Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսումը քիչ հավանական է: Նման տեսակետ այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանը՝ անդրադառնալով շփման գծում ադրբեջանական կողմի վերջին գործողություններին:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը կրկին համոզվեց, որ հայկական բանակը առավել մարտունակ է, քան իրենք ենթադրում էին: «Պատերազմ պետք չէ ոչ մի գերտերության, գոնե այս պահի դրությամբ: Առանց այդ երկրների համաձայնության՝ Ադրբեջանը չի կարող պատերազմ սկսել»,- նշել է Շիրխանյանը:
Նա հույս է հայտնել, որ Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբում կան գրագետ մարդիկ, ովքեր կարող են ճիշտ հաշվարկներ անել և հասկանալ, որ Բաքուն պարտություն կրելու ավելի մեծ շանսեր ունի, քան հաղթանակ տանելու:
Շիրխանյանի համոզմամբ՝ բանակը հաղթում է այն դեպքում, եթե կա մարտական ոգի, իսկ այն ադրբեջանական բանակում բարձր չէ:
Պաշտպանության նախկին նախարարը նաև հավելեց, թե Ադրբեջանի կողմից խելացի քայլ կլիներ հենց այս պահին խաղաղ համաձայնագիր կնքել: