ԱՎԳՅԱՆ ԱԽՈՌՆԵՐԸ ՄԱՔՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Ինչպես երեւում է, բացահայտ պատերազմ է սկսվել պետական երկու գերատեսչությունների միջեւ. ՀՀ ֆինանսների նախարարությունն ու կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն երեկ միմյանց հասցեին փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել: Առիթը ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման ու վճարման ոլորտում հայտնաբերված չարաշահումներն են: Ֆիննախ. վերահսկողական վարչության պետ Սոնա Ղարիբյանը ՊԵԿ-ին մեղադրել է այս եւ այլ ոլորտներում խախտումների մեջ, ՊԵԿ-ն էլ, այդ ամենը որակելով ապատեղեկատվություն, հայտարարել է, թե ՊԵԿ բացահայտումները ներկայացվում են ՊԵԿ-ի խախտումներ: Պատասխան հաղորդագրությամբ հանդես է եկել ֆիննախ.-ը` տեղեկացնելով, որ բոլոր խախտումներն իրենք բացահայտել են ՊԵԿ-ում ստուգումների արդյունքում եւ «ցավով արձանագրել», որ բացահայտված համակարգային խնդրի լուծման փոխարեն ներկայացվել են անտեղի արդարացումներ:
Եթե հաշվի առնենք այն, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի փոխհարաբերությունները, մեղմ ասած, լարված են, ապա պետք է արձանագրել, որ միջգերատեսչական պատերազմն այլ պատճառներ ունի. Տամոժնի Գագոն հարձակվել է վարչապետի սանիկ նախարարի վրա: Հետաքրքիր է, թե ինչով կավարտվի «ռաունդը»:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօր ԱԺ-ում տեղի է ունենալու խորհրդարանական ոչ կոալիցիոն ուժերի` ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչների հերթական հավաքը, որի ժամանակ նրանք քննարկելու են հետագա քայլերն ու համատեղ պայքարի մարտավարությունը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ չորս խմբակցություններն առաջիկայում նախաձեռնությամբ պատրաստվում են հանդես գալ կառավարությանն անվստահություն հայտնելու. բայց դա կանեն ոչ թե փետրվարի 3-ին մեկնարկելիք քառօրյայի ժամանակ, այլ ավելի ուշ: Այս օրերին խմբակցությունների մասնագետներն աշխատում են համապատասխան փաստաթղթի վրա. նրանք ծրագրել են կառավարության անվստահության հիմքում դնել իր իրավասության ներքո գտնվող բոլոր «ոլոլորտներում» գրանցված ձախողումները` արտագաղթի, աղքատության ու գործազրկության աճ, տնտեսության քայքայում, ներդրումների նվազում, գազային համաձայնագրեր եւ այլն:
Քոչարյան-ՀՀԿ գրասենյակային բանավեճի ֆոնին ստվերում մնացած կոմունալ վարձավճարներից դժգոհությունն ընդլայնում է շրջանակը: Բողոքում են նաեւ մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները, որոնց գործունեությունը լրջորեն վտանգվել է գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման արդյունքում: Էջմիածնի պահածոների գործարանի տնօրեն Համլետ Ավագյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն ազդեցություն կունենա ոչ միայն ընկերությունների գործունեության, այլեւ ապրանքատեսակների գների վրա: «Մանչո գրուպ»-ի տնօրեն Վանիկ Մոսոյանի կարծիքով՝ այս թանկացումների պատճառով ընկերությունը կունենա ֆինանսական մեծ, անտեղի կորուստներ եւ նոր դժվարություններ: Իսկ ՀՀ Արարատի մարզի Դարակերտ համայնքի ղեկավար Ղուկաս Սիմոնյանը, որը միաժամանակ զբաղվում է նաեւ ջերմոցային տնտեսությամբ, մեզ հետ զրույցում ափսոսանքով հայտնեց, որ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման պատճառով այս ամիսներին իր ջերմատները չի շահագործում:
2013թ. դեկտեմբերի 27-ին «Ժողովուրդ» օրաթերթի փաստաբան Տիգրան Աթանեսյանը դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարան՝ խնդրելով «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասը եւ 1087.1 հոդվածի երկրորդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի եւ 18-րդ հոդվածի 1-ին մասին հակասող»: Սակայն ՍԴ-ն դիմումը վարույթ չի ընդունել: Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ, իրավաբան Արա Ղազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, խոսելով այս թեմայի մասին, ասաց. «ՍԴ-ն ժամանակին ասել է, որ Ազգային ժողովը պետք է շուտափույթ լսումներ հրավիրի եւ այդ բացն օրենսդրության մեջ վերացնի: Սակայն երկու տարուց ավելի է, ինչ Ազգային ժողովն անտեսում է ՍԴ-ի որոշումը: Մի երկրում, որտեղ ՍԴ-ի որոշումը չի կատարվում, ուրեմն այդ պետությունում առկա է սահմանադրական ճգնաժամ»: Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ այդ հարցն անգամ բարձրացվել է ԱԱԽ-ում. «ՍԴ-ի որոշումը չկատարելն ազգային անվտանգության խնդիր է»: Սակայն մինչ օրս որեւէ տեղաշարժ չկա:
ՀԱԿԱ-ԳԱԶԱՅԻՆ
Թեեւ օդերեւութաբաններն առաջիկա օրերի համար կանխատեսում են ջերմաստիճանի դանդաղ բարձրացում, այդուհանդերձ, արդեն իսկ պարզ է, որ առնվազն հունվարի գազի վարձավճարները լինելու են նույնքան բարձր, որքան եւ դեկտեմբերին: Թե դա ինչ է նշանակում 80 կամ 100 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների կամ էլ թոշակառուների համար, թերեւս պետք չէ մանրամասնել: Արդեն իսկ կանխատեսելի է, որ գազի աննախադեպ բարձր վարձավճարները կործանարար ազդեցություն են ունենալու նաեւ մանր ու միջին բիզնեսի այնպիսի ճյուղերի համար, որոնց արտադրական տեխնոլոգիական գործընթացն էապես կախված է գազի սպառումից: Ամենախոցելին, իհարկե, ջերմոցային տնտեսություններն են, հացի գործարանները, թռչնաբուծարաններն ու կաթնամթերք արտադրող ընկերությունները: Բնականաբար, գազի աստղաբաշխական վարձավճարները հարվածելու են նաեւ մեծ բիզնեսին: Իսկ այդ ամենի արդյունքում ոչ միայն բազմաթիվ ձեռնարկություններ կարող են փակվել` այդպիսով սնանկացնելով դրանց տերերին, այլեւ տասնյակ, հարյուրավոր ընտանիքներ կարող են համալրել գործազուրկների օրեցօր ստվարացող բանակը:
Սակայն, գազի սակագնի բարձրացումից ու եղանակային աննախադեպ ցուրտ պայմաններից բացի, այսօր գազ սպառող գրեթե յուրաքանչյուր քաղաքացու կամ ձեռնարկատիրոջ մտահոգում է այն իրողությունը, որ «Գազպրոմ-Արմենիա»-ի մատակարարած գազը չի ջերմացնում: Անորակ գազի հետ կապված բողոքները նոր չեն, դրանք անցած տարիներին ժամանակ առ ժամանակ հնչել են: Վերջին հիշարժան բարձրաձայնումը տարեվերջին էր ԱԺ-ում, երբ պատգամավոր Լյովա Խաչատրյանի օրիգինալ հարցադրմանը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանեց նույնքան օրիգինալ` այդ կերպ նաեւ խուսափելով հարցին ըստ էության անդրադառնալուց: Այդուհանդերձ, նա հայտարարեց, թե տեխնոլոգիապես հնարավոր չէ գազին օդ խառնել, քանի որ դա անխուսափելիորեն կհանգեցնի պայթյունի:
Երեկ, սակայն, «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Վահան Մարտիրոսյանը բավականին ուշագրավ բացահայտումներ է ներկայացրել yerkir.am-ին: Նա հայտարարել է, թե ֆիզիկայի բնագավառի փորձագետների պնդմամբ` միանգամայն հնարավոր է «գազի հետ ուրիշ բան» խառնել: Ավելին, Մարտիրոսյանի տեղեկություններով՝ անցած մայիսին «Հայռուսգազարդ»-ը կես միլիոն դոլարով ձեռք է բերել հատուկ օդամուղ սարք, որի միջոցով էլ «բարձր որակի» գազ է մատակարարում:
Թե որքանով է այս տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը, դժվար է ասել: Սակայն կարծում ենք, որ սա այն հարցն է, որին առնվազն ԱԺ ոչ իշխանական ուժերը պետք է հետամուտ լինեն` ընդհուպ ԱԺ-ում հատուկ հանձնաժողով ստեղծելով: