ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՎՐԴՈՎՎԵՑՐԵԼ Է ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ԲԱՌԸ

2008թ. մարտի մեկի նախօրյակին՝ փետրվարի 28-ի երեկոյան, ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցիչները հանդիպել են Ռոբերտ Քոչարյանին եւ համապատասխան քննարկում ունեցել երկրում տիրող իրադրության վերաբերյալ: Հանդիպման մանրամասները Պետդեպին զեկուցել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը, ինչն էլ հանրայնացվել է «Վիկիլիքս»-ի կողմից: Փաստաթղթում ներկայացված են ստեղծված քաղաքական իրավիճակի մասին ոչ միայն Քոչարյանի ուշագրավ մեկնաբանությունները, այլեւ ամերիկացիների դիտարկումները: Հատկանշական են նաեւ Ջոզեֆ Փենինգտոնի ներկայացրած մանրամասները՝ կապված Վարդան Օսկանյանի՝ հանդիպման ընթացքում դրսեւորած պահվածքի հետ:

Այսպես, ամերիկացի դիվանագետը պատմում է, որ հանդիպման նախաձեռնությունը եղել է Քոչարյանի կողմից: Նրանից բացի՝ հանդիպմանը մասնակցել են ներկայումս ԱԺ պատգամավոր, այն ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ նախագահի նախկին խորհրդական, ներկայումս Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Ամերիկացի դիվանագետը զեկուցագրում հարկ է համարել հատուկ արձանագրել, որ «Օսկանյանի ժեստերի լեզուն ինքնին հետաքրքիր տպավորություն է թողել»: Ըստ Փենինգտոնի՝ Վարդան Օսկանյանը հանդիպման ժամանակ բավականին ցրված տեսք է ունեցել: Դիվանագետի աչքից չի վրիպել, որ Օսկանյանը զրույցի ընթացքում «երկար ժամանակ նստած է եղել գլուխը կախ՝ սեւեռուն նայելով սեփական կոշիկներին»: Հատկանշական է, որ ԱԳ նախկին նախարարը զրույցի կեսից հեռացել է՝ պատճառաբանելով, թե նշանակված հանդիպում ունի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ: Հիշեցնենք, որ այդ օրերին Ազատության հրապարակում տեղի ունեցող բազմահազարանոց ցույցերին զուգահեռ՝ ԱԳՆ բարձրագույն պաշտոնյաներից շատերը հեռացվեցին աշխատանքից՝ ընտրություններն անազնիվ որակելու համար, ինչի արդյունքում այդ գերատեսչությունը գտնվում էր կադրային աղետի պայմաններում: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ կարելի է պատկերացնել, թե հանդիպման ժամանակ ինչպիսի տրամադրություններ էին գերիշխում Օսկանյանի մոտ:
ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատարի ներկայացմամբ՝ Քոչարյանը «գտնվել է իր կերպի մեջ՝ հանգիստ, ընկերական, կեղծավոր կատակներով, խոսակցությունն ամբողջովին մոնոպոլիզացնող, թեպետ սկզբում նշում էր, թե իր նպատակը մեզ լսելն է»: Հատկանշական է այն, որ ամերիկացիներին հանդիպման հրավիրելով՝ Քոչարյանը ցանկացել է նրանց հասկացնել, որ իրադրության տերը միայն ինքն է: Նա նաեւ ակնարկել է, որ ամերիկացիներն օգնում են ընդդիմությանը: Ամերիկացի դիվանագետները հանդիպման սկզբում հայտնել են իրենց դրական տպավորությունն առ այն, որ իշխանությունները զուսպ վերաբերմունք են ցուցաբերում բողոքավոր զանգվածի նկատմամբ: Նրանք, սակայն, հարկ են համարել բարձրացնել քաղաքական գործիչների՝ թափ առնող ձերբակալությունների խնդիրը, ինչն «այնքան էլ հաճելի տպավորություն չի թողնում»: ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատարի կարծիքով՝ այդ ամենը քաղաքական հաշվեհարդարի տպավորություն է թողնում, թեպետ իրենք մանրամասնորեն չեն տիրապետում ձերբակալությունների պատճառներին: Փենինգտոնը, դիվանագիտորեն արտահայտվելով, պարզաբանել է, որ հայաստանյան իրադարձությունները լուսաբանվում են արեւմտյան ԶԼՄ-ների կողմից, եւ նման բաները կարող են լուրջ խնդիրներ հարուցել միջազգային հանրության աչքում: Դիվանագետի համոզմամբ՝ «իշխանությունների գործը պետք է լինի հայ հասարակությանը, միջազգային հանրությանը եւ Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին մասնակցող խաղաղ ցուցարարներին համոզելը, որ իրենք օրենքն են պաշտպանում եւ ոչ թե հաշվեհարդար տեսնում քաղաքական հակառակորդների նկատմամբ»: Նկատենք, որ Քոչարյանը զգալիորեն վրդովվել է հաշվեհարդար բառից՝ պնդելով, թե հիշատակված ԶԼՄ-ները տեղեկություններ ստանում են դեսպանատներից, ուստի հենց վերջիններս պետք է պատկերը ճիշտ ներկայացնեն: Քոչարյանն ակնարկել է, որ ինքը շատ լավ տեղյակ է դեսպանատան գործունեությունից՝ ավելացնելով, թե իրեն հայտնի է, որ ամերիկացիները դեսպանատան ներսում փորձնական քվեարկություն են անցկացրել, ինչի արդյունքներով հաղթել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ի դեպ, Փենինգտոնը չի թաքցրել այդ փաստը, միայն ուղղել է, որ նշյալ փորձնական քվեարկության ժամանակ Տեր-Պետրոսյանը հավաքել է ձայների միայն մեծամասնությունը՝ ավելի քան 40%:
Զեկուցագրում փոխանցելով հանդիպումից ստացած իր տպավորությունները՝ Փենինգտոնն արձանագրում է, որ Քոչարյանը շատ լավ տեղեկացված է եղել ԱՄՆ դեսպանատան գործողությունների մասին: Մասնավորապես, թե ինչ հաճախականությամբ են ամերիկացիները լինում Ազատության հրապարակում, հանդիպում Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչների հետ եւ այլն: Քոչարյանն ակնարկել է, որ ԱՄՆ դեսպանատան եւ Տեր-Պետրոսյանի ճամբարի առնչությունները կրում են «բավականին հաճախակի բնույթ եւ խիստ մտերիմ են»:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 
ՉՏԱՔԱՆԱ՞Լ, ՉՈՒՏԵ՞Լ, ՉԲՈՒԺՎԵ՞Լ… ԳՈՒՑԵ ՆԱԵՎ ՉԱՊՐԵ՞Լ

Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից հետո ձմռան առաջին ամսվա համար նախատեսված կոմունալ վճարումները շոկի մեջ են գցել հայ հասարակության մեծամասնությանը: Մարդիկ ստիպված են իրենց նախատեսած ծախսերից մի քանի անգամ ավել գումար հատկացնել՝ սպառած էլեկտրաէներգիայի եւ գազի դիմաց կուտակված պարտքերը մարելու համար:

Հայաստանի ամենաաղքատ մարզում, որտեղ անգամ պաշտոնական տվյալներով աղքատությունը 48 տոկոս է, կոմունալ վճարումների թվի մասին իմանալով՝ մարդիկ հայտնվել են անելանելի վիճակում: «Ժողովուրդ»-ը փոստային մի քանի բաժանմունքներում շրջայց կատարելիս արձանագրեց, որ մարդկանց մեծ մասը մոլորված ու շփոթված էր: Գյումրեցիների օգտագործած գազի, լույսի, ջրի տվյալներն այնպիսի խոշոր գումար են կազմել, որ մարդիկ նույնիսկ բարձրաձայն դժգոհում էին, թե չնչին եկամուտով ու ծիծաղելի նպաստով ինչպես պետք է վճարումներ կատարեն:
80-ամյա միայնակ թոշակառու Տիգրանուհի Անդրեասյանը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ 40 տարվա աշխատանքային կենսագրություն ունի, սակայն այսօր մնացել է ամսական 40.000 դրամի հույսին` զրկված ձմռան ցրտին տաքանալու տարրական հնարավորությունից: Ցավալի էր նաեւ 25-ամյա Լիանա Դիլանյանի բղավոցը. «Տառապում եմ ծանր հիվանդությամբ: Իմ ստացած հաշմանդամության թոշակ կոչվածը չնչին գումար է: Զարմանում եմ էս իշխանությունների անտարբեր, անմարդկային վերաբերմունքի վրա: Իմ թոշակն ավելացել է 1000 դրամով, դարձել 20.000, իսկ կոմունալ վճարները՝ կրկնակի: Չգիտեմ՝ ում դիմեմ գոնե դեղորայք ստանալու հարցում: Մի քանի ամիս առաջ «հանդգնեցի» աջակցության խնդրանքով դիմել քաղաքապետարան. քար լռություն: Ուրեմն ի՞նչ՝ չտաքանա՞լ, չուտե՞լ, չբուժվե՞լ… գուցե նաեւ չապրե՞լ»:
Իհարկե, այս դժգոհությունները մեր երկրում նոր երեւույթ չեն, ՀՀ բնակչության մեծամասնությունն է նման վիճակում: Պարզապես անհասկանալի է, որ Հայաստանի երկրորդ քաղաքի զարգացման մասին մեր պետական այրերի մտահոգությունները սկսվում եւ ավարտվում են միայն հայտարարություններով, որից, սակայն, աղքատների թիվը Գյումրիում չի նվազում:

ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Գյումրի

 

 

ԻՆՉՈ՞Ւ Է ՁՈՒՆ 100 ԴՐԱՄ

Ներկայումս Տավուշի մարզում տնական հավի ձուն վաճառվում է 100 դրամով, իսկ թռչնաբուծարաններում արտադրված ձուն՝ 80 դրամով: Ընդ որում, տնական հավի ձվի պահանջարկը գերազանցում է առաջարկին: Եվ դա կապված է ոչ միայն այն բանի հետ, որ ձմռանը գյուղացիների կողմից պահվող հավերը ցուրտ եղանակի պատճառով ավելի քիչ ձու են ածում: Տարվա մնացյալ ժամանակահատվածում տնական ձվի գինը եղել է 70 դրամ, եւ վերստին առաջարկը չի բավարարել առկա պահանջարկը: Տարեմուտից առաջ՝ դեկտեմբերի 26-ին, Տավուշի մարզպետարանում կայացավ մարզպետ Արմեն Ղուլարյանի մամլո ասուլիսը, որը նվիրված էր գյուղատնտեսության ոլորտում մարզի ձեռքբերումներին եւ առկա խնդիրներին: Ասուլիսի ընթացքում մարզպետ Ղուլարյանին հարց տրվեց այն մասին, որ մարզի մթերային խանութներում Ամանորի նախաշեմին վաճառվող, արտերկրից ներկրված հավկիթների մի մասը ժամկետանց է, փչացած: Մարզպետը խոստացավ ուսումնասիրել այդ խնդիրը: Լրագրողներին բաժանված, մարզի գյուղատնտեսական ցուցանիշների մասին տեղեկատվական թերթիկներում նշված էր, որ նախորդ տարվա համեմատ Տավուշի մարզում արտադրվող հավկիթների թիվն աճել է. ըստ այդմ` 2012թ. մարզում արտադրվել է 43 միլիոն, իսկ 2013թ.՝ 48 միլիոն հատ հավկիթ: Տավուշի մարզում թռչնաբուծական ֆաբրիկաներ չկան, ուրեմն 48 միլիոն ձուն արտադրվել է գյուղացիական փոքր տնտեսություններում: Ո՞վ եւ ինչպե՞ս է հաշվել տնական հավերի ածած ձվերի քանակը: Ակնհայտ է, որ 48 միլիոն հատ հավկիթը կեղծ, «օդից վերցված» թիվ է, քանի որ անասնակերը թանկ է, ինչի պատճառով գյուղացիները չեն կարողանում մեծ քանակով հավ պահել: Զարմանալի է, որ Հայաստանի անկախությունից հետո՝ անցած 23 տարում, Տավուշի մարզում այդպես էլ ոչ մի թռչնաբուծական ֆաբրիկա չկառուցվեց, իսկ արտադրված գյուղմթերքներն իրացնելու համար մարզում չկան գյուղատնտեսական շուկաներ: Տավուշի մարզում գյուղատնտեսական ոլորտի նվաճումները, տարեցտարի ավելացող հացահատիկի արտերը, հավերի ածած 48 միլիոն ձուն առկա են միայն պաշտոնական, «ուռա» ոճի զեկույցներում, իսկ իրականում գյուղատնտեսական ոլորտում մտահոգիչ իրավիճակ է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս