Օգոստոսի 6-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ու Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափփին ստորագրել են 3 ոլորտների ֆինանսավորման եւ վարկային համաձայնագրեր:
ՀՀ եւ Համաշխարհային բանկի խումբ հանդիսացող Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրված «Առեւտրի խթանման եւ որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագրով Հայաստանին կտրամադրվի 50մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկ:
Այն կուղղվի արտահանման խթանման, ներդրումների ներգրավման կարողությունների եւ ձեռնարկություններին տրամադրվող որակի կառավարման ծառայությունների հզորացմանը:
ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրվել են նաեւ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը, իսկ ՀԲ խումբ հանդիսացող Միջազգային զարգացման ընկերակցության հետ` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության երկրորդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը: Ծրագրի նպատակն է բարելավել արոտավայրերի եւ անասնապահական համակարգերի արտադրողականությունն ու շարունակական պահպանումը նպատակային համայնքներում, ինչպես նաեւ ավելացնել ընտրված անասնապահական եւ բարձրարժեք ագրոպարենային արժեշղթաների արտադրանքի շուկայահանումը:
Ծրագրի շրջանակում մեր երկրին կտրամադրվի 32.67 մլն դոլար արժողությամբ վարկ, այդ թվում` Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկից` 23մլն դոլար վարկ, Միջազգային զարգացման ընկերակցությունից` 9.67 մլն դոլարին համարժեք 6.26մլն հատուկ փոխառության իրավունքի (SDR) չափով վարկ:
Հայաստանի ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրված «Լրացուցիչ ֆինանսավորում Հայաստանի էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության ծրագրի համար» վարկային համաձայնագրով ՀՀ-ին կտրամադրի 40մլն դոլարի չափով վարկ «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի» շրջանակում: Ծրագրի նպատակն է հզորացնել էլեկտրահաղորդման ցանցի կարողություններն ու հուսալիությունը:
ՀՀ ֆինանսների նախարարության
տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին