ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում

 

Դե, բնականաբար, նման մեքենա ունեցող անձի համար երկիրը երկիր է: Մինչդեռ ՀՀ-ում կան հազարավոր քաղաքացիներ, որոնք ապրում են նախնադարում, եւ նրանց համար փոխադրամիջոցը դեռեւս չորքոտանի կենդանիներն են: Ուդժվար է պատկերացնել, որ այսպես շարունակվելու դեպքում հնարավոր է` մի օր էլ Հայաստանը նրանց համար երկիր դառնա:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

 

 

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե խունկն ինչ բաղադրություն ունի: Որտե՞ղ եւ ի՞նչ պայմաններում են այն պատրաստում:
Արմենուհի Առաքելյան
(24 տարեկան, դաստիարակչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Առաքելյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայ առաքելական եկեղեցում գործածվող խունկը պատրաստվում է Մերձավոր Արեւելքում աճող խնկի ծառի խեժից: Ծառի կենդանի խեժը ենթարկվում է որոշակի բուրումնավետ մշակման, որից հետո եկեղեցում օրհնվելով՝ գործածվում է եկեղեցում խնկարկության համար: Կարելի է տանը խունկ ծխեցնել, սակայն խունկը պետք է գնել եկեղեցուց, գնելիս խնդրել քահանային օրհնել այն:
Օրհնությամբ՝ տեր Շմավոն
քահանա Ղեւոնդյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանից ստացվում է, որ խունկը պարտադիր պետք է գնել եկեղեցուց: Հուսանք` այս նորամուծությունը ժամանակի ընթացքում եկեղեցական բիզնեսի եւս մի ձեւ չի դառնա:

 

ՀԱՐՑ. Ես եւ ամուսինս ապրում ենք միասին, բայց մեր ամուսնությունը գրանցված չէ: Միմյանց նկատմամբ ինչպիսի՞ իրավունքներ եւ պարտականություններ ունեն չգրանցված ամուսնության մեջ գտնվող անձինք:
Տաթեւիկ Սիրադեղյան
(32 տարեկան, նկարչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ եթե գրանցված ամուսնության մեջ գտնվող ամուսինների ամուսնության ընթացքում գույքի նկատմամբ հավասար իրավունքները ծագում են օրենքի ուժով հենց միայն գրանցված ամուսնության փաստի հիման վրա, ապա չգրանցված ամուսնության մեջ գտնվող (փաստացի ամուսնական հարաբերություն) ամուսինները միմյանց հետ գույքային վեճ ունենալիս յուրաքանչյուրը պարտավոր է ապացուցել տվյալ գույքի ձեռքբերմանն իր մասնակցության աստիճանը: Իրավիճակը չի փոխում նաեւ երեխաների առկայությունը. երեխաներն իրենց ծնողների գույքի նկատմամբ ունեն միայն ժառանգության իրավունք, ծնողների կենդանության օրոք ծնողների գույքի նկատմամբ համասեփականատեր չեն դառնում: ՀՀ ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված է. «Երեխան սեփականության իրավունք չունի ծնողների գույքի նկատմամբ, իսկ ծնողները սեփականության իրավունք չունեն երեխայի գույքի նկատմամբ: Համատեղ ապրող երեխաները եւ ծնողները կարող են օգտվել միմյանց գույքը տիրապետելու եւ օգտագործելու իրավունքից փոխադարձ համաձայնությամբ»: Այդ հարցերը կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով:
«Լեգալ էքսպերտ» իրավաբանական
խորհրդատվության գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն դեպքում, ցավալի է, որ մեր օրերում երիտասարդ ամուսիններն առաջնահերթ ուշադրություն են դարձնում ոչ թե բարոյական հիմքերին, այլ ֆինանսական դաշտին:
ՀԱՐՑ. ՀՀ օրենսդրությամբ՝ օտարերկրացիների համար կացության ինչպիսի՞ կարգավիճակներ են սահմանված: Եվ խնդրում եմ ասել, թե այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է ՀՀ ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, ՀՀ տարածքում առավելագույնը ինչ ժամկետում կարող են գտնվել:
Սահակ Մուրադյան
(39 տարեկան, ճարտարապետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ՀՀ-ում օտարերկրացիների համար սահմանվում են կացության հետեւյալ կարգավիճակները.
ա) ժամանակավոր (տրվում է մինչեւ 1 տարի ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ),
բ) մշտական (տրվում է 5 տարի ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ),
գ) հատուկ (տրվում է տասը տարի ժամկետով. կարող է տրվել մեկից ավելի անգամ):
Իսկ այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է ՀՀ ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, ՀՀ տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ:
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ
վիզաների վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով՝ հստակ նշված է օտարերկրացիների համար կացության կարգավիճակներ տրամադրելու կարգը: Բայց, ցավոք, ՀՀ վերադառնալու եւ այստեղ մշտական բնակություն հաստատելու մտադրություն ունեցող քաղաքացիների թիվը զգալիորեն նվազել է:




Լրահոս