ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕԵԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ՉԵՆ ՎՃԱՐԵԼ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

Շիրակի մարզի Արթիկ քաղաքի պետական քոլեջում անհասկանալի իրավիճակ է: Քոլեջի տնօրինությունը հարկադրաբար աշխատանքից հեռացնում է աշխատակիցներին: Ավելին, վերջիններս արդեն երեք ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել:

Եվ այսպես, ի՞նչ է կատարվում Արթիկի պետական քոլեջում: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ քոլեջի նախկին տնօրեն եւ ներկայիս փոխտնօրեն, ՕԵԿ անդամ Աշոտ Մարտիրոսյանը քոլեջը 10 միլիոն դրամ պարտքով հանձնել է մեկ այլ ՕԵԿ-ական Խաչիկ Կարապետյանին: Վերջինիս նշանակումից հետո քոլեջում լուրջ կրճատումներ են սկսվել: Քոլեջի տնօրինությունը 10 միլիոն դրամ պարտքի բացը լրացնելու համար աշխատակիցներից պահանջել է աշխատանքից ազատման դիմումներ գրել՝ պատճառաբանելով, թե ուսանողների քանակը կտրուկ նվազել է, ինչի հետեւանքով ֆինանսական խնդիրներ ունեն:
«Ժողովուրդ»-ին հաջողվեց գտնել քոլեջի տնտեսական գծով նախկին ղեկավար Ժյուլվեռն Վարդանյանին, որին ամիսներ առաջ հեռացրել են աշխատանքից: «Ինձ հեռացրին ֆինանսական խնդիրների պատճառով, որոնք իբրեւ թե առաջացել են ուսանողների կրճատման հետեւանքով, սակայն ես չլռեցի»,-պատմեց Ժ. Վարդանյանը: Քանի որ Արթիկի պետական քոլեջը գտնվում է կրթության եւ գիտության նախարարության ենթակայության տակ, ուստի Վարդանյանը բողոք է ներկայացրել նախարարություն. «ԿԳՆ վարչության պետ Ռոբերտ Արզումանյանի հետ հանդիպեցի: Խնդիրն այն է, որ այդ ժամանակ ընդամենը 18 շրջանավարտ էր բուհն ավարտել, ու դա չէր կարող այնպիսի աղետալի ֆինանսական վիճակ ստեղծել, որ ինձ կրճատեին: Արդյունքում՝ ինձ երեք ամիս ժամկետով նորից ընդունեցին քոլեջում աշխատանքի եւ նորից երեք ամիս անց՝ սեպտեմբերին, ազատեցին: Հիմա, որ նորից հետ կանչեն էլ, չեմ գնա, բայց թո՛ւյլ տվեք իմ մտահոգությունն արտահայտել, որ, այո՛, այսօր իմ նախկին կոլեգաները լուրջ խնդրի առաջ են կանգնել»:
Նա մեզ հետ զրույցում նախ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ քոլեջի ներկայիս փոխտնօրեն Աշոտ Մարտիրոսյանը 68 տարեկան է ու վաղուց պետք է թոշակի անցած լիներ, սակայն ոչ միայն աշխատում է, այլեւ քոլեջի փոխտնօրեն է նշանակվել առանց մրցույթի անցկացման. «Բայց ինձ համար ոչ թե դա է կարեւոր, այլ խիստ զայրացած եմ, որ մարդկանց անհիմն կրճատումների զոհ են դարձրել: Ավելին, քոլեջի հավաքարարներին հարկադրաբար հեռացրել են աշխատանքից՝ խոստանալով մեկ այլ տեղ տեղավորել: Այսօր մոտ 1500 քմ տարածք ունեցող քոլեջում կա ընդամենը երկու հավաքարար: Գիտեմ, որ երեք ամիս աշխատավարձ չեն ստացել: Թեեւ երբ ես աշխատում էի, այդ ժամանակ էլ նույն իրավիճակն էր»:
Արթիկի քոլեջի տնօրեն Խաչիկ Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ իրենք քոլեջի աշխատակիցներին պարտք են ընդամենը 1 ամսվա աշխատավարձ. «Մենք ֆինանսական խնդիրներ ունեցել ենք սեպտեմբեր ամսին: Ընդամենը 3 միլիոնի չափով ճեղքվածք ունեինք, իսկ դա էլ առաջացել էր աշխատավարձերի բարձրանալու հետեւանքով, քանի որ միջին աշխատավարձը 35.000 դրամից դարձավ 45.000 դրամ: Իսկ հիմա խնդիր չունենք: Մնացած չվճարված աշխատավարձը հաստատ վճարելու ենք»:
Նկատենք, որ բացի աշխատավարձային «ճեղքվածքից»՝ քոլեջը տարիների ընթացքում նաեւ պարտքեր է կուտակել: Ի՞նչ է լինելու այդ պարտքերի ճակատագիրը: Այս մասով Կարապետյանը պատճառաբանեց, թե «պարտքը կապված է 2012թ. կամ 2013թ. ընդունելություն չկազմակերպելու հետ»: Բայց, այնուամենայնիվ, ՕԵԿ-ական Խաչիկ Կարապետյանը չժխտեց, որ ստեղծված իրավիճակի արդյունքում որոշ կրճատումներ են եղել. «Փոխտնօրեն ունեինք, որն այլ աշխատանքի անցավ, եւ մենք այլ փոխտնօրենի չընդունեցինք, հավաքարարներ կային, որոնց կրճատեցինք, մյուս աշխատակիցներին էլ բարեկամների միջոցով այլ աշխատանքի տեղավորեցինք: Ճիշտ է, ֆինանսական վիճակը սենց թե նենց շտկվելու էր, բայց իրենց տեղափոխվելը եւս օգնեց, որ վիճակը կարգավորվի»:
Նշենք, որ Արթիկի պետական քոլեջի տնօրեն Խաչիկ Կարապետյանը եւ քոլեջի փոխտնօրեն Աշոտ Մարտիրոսյանը, որոնք ի դեպ, խնամիներ են, «Օրինաց երկիր» կուսակցության անդամներ են, ինչի մասին Կարապետյանը մեզ հայտնեց մեծ հպարտությամբ: Բայց թերեւս տեղին կլիներ, որ նույնպիսի հպարտությամբ կարողանար խոսել իր կատարած աշխատանքի, այլ ոչ կուտակած պարտքերի մասին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԼՈՒՐԵՐ

ՀԱՅՑ՝ ԸՆԴԵՄ ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱՎՈՐԻ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ երկուշաբթի օրը ՀՀ մի քաղաքացի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացնելու՝ ընդդեմ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախկին դատավոր Աիդա Հովհաննիսյանի: Հիշեցնենք՝ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դատավորը մի շարք մարդկանցից գումար է վերցրել եւ չարաշահելով նրանց վստահությունը՝ չի վերադարձրել: Մեր հրապարակումներից հետո դատավորի լիազորությունները դադարեցվեցին, սակայն ոչ թե վերջինիս արարքի պատճառով, այլ առողջական խնդիրների: Փաստորեն, որ նախկին դատավորից տուժած քաղաքացիների հարցը դեռ չի լուծվել, նրանք ոչ մի կերպ չեն կարողանում հետ ստանալ իրենց հասանելիք գումարները եւ ստիպված են դիմել դատարան: Հետաքրքիր է, թե դատարանն ինչ դիրքորոշում կորդեգրի:

 

ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՉԱԽԿԱԼԸ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հունվարի 9-ին «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Բադալյանի կողմից մաքսային կանոնները խախտելու մի շարք դեպքեր է հայտնաբերել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ 2013թ. դեկտեմբերի 2-ին «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ի անունով ՀՀ են ներմուծվել ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքներ, որի վերաբերյալ 10-օրյա ժամկետում ընկերության տնօրեն Գագիկ Բադալյանը չի ապահովել մաքսային հայտարարագիրը: Այդ արարքի համար Բադալյանը տուգանվել է 50.000 դրամով: Դեկտեմբերի 3-ին նույն ընկերությունը մաքսային մեկ այլ անցակետով թույլ է տվել նման խախտում՝ դարձյալ ներմուծելով ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքներ: Տուգանքը կրկին եղել է 50.000 դրամ: Նույն արարքը կրկնել է դեկտեմբերի 9-ին:
Բայց սրանով չեն ավարտվում ընկերության իրավախախտումները: Դեկտեմբերի 6-ին «Քեթրին գրուպ»-ը ՀՀ է ներմուծել ադամաթուզ, իսկ 15-ին՝ խնձոր՝ դարձյալ առանց մաքսային հայտարարագրի, ինչի համար տուգանվել է 50.000-ական դրամով: Այսպիսով՝ ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանին փաստաթղթերով նախկինում պատկանող ընկերությունը, որն այսօր ղեկավարում է ԱԺ պատգամավոր Արթուր Ստեփանյանը (Չախկալ Արթուր), կարող է հավակնել մաքսային կանոնների խախտման ռեկորդակիր դառնալուն: Նրանք հսկայական քանակությամբ ապրանք են ներկրում, իրենց ձեռնտու խախտումներ թույլ տալիս, սակայն ամեն անգամ տուգանվում են ընդամենը 50 հազար դրամով: Հետաքրքիր է՝ մինչեւ երբ:

 
ԲԼԹ

«Ես սուր գնահատականների կողմնակից չեմ… Պարոն Քոչարյանը կարող է հպարտանալ նրանով, որ հանդիսանում է կուտակային կենսաթոշակային համակարգի հիմնադիր հայրը»:

Արտեմ Ասատրյան News.am
Կարո՞ղ է՝ Շմայս մականունով ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը սոցապ նախարարի հետ նույն թիմից չէ: Ա. Ասատրյանի մոտ կարծես թե իրականության գիտակցման կորուստ է, իսկ մենք ՀՀԿ-ական իշխանավորների «քուչի» բառապաշարին վաղուց ենք արդեն ծանոթ եւ բազում անգամներ բախտ ենք ունեցել դրանով «հիանալու»: Սուր գնահատականներ իշխանական թիմը, իհարկե, չի տալիս, քանի որ առանց դրա էլ հաջողությամբ երկիրը տանում են դեպի անդունդ: Ինչ վերաբերում է Քոչարյանին հակադարձելուն, ապա կրկին առաջանում է նույն հարցը. իսկ նրա օրոք փոխնախարարի աթոռին նստած՝ ինչո՞ւ էր լռում:

 

«Պետք է աշխատել եւ ոչ մրցակցել, օգտակար լինել եւ ոչ վնասել, գործել հանուն եւ ոչ ընդդեմ»:

Հերմինե Նաղդալյան «Առավոտ»
Աշխատել այնպես, ինչպես ՀՀԿ-ն, այսինքն՝ միայն սեփական գրպանը լցնելու ուղղությա՞մբ, օգտակար լինել ո՞ւմ կամ ինչի՞ն, սեփական գրպանի՞ն, կամ գործել հանուն ինչի՞, հանուն քրեաօլիգարխների եւ կրիմինալ տարրերի բարգավաճմա՞ն, հանուն համազգային թալանի՞, թե՞ հանուն արտագաղթի եւ աղքատության ծավալների ավելացման: ՀՀԿ-ական պատգամավորը կարծես թե իր նպատակները կոնկրետացնելու կարիք ունի, որովհետեւ իր արտահայտած միտքը շատ բազմանշանակ ու լղոզված է ստացվում, հատկապես օգտակար լինելու պահը, քանի որ իրենք առ այսօր, բացի վնասից, օգուտ հաստատ չեն տվել:

 

«Գիտեք, քաղաքականությամբ միշտ եմ ապրել եւ չեմ կարող ինձ այդ դաշտում պասիվ գնահատել»:

Լեւոն Դոխոլյան «Առավոտ»
Հարց է առաջանում. եթե ՕԵԿ-ական նորանշանակ պատգամավորը միշտ քաղաքականությամբ է ապրել եւ ակտիվ է եղել, ապա որտե՞ղ էր, ինչո՞ւ նրա մասին շատերը չէին էլ լսել: Նրա պասիվ չլինելն արտահայտվեց միայն «Ժողովուրդ»-ի՝ «Քույրիկ Լեւոն» մականունի մասին հրապարակած հոդվածից հետո, երբ Դոխոլյանը հանդես եկավ իշխանական կոալիցիայի անդամ պատգամավորին խիստ բնորոշ «գերինտելեկտուալ» բառապաշարով՝ սպառնալով լրագրողին: Նման ակտիվությունների օգտակարության գործակիցը, իհարկե, հավասար է զրոյի, ճիշտ այնպես, ինչպես ՕԵԿ-ի օգտակարության գործակիցն ընդհանրապես քաղաքական դաշտում:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս