ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Երեւանի Հանրապետության հրապարակում

«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնության անդամները երեկ ավտոերթ են անցկացրել մայրաքաղաքի կենտրոնում: Բողոքի երթի նպատակն է իրազեկել քաղաքացիներին, որ հունվարի 18-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք: Մասնակիցները մեքենաներից ծածանում էին «Դեմ եմ» նախաձեռնության եւ ՀՀ դրոշները:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ավտոմեքենաների տեխզննման գործընթացի ժամանակ տեխզննման եւ բնապահպանության վճարներին զուգահեռ գանձվում է նաեւ պետական տուրք՝ 2500 դրամ: Ինչի՞ համար եւ օրենքի ո՞ր հոդվածի համաձայն է գանձվում այդ գումարը:
Ավտոմեքենաների մի խումբ սեփականատերեր

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Պետական տուրքի» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 28.1 կետի՝ «լիցենզառուներին տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության համապատասխան նմուշի փաստաթուղթ տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափը սահմանված է բազային տուրքի 250 տոկոսի չափով»: Նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ բազային տուրքի չափ է սահմանվում 1000 դրամը:
ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում ավտոմեքենաների տեխզննման, ԱՊՊԱ պայմանագրերի եւ բազմաթիվ այլ պարտադիր վճարումներն անհամեմատ ավելացել են՝ լուրջ դժգոհություններ առաջացնելով քաղաքացիների մոտ: Իրավիճակը էլ ավելի են վատթարացնում ժամանակ առ ժամանակ փոփոխվող օրենքները, ինչպես դա եղավ տեխզննման եւ ԱՊՊԱ կտրոնների դեպքում:

 

ՀԱՐՑ. Եթե աշխատողն ընդամենը 3 ամիս է աշխատել, որից հետո ազատվել է աշխատանքից, ապա վերջնահաշվարկի մեջ պե՞տք է հաշվել արձակուրդայինի գումարը:
Անի Կարապետյան (29 տարեկան, բուժքույր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո: Երկրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ՝ ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան»: ՀՀ ԱՕ 164-րդ հոդվածից հետեւում է, որ կարգավորվում են ոչ թե ամենամյա արձակուրդի օրեր վաստակելու, այլ դրանք օգտագործելու հետ կապված հարցերը, իսկ ինչ վերաբերում է ամենամյա արձակուրդի օրերը վաստակելուն, ապա, օրենսգրքի 165-րդ հոդվածին համապատասխան, աշխատողն այն վաստակում է տվյալ աշխատանքային տարվա ընթացքում:
Միաժամանակ, ՀՀ ԱՕ 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով»: Այսպիսով՝ աշխատողին պետք է դրամական հատուցում տրվի նրա վաստակած, այն է՝ աշխատած ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի համար:
«Իրավունքի իրազեկում» հ/կ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».. Պարզ է, որ մեր երկրում ոչ բոլորն են տեղեկացված աշխատանքային իրենց իրավունքներից: Հուսանք, որ նման հարցադրումները քիչ թե շատ կօգնեն մեր հայրենակիցներին լինել ավելի տեղեկացված եւ վստահ:

 
ՀԱՐՑ. Տատիկս հաշմանդամ է եւ չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել: Նրա վերջույթներն ընդհանրապես չեն շարժվում: Ցանկանում է իր բնակարանը կտակել եղբորս: Ինչպե՞ս վարվենք այս դեպքում, երբ տատիկս ֆիզիկական արատի պատճառով չի կարողանում անձամբ ստորագրել իր կողմից նոտարին ներկայացված կտակը:
Ալիսա Մխոյան (31 տարեկան, թարգմանչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մխոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ եթե անձը ֆիզիկական արատի, հիվանդության կամ անգրագիտության պատճառով չի կարող ստորագրել, ապա նրա հանձնարարությամբ, նրա ու նոտարի ներկայությամբ փաստաթուղթը կարող է ստորագրել այլ անձ: Վերջինիս ստորագրությունը պետք է վավերացնի նոտարը՝ նշելով այն պատճառները, որոնց ուժով փաստաթուղթը չէր կարող ստորագրել նոտարական գործողություն կատարելու համար դիմած անձը:
ՀՀ նոտարական պալատ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նման դեպքեր հաճախ են պատահում, երբ հիվանդության կամ այլ խնդիրների պատճառով անձը հնարավորություն չի ունենում անհրաժեշտ փաստաթուղթը ստորագրել: Նման իրավիճակում, անկասկած, գործում են որոշակի բացառություններ, բայց հետաքրքիր է իմանալ՝ արդյոք այդ դեպքերում գործող սակագները փոփոխությունների են ենթարկվում: Այս հարցի պատասխանը կներկայացնենք հաջորդիվ:




Լրահոս