ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ՕՐԵՐԻՆ ՁՎԻ ԴԵՖԻՑԻՏՆ ԱՐՀԵՍՏԱԿԱ՞Ն ՉԷՐ
Թեեւ ձու արտադրող ընկերությունների տնօրենները տարեվերջին գյուղնախարար Սերգո Կարապետյանին խոստացել էին օրական սպառումից 200 հազարով ավելի ձու արտադրել, նախատոնական օրերին «Ժողովուրդ»-ի ստացած բազմաթիվ ահազանգերը փաստում էին հակառակ պատկերի մասին: Մասնավորապես դեկտեմբերի 29-ին եւ 30-ին մեզ դիմած քաղաքացիները բողոքում էին մայրաքաղաքի շատ խանութներում եւ սուպերմարկետներում ձվի դեֆիցիտից կամ իսպառ բացակայությունից: ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի համոզմամբ՝ ձվի շուկայում ստեղծված դեֆիցիտն արհեստական էր:
ՀՀ գյուղնախարարության տվյալներով՝ 2013-ին Հայաստանում արտադրվել է 690 մլն ձու, ինչը 32 միլիոնով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Հայաստանի ներքին շուկայում ձվի պահանջարկը կազմում է օրական 800-900 հազար հատ, իսկ տոնական օրերին, մասնավորապես Ամանորին եւ Սբ. Զատկին նախորդող շրջանում, պահանջարկն աճում է: Ուստի դեֆիցիտից խուսափելու համար տոներից մի քանի ամիս առաջ երկիր են ներկրվում ածան հավերի նոր խմբաքանակներ, որոնք ապահովում են լրացուցիչ՝ օրական 100-150 հազար ձու:
Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե նախատոնական օրերին ձվի շուկայում ստեղծված դեֆիցիտն արհեստական է եղել. «Շուկայում կան ֆիզիկական անհատներ, իրավաբանական անձինք, որոնք միշտ ձգտում են դեֆիցիտից օգտվել, ինչի համար էլ այն արհեստականորեն ստեղծում են: Դա տեւել է ընդամենը երկու օր՝ դեկտեմբերի 29-ին եւ 30-ին: Իսկ 31-ի առավոտյան այնքան ցուրտ էր, որ ոչ մի ընկերության տրանսպորտային միջոց չի կարողացել աշխատել: Ինչի համար էլ կեսօրից հետո միայն՝ 15:00-ին է ձու եղել խանութներում եւ սուպերմարկետներում»:
Նա նաեւ նշեց, որ նախատոնական այն օրերին, երբ խանութներում ձվի դեֆիցիտ էր, Գումի եւ Մալաթիայի շուկաներում ձուն 85 դրամով ազատ վաճառվում էր:
Սակայն ՀՀ ԳՆ անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ դեկտեմբերի 29-ին եւ 30-ին մի շարք խանութներում եւ հատկապես «Երեւան սիթի» խանութների ցանցում ձուն վաճառվել է տեւական ընդմիջումներով, ինչը պայմանավորված է եղել եղանակային խիստ անբարենպաստ պայմանների հետեւանքով ձու փոխադրող տրանսպորտային միջոցների զանգվածային խափանումներով. «Այդ օրերին՝ առավոտյան ժամերին, խիստ ցածր ջերմաստիճանի պատճառով չեն գործարկվել ձու փոխադրող մեքենաների մեծ մասի շարժիչները, եւ որոշ խանութների ձուն մատակարարվել է միայն կեսօրից հետո: «Երեւան սիթի» խանութների մի մասում այդ օրերին ձվի տեւական բացակայությունը պայմանավորված էր ձվի արագ սպառմամբ, թեեւ մատակարարումները կատարվում էին օրական մի քանի անգամ: Ձվի անհամաչափ մատակարարումները չի կարելի դիտարկել որպես հանրապետությունում ձվի դեֆիցիտ: Այն, ըստ էության, ձվի անբավարար քանակությունն է, որը հնարավոր չէ վերականգնել պարզապես ձու չլինելու պատճառով: Մինչդեռ այս դեպքում կային բավարար պաշարներ, որոնցով պարբերաբար համալրվում էին խանութները (թեեւ ուշացումներով): Ավելին, դեկտեմբերի 31-ին գրեթե ամենուր վաճառվող ձուն հնարավորություն ընձեռեց ապահովել բոլոր սպառողների պահանջը»:
Նրա խոսքով՝ այդ օրերին ՀՀ ԳՆ աշխատակիցները բազմիցս եղել են ինչպես խոշոր թռչնաբուծարաններում, այնպես էլ խանութներում, այդ թվում «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում եւ արձանագրել, որ ձվի համատարած բացակայության երեւույթներ երբեւիցե չեն եղել:
«Հանրապետության առեւտրի կետերում, 2013-ի դեկտեմբերի 20-ից սկսած, ավելացան ձվի իրացման ծավալները, իսկ դեկտեմբերի 25-ից 31-ը ձվի իրացման օրական ծավալներն ավելի քան տասնապատկվեցին: Այդ օրերին ՀՀ-ում վաճառվում էր օրական 1.5-2.0 մլն ձու: Այնուամենայնիվ, ՀՀ թռչնաբուծարաններում, ինչպես նաեւ նախկինում ներկրված ձվի պահեստարաններում առկա էր համապատասխան քանակությամբ ձու եւ ամբողջությամբ բավարարում էր ամանորյա առեւտրի համար անհրաժեշտ պահանջարկը»,-լրացրեց վարչության պետը:
Հիշեցնենք, որ երեք տարի առաջ Ամանորին ստեղծված ձվի դեֆիցիտի արհեստական լինելու հանգամանքը հաստատվել էր: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) 2011-ին արված ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ 2010-ի Ամանորի նախօրյակին ձվի դեֆիցիտի եւ գների կտրուկ աճի պատճառը «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա»-ի կողմից գերիշխող դիրքի չարաշահումն էր եղել: Ինչից հետո էլ ՏՄՊՊՀ-ն ամիսներ տեւած լայնածավալ ուսումնասիրության արդյունքում որոշեց ընկերությանը տուգանել 2009թ. հասույթի 2 տոկոսի չափով` 100 միլիոն դրամով (մոտ 270 հազար դոլար): Նկատենք, որ այն ժամանակ էլ պետական մարմինները փորձում էին հավաստիացնել, թե ձվի դեֆիցիտն արհեստական չէ, այլ պայմանավորված է օբյեկտիվ գործոններով:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՇՏԱՊՈՒՄ ԵՆ ԹԱՆԿԱՑՆԵԼ
Անցած տարեվերջին Վանաձորում խոսում էին մանկապարտեզների վարձավճարների թանկացման մասին: Տարին նոր է սկսվել, սակայն արդեն որոշ մանկապարտեզների տնօրեններ շտապում են հաստատել այդ լուրը՝ փորձելով վարձավճարների թանկացումների անխուսափելիությունը կապել ապրանքների գների ու կոմունալ վարձավճարների բարձրացման հետ: Նշենք, որ ըստ տնօրենների՝ մանկապարտեզների վարձավճարները նախատեսվում է բարձրացնել մինչեւ 3000 դրամով: Տնօրեններն արդեն հանդիպումներ ու ժողովներ են կազմակերպել ծնողների հետ եւ ներկայացրել նոր պայմանները: Որոշ տնօրեններ էլ ծնողներին հայտարարել են, թե նոր վարձավճարը հաստատված է Վանաձորի ավագանու կողմից, եւ եթե չեն պատրաստվում վճարել, պետք է երեխաներին հանեն մանկապարտեզից: Ինչպես փաստում է Lorinews.am-ը` մանկապարտեզահասակ երեխաների ծնողները հայտնել են, որ իրենք չեն պատրաստվում վճարել տնօրենների կողմից նշված գումարները: «Մենակ իմ տնից երկու երեխա է հաճախում, էսօր վարձը 4500 ա, ուզում են մինչեւ 7500 բարձրացնել, ես չեմ կարող նման գումար մուծել, ստիպված պետք է երեխաներին հանեմ»,-ասել է ծնողներից մեկը՝ խնդրելով հասկանալի պատճառներով չհրապարակել իր անունը: Մեկ այլ ծնող էլ հայտնել է, որ մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողները թեեւ դեմ են թանկացմանը, սակայն ստիպված պետք է երեխաներին կրկին ուղարկեն: «Գոնե թանկացնելուց էնքան թանկացնեն, որ կարողանանք վճարել»,-ասել են նրանք:
Վանաձորի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Գագիկ Աղաբաբյանը խնդրի հետ կապված տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ որեւէ մանկապարտեզի վարձավճար չի թանկացել. «Տնօրենները մեզ դիմել են այդ հարցով, մենք դեռ պետք է ուսումնասիրենք իրենց առաջարկները, քննարկենք մեր ֆինանսիստների հետ, ներկայացնենք քաղաքապետին ու ավագանուն, սակայն հիմա որեւէ մանկապարտեզում որեւէ լումա չի բարձրացել»: Ի տարբերություն մանկապարտեզների տնօրենների շտապողականությանը՝ Գագիկ Աղաբաբյանը վստահեցրել է՝ քանի դեռ չկա վարձավճարների թանկացման հետ կապված ավագանու հստակ որոշումը, մանկապարտեզներ հաճախող երեխաների ծնողները կշարունակեն տալ նույն վարձավճարը:
ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի
Յ. ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻՆ
Այսօր ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում ոչ միայն այս կամ այն երկրի ֆուտբոլային առաջնության հանդիպումներն են, այլեւ ֆուտբոլիստների հնարավոր տեղափոխությունների վերաբերյալ քննարկումները։ Մասնավորապես մեր ֆուտբոլասերները կցանկանան, որ ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար խաղացողները հայտնվեն առաջատար եվրոպական ակումբներում։ Դա, իհարկե, Հենրիխ Մխիթարյանին չի վերաբերում. Դորտմունդի «Բորուսիա»-ն ուժեղ ակումբ է, եւ Հենրիխը պետք է հենց այդ ակումբում վերագտնի իր խաղը։
Իսկ ահա Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիսի պարագայում լավ կլինի, որ նրանք Մոսկվայի «Սպարտակ»-ից այլ ակումբ տեղափոխվեն։ Եվ ահա, ինչպես տեղեկացնում են միջազգային լրատվամիջոցները, Յուրա Մովսիսյանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում եվրոպական մեծ ակումբներ։ Այդ հետաքրքրությունն այսպես է բացատրել հայ ֆուտբոլիստը. «Մեծ ակումբների հետաքրքրությունը, իհարկե, հաճելի է, սակայն ես սիրում եմ «Սպարտակ»-ը, որի կազմում հանդես գալը դուր է գալիս ինձ: Շատ եմ ցանկանում «Սպարտակ»-ի կազմում հաղթել Ռուսաստանի առաջնությունում եւ ընդհանրապես չեմ մտածում այլ ակումբ տեղափոխվելու մասին: Դրա վերաբերյալ ոչ մի ծրագիր չունեմ: Վստահեցնում եմ բոլորին, որ շատ եմ ցանկանում խաղալ հենց «Սպարտակ»-ում: Իսկ տարբեր ակումբների հետաքրքրությունն իմ նկատմամբ հասկանալի է. ես խփում եմ գոլեր»: Նշենք, որ ՌԴ ընթացիկ առաջնության 19-րդ տուրից հետո Յուրա Մովսիսյանը 12 գոլով «Ռոստով»-ում վարձավճարով հանդես եկող Արտյոմ Ձյուբայի հետ գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
Հայաստանի հավաքականի մեկ այլ խաղացող՝ Գեւորգ Ղազարյանը, որը հանդես է գալիս Կարագանդայի «Շախտյոր»-ում, ժամանել է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբի՝ ղազախական մեկ այլ ակումբի՝ «Կայրաթ»-ի հետ բանակցելու համար: Բայց 25-ամյա ֆուտբոլիստը դեռ չի պատրաստվում դուրս գալ խաղադաշտ: Ղազարյանի եւ նրա գործակալների դիրքորոշման համաձայն՝ կիսապաշտպանը «Կայրաթ»-ի կազմում մարզումները կսկսի միայն պայմանագիր կնքելուց հետո: Նրա ապագայի հարցը պետք է որոշվի մինչեւ հունվարի 20-ը: Հիշեցնենք, որ վերջերս Գեւորգ Ղազարյանը կարճատեւ փորձաշրջան էր անցել Բրաունշվեյգի «Այնտրախտ»-ում, սակայն գերմանական Բունդեսլիգայի հետնապահը պայմանագիր չառաջարկեց նրան:
Ղազախստանի «Ակտոբե» ակումբում փորձաշրջան անցնող Լեւոն Հայրապետյանի եւ Մարկոս Պիզելիի հետագա կարիերայի վերաբերյալ էլ որոշում կընդունվի մինչեւ հունվարի 21-ը: Նշենք, որ «Ակտոբե»-ն ստուգողական խաղում 3:1 հաշվով հաղթել է թուրքական «Քարտալսպոր»-ին: Առաջին խաղակեսին «Ակտոբե»-ի կազմում մասնակցել է Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, երկրորդին՝ Լեւոն Հայրապետյանը:
Ռ. ԹԱԹՈՅԱՆ