ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔԱՆԴԵԼ ԵՆ ՀԻՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆԸ ՈՒ ՉԵՆ ՆՈՐՈԳՈՒՄ

ՀՀ Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի գինու գործարանի տնօրեն Սերյոժա Գրիգորյանը մոտ վեց ամիս առաջ քանդել է գործարանի հարեւանությամբ գտնվող եզդիների հին գերեզմանատունը: «Ժողովուրդ»-ին ահազանգած եզդիների խոսքով՝ տնօրենը փորձել է հին գերեզմանատունը քանդել այգու տարածքն ընդլայնելու նպատակով: Գերեզմանատանը թաղված մարդկանց հարազատները, տեսնելով դա, բարձրաձայնել են, ինչից հետո տնօրենը պարտավորվել է նորոգել այն: Անցել է վեց ամիս, սակայն գերեզմանատունը չի նորոգվել:

Եզդի գյուղացիներից մեկը՝ Շամո Շամոյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց, որ տեսել է, թե ինչպես է քանդվում եզդիական ավելի քան 110 տարվա գերեզմանատունը: Գյուղապետին դիմելուց մի քանի օր անց այդ տարածքում քարերով թմբեր են սարքվել, որպեսզի խոսակցություն չլինի: Սակայն, գյուղացիների վկայությամբ, այդ թմբերը պակասել են, եւ հիմա դժվար է ասել, թե որ թմբի տակ ով է թաղված:
«Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ-ի ներկայացուցիչները եղել են գյուղում եւ հանդիպել համայնքի ղեկավարի հետ: Վերջինս չի հերքել, որ գերեզմանաթմբերը վնասվել են, սակայն, իր խոսքով, դա եղել է գյուղտեխնիկայի աշխատանքի արդյունքում եւ պատահաբար է այդպես ստացվել:
«Այգում գյուղտեխնիկա աշխատեցնելու համար տարածք է պետք եղել, եւ դա են փորձել օգտագործել: Ինչի արդյունքում էլ հին գերեզմանատունը քանդվել է»,-տեղեկացրեց «Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ-ի ներկայացուցիչ Բորիս Մուրազին:
Բացի այս, Մյասնիկյանում բնակվող եզդիների կարծիքով, գինու գործարանի տնօրենը փորձել է հին գերեզմանատան հաշվին ընդլայնել խաղողի այգին:
Վեց ամիս շարունակ Մյասնիկյանի համայնքապետ Անդրանիկ Պետրոսյանը եւ գինու գործարանի տնօրեն Սերյոժա Գրիգորյանը բնակիչներին խոստացել են նորոգել քանդված գերեզմանատունը, բնակիչներն էլ հավատացել են ու լռել: Սակայն տեսնելով, որ գերեզմանատունն այդպես էլ չի վերանորոգվում, վերջերս բարձրաձայնել են խնդրի մասին:
ՀՀ եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի խոսքով՝ դեռեւս վեց ամիս առաջ Սերյոժա Գրիգորյանի կողմից քանդված հին գերեզմանատանը թաղված է եղել ավելի քան 26 մարդ. «Ամիսներ առաջ, որ գնացի, տարածքն ամբողջովին հարթեցրել էին, գերեզմանաքարերը լցրել մոտակա փոսը: Ոչ մի գերեզման չէր մնացել: Գյուղապետի հետ մի քանի անգամ խոսեցի, խոստացավ նորոգել այն, ամիսներ են անցել, բայց ոչ մի արդյունք: Խոստացավ հին տեսքին բերել, բայց չարեց»:
Ա. Թամոյանը նույնիսկ դիմել է ՀՀ ոստիկանության Բաղրամյանի բաժին, որտեղ խոստացել են հարցը կարգավորել, սակայն այդպես էլ ոչինչ չի արվել. «Մի քանի քար են ընդամենը բերել դրել, բայց, միեւնույն է, հին գերեզմանատունն այդպես էլ չկա: Նման երեւույթները մեզ համար խորթ են ու անմարդկային»:
Իսկ Մյասնիկյանի ղեկավար Անդրանիկ Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց. «Ոչ մի գերեզմանատուն էլ չի քանդվել: Ընդամենը տրակտորն այգու մեջ աշխատելու ժամանակ թեքվելուց մի հատված քանդել է: Թե եզդիներն ինչ նպատակ են հետապնդում, ես դեռ չեմ հասկանում: Թե ինչու են ակտիվացել, չգիտեմ: Բայց քաղաքական մի խաղ կա այստեղ: Հիմա նորոգվել է: Եզդիները սուտ են խոսում: Ամեն ինչ կարգին է: Նույնիսկ չգիտեն, թե իրենց հարազատները որ մասում են թաղված»:
«Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել նաեւ Մյասնիկյանի գինու գործարանի տնօրեն Սերյոժա Գրիգորյանի հետ, սակայն նրա փոխարեն մեր հարցերին պատասխանեց որդին՝ Արսեն Գրիգորյանը. «Ոչ մի գերեզմանատուն էլ չի քանդվել: Ինչ որ կար այդ տարածքում, նույնն է մնացել, տեղում է: Սպառնում են»: Մեր հարցին, թե ով է իրենց սպառնում, նա պատասխանեց. «Չգիտեմ: Բայց հաստատ կարող եմ ասել, որ այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Հին գերեզմանատունը հենց գինու գործարանի հարեւանությամբ է, այգին էլ չի խանգարում այդ գերեզմանատանը»:
Զրույցի ավարտին հետաքրքրվեցինք, թե ինչ բարեկամական կապ կա գինու գործարանի տնօրեն Սերյոժա Գրիգորյանի եւ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի միջեւ. «Այսօր հանրապետության 20-30 տոկոսը Գրիգորյան է, ուրեմն բարեկա՞մ է պատգամավորին: Ընդամենը ազգանուններն են զուգադիպել»:
«Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ-ի ներկայացուցիչ Բորիս Մուրազին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ հետեւողական է լինելու. «Շատ լավ է, որ ուզում են վերականգնել, մենք միայն ուրախ ենք: Մենք հետեւողական կլինենք այդ գործընթացին՝ պարզելու` արդյոք իրականում վերջնական կվերականգնվի հին գերեզմանատունը, թե ոչ»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՍԿԱՆԴԱԼ ԹԱՏՐՈՆՈՒՄ

Վանաձորի Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում սկանդալային կրքեր են եռում: Թատրոնի տնօրենի եւ նկարիչ-բեմադրողի միջեւ ծագած աշխատանքային վեճը, որը մոտ երկու տարվա պատմություն ունի, ստացել է հանրային հնչեղություն: Բանն այն է, որ թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանն աշխատանքից ազատել է նկարիչ-բեմադրող Հովսեփ Մեսրոպյանին` պատճառաբանելով, որ նման հաստիքի կարիք թատրոնը չունի: Մեսրոպյանը, սակայն, կարծում է, որ առիթն այլ է: Իր գործընկերներից մեկը հայտարարել է, թե թատրոնում տասը տղամարդուց յոթը միասեռական են: Իսկ բեմադրող-նկարիչը չի ժխտել դա, ավելին, պաշտպանել է նման հայտարարություն տարածողին. «Ինչ-որ թերթում ինտերվյու էր տվել, ասել էր, որ թատրոնում 10 հոգուց 7 հոգին հոմոսեքսուալիստ են: Ճիշտն ասած, ես չգիտեմ, թե քանի հոգին են հոմոսեքսուալիստ, անձամբ ես կին սիրող տղամարդ եմ»:
Թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանը ցնցված է. կառույցը 80 տարեկան է, գեղագիտական դաստիարակություն է տվել մի քանի սերունդների, այսօր էլ իր առջեւ դրված խնդիրները հաջողությամբ է լուծում: Ինչպե՞ս կարելի է ստվեր գցել այդ անվան վրա. «Ո՞նց կարելի ա մարդու հասցեին ասել այդպիսի բաներ, այն էլ հայ մարդու հասցեին: Այստեղ շատ շնորհալի, տաղանդավոր տղամարդիկ կան»: Տնօրենի խոսքով` հորինովի հաստիքները թատրոնում շատ են, այդ պատճառով կրճատումներ էլի են սպասվում. «Ի՞նչ է, ամեն աշխատանքից ազատվողը պետք է նման տեսարաննե՞ր սարքի»: Սակայն թատրոնի նկարիչ-բեմադրողն իր` աշխատանքից ազատումը սեռական կողմնորոշման հետ է կապում: Չնայած, որ այն գործընկերը, ում հայտարարությանն ինքը միացել է, շարունակում է աշխատել թատրոնում: «Եթե դու շեղված ես, կարող ես իրա մոտ աշխատել, եթե շեղված չես, չես կարող աշխատել, ա՛յ, ամբողջ հարցը սրանում ա»,-ասում է նկարիչ-բեմադրողը:
Հիմա Հովսեփ Մեսրոպյանն արձակուրդի մեջ է եւ ավելի քան վստահ է, որ իր աշխատանքը չի կորցրել: Ամեն ինչ կարող է սրվել, երբ նա արձակուրդից վերադառնա ու համոզվի, որ ազատված է աշխատանքից: Ասում է` մինչեւ վերջ է պայքարելու. «Ինձ էլի նամակ էր գրել, որ մյուս տարվանից դուք չեք աշխատում: Ես նույն բողոքով աշխատանքային տեսչություն եմ գնացել 2011թ.: Աշխատանքի տեսչությունը գնաց, ստուգեց ու խայտառակ բաներ հայտնաբերեց, որի համար շատ մեծ տույժ վճարեց»:
Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանը հորդորում է աշխատանքային վեճերը չկապել սեռական կողմնորոշումների հետ եւ հանգիստ թողնել 80-ամյա թատրոնը. «Ուղղակի այդ հաստիքը կրճատվել ա: Ժամանակին մենք իրեն առաջարկել ենք ուրիշ հաստիք, ինքը հրաժարվել է, իսկ ինքը թատրոնին հարիր ուրիշ մասնագիտություն չունի»:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի

 

 

 

ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ

ԱՌԱՋԱՏԱՐՆ ԱՐՈՆՅԱՆՆ Է

Հերթական մեկօրյա դադարից հետո երեկ հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում վերսկսվեց շախմատի «Tata Steel» ավանդական գերմրցաշարը:
Մրցութային հինգերորդ օրը Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով հաղթեց Գերմանիայի ներկայացուցիչ Արկադի Նայդիչին եւ շարունակեց գլխավորել աղյուսակը: Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ մեր հայրենակիցը Վեյկ անն Զեեի գերմրցաշարի կրկնակի դափնեկիր է եւ չորրորդ տուրում առավելության հասնելով Նակամուրայի նկատմամբ՝ վաստակել էր 3 միավոր ու միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը:
Մինչ արդեն քանի տարի Հայաստանի շախմատի ազգային հավաքականի առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Լեւոն Արոնյանը հաջողությամբ մասնակցում է միջազգային խոշոր մրցաշարին, Երեւանում արագություն են հավաքում Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները։ Նշենք, որ հաղթողները համալրելու են ազգային հավաքականների կազմերը, ուստի մրցակցությունը, ինչպես ցույց են տալիս նաեւ կայացած հանդիպումները, լինելու է լարված։ Կայացած հինգ տուրից հետո տղամարդկանց առաջնությունում միանձնյա առաջատարը չորս միավորով Տիգրան Քոթանջյանն է, երեքական միավոր են վաստակել Կարեն Գրիգորյանը, Ավետիք Գրիգորյանը եւ Արման Փաշիկյանը։ Երկուսուկեսական միավորով 5-6-րդ հորիզոնականները զբաղեցնում են Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Զավեն Անդրիասյանը…
Իսկ ահա կանանց առաջնությունում եռիշխանություն է. Մարիա Գեւորգյանը, Նարինե Գասպարյանը եւ Շուշաննա Սարգսյանը վաստակել են չորսական միավոր։ Երեքուկես միավոր ունի Արմինե Բաբայանը, երեք՝ Սիրանուշ Ղուկասյանը, երկուսուկես՝ Աննա Հայրապետյանը, երկու՝ Սուսաննա Գաբոյանը…
Առաջնությունների ավարտից անմիջապես հետո, ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, արդեն հունվարի 22-ին 8 խաղափուլով, շվեյցարական մրցակարգով, 10 րոպե+5-ական վայրկյան ժամանակակարգով կանցկացվի Հայաստանի արագ շախմատի 2014 թվականի առաջնությունը, որի մրցանակային հիմնադրամը կկազմի 1 միլիոն դրամ:

 

ԿՊԱՐԶՎԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-ԻՆ

Առայժմ հայտնի չէ, թե Հայաստանից քանի մարզիկ կմասնակցի փետրվարի 7-ին Սոչիում մեկնարկելիք ձմեռային օլիմպիական խաղերին: Բայց Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը ստուգման է ենթարկել հավանական բոլոր հինգ թեկնածուներին: Հունվարի 16-ին վերցված նմուշներն ուղարկվել են Ավստրիայի լաբորատորիա, պատասխանը կստացվի 10 օր հետո: Բայց մինչ այդ՝ հունվարի 21-ին, հայտնի կդառնան Սոչի մեկնող մեր պատվիրակների անունները։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս