որ նախնական տվյալներով՝ հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հիվանդության պատճառով մահացած Հայկ Մակարյանի մոտ կայծակնային արագությամբ մենինգիտ հիվանդություն է զարգացել՝ նշելով, որ դատաբժշկական փորձաքննությունը վերջնական ցույց կտա մահվան պատճառը. «Բժիշկների կատարած աշխատանքը նեղ մասնագիտական է, եւ հրամանատարների՝ այդ մասնագիտության մեջ խորանալը բավական դժվար է»: Ավելին, ըստ նախարարի՝ տղան դիմել է բժշկի, բայց հիվանդությունը շատ արագ է զարգացել: Հարցին, թե բանակում ծեծի ենթարկված Մհեր Խլղաթյանին հոսպիտալում խոշտանգել են, եւ նրա մարմնի վրա ծխախոտի այրված հետքեր են եղել, նախարարն ասաց, թե դրա մասին տեղեկություններ չունի: Ըստ Սեյրան Օհանյանի՝ բանակում բռնությունները կշարունակվեն այնքան ժամանակ, որքան յուրաքանչյուր ընտանիքում կլինի չարաճճի երեխա, դպրոցում կլինի վատ վարքի տեր աշակերտ եւ այդպես շարունակ:
ՄԻ՛ ՓՆՏՐԵՔ
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ «Ազատությանն» ասել է. «Կարծում եմ, որ Տիգրան Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հրապարակային բանավեճի տակ ավելին փնտրելը, քան բուն այդ բանավեճն է, բացարձակ անիմաստ գործ է: Ավելին, այդ բանավեճի վրա կենտրոնանալը եւ այն որպես քաղաքական գործընթաց ներկայացնելը հենց այն է, ինչ պետք է գործող ռեժիմին»:
ԿԱՐՏԱՇԻՐԻՄԵՆ
Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին երեկ հայտարարել է, որ դատախազությունն ակտիվորեն աշխատում է Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հետաքննության ուղղությամբ: Պլանավորվում է արտաշիրիմել նախկին վարչապետի դիակը եւ փորձաքննություն իրականացնել` ներգրավելով շվեյցարական կամ իսրայելական մասնագետների: Վարչապետը հավելել է, որ Ժվանիայի մահվան կապակցությամբ իրենք պատրաստվում են ստեղծել հանձնաժողով եւ դրա հետ կապված՝ խորհրդակցություններ են անցկացնում Թոմաս Համմարբերգի հետ: Հիշեցնենք, որ «Վարդերի հեղափոխության» առաջնորդներից Զուրաբ Ժվանիան մահացել է 2005թ. փետրվարի 3-ին խորհրդավոր պայմաններում: Պաշտոնական վարկածով` պատճառը գազի արտահոսքն էր:
ԿԱՄԱՎՈՐ ՊԱՐՏԱԴՐԱՆՔ
Կառավարությունը երեկ հաստատել է գործատուներին քառասուն տարեկանից բարձր քաղաքացիների՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին միանալու վերաբերյալ տեղեկացման կարգը: 1974-ի հունվարի 1-ից հետո ծնվածների համար համակարգին մասնակցելը պարտադիր է: Վերջիններս, ինչպես նաեւ քառասուն տարին անց քաղաքացիները, իրավունք ունեն համակարգին ինքնակամ միանալու: Կենսաթոշակային կուտակումներ սկսել ցանկացող եւ հաշվեհամար բացած աշխատակիցների մասին ՀՀ ՊԵԿ-ը գործատուներին տեղեկացնելու է մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային համակարգի միջոցով, ոը գործում է www.taxservice.am կայքում: Գործատուի ուղարկած տվյալներում կարտացոլվեն աշխատակցի անձնական տվյալները, ինչպես նաեւ համակարգին միանալու նրա հայտի ամսաթիվը: